Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր. «Նախկինում 5-ից 3-ը դժգոհել է խորհրդարանից»

Հուլիս 03,2020 14:34

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավար Էլլա Կարագուլյանը «Հոդված 3» ակումբի ՝ «Ինստիտուտների նկատմամբ վստահությունը Հայաստանում» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց, որ ի տարբերություն նախկինի, այժմ խորհրդարանի եւ մի շարք այլ ինստիտուտների հանդեպ վստահության աճ է գրանցվել:

Կենտրոնի հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանում ինստիտուտներից հանրային վստահության ամենամեծ պաշարն ունի բանակը՝ 88 տոկոս: Բանակից հետո հայաստանցիներն ամենաշատը վստահում են եկեղեցուն՝ 80 տոկոս: Հանրային վստահության աստիճանակարգում երրորդ տեղում ՀՀ նախագահն է՝ 78 տոկոս վստահության պաշարով:

Ըստ նույն աղբյուրի, չորրորդ հորիզոնականում կառավարությունն է (վարչապետ, նախարարներ)՝ 71 տոկոս: Վստահության սանդղակի հինգերորդ ու վեցերորդ տեղերում նույն ցուցանիշով հայտնվել են ոստիկանությունն ու կրթական համակարգը՝ 51-ական տոկոս:

Մարդու իրավունքների պաշտպանին ու խորհրդարանին, համաձայն հարցման, վստահում է հարցվածների 39 տոկոսը: Բանկերին վստահում է հայաստանցիների 34 տոկոսը: Լրատվամիջոցներին միայն 29 տոկոսն է վստահում: ՀԿ-ների նկատմամբ վստահությունը 26 տոկոս է: Դատական համակարգին վստահում է հարցվածների միայն 22 տոկոսը, կուսակցությունների նկատմամբ ընդհանուր վստահությունը 20 տոկոս է:

Փորձագետ, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը նշեց, որ տվյալների ժամանակագրական շարքը նայելով՝ պարզ է դառնում, որ հեղափոխությունից հետո պետության հետ առնչվող ինստիտուտների հանդեպ վստահության աճ է գրանցվել, ինչն ավելի շատ կապված է ոչ թե ինստիտուտների, այլ այն անձանց հետ, որոնք ղեկավարում են այդ ինստիտուտները: Նրա խոսքերով, 2018-ի իրադարձություններում առկա էր որոշակի վստահության ճգնաժամ, որն էլ հենց հանգեցրել էր քաղաքական գործընթացներին:

«Նկատում ենք, որ մեդիա նկատմամբ վստահությունը աճել է, բայց երբ նայում ենք բացվածքը, տեսնում ենք, որ մեդիա ասելով մեզանում հիմնականում հասկանում են հեռուստատեսությունը, ինչը կարող է պայմանավորված լինել Հանրային հեռուստատեսության վերակերպարավորմամբ»,-ասաց փորձագետը:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ վստահության աճի ֆոնի բարձրացում կա, կառավարության առումով, վստահությունը էապես է փոխվել նախկինի համեմատ. «Այն հարցը, թե կառավարության վստահության տոկոսում ինչքան է վարչապետի նկատմամբ վստահությունը, կարելի է գնահատել ԱԺ-ի նկատմամբ վստահությամբ»:

Հրանտ Միքայելյանի խոսքերով, դաշտի հետ կապված պետք է հաշվի առնել դժվարությունները, քանի որ վերջին տարիներին շատերը մերժում են մասնակցությունը նման հետազոտություններին: «Ընտրություններից առաջ միշտ իշխող թիմի նկատմամբ ունենում ենք ավելի բարձր վստահության տոկոս»,-փաստեց նա:

ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ առաջին անգամ է, որ խորհրդարանի նկատմամբ վստահությունն ավելի բարձր է, քան անվստահությունը, նախկինում 5-ից 3-ը դժգոհել է խորհրդարանից. «Խոսքը մի ինստիտուտի մասին է, որը միշտ չէ, որ վստահությամբ է աչքի ընկնում, այնտեղ բանավեճը միշտ չէ, որ բովանդակային է, մեդիայի շնորհիվ խորհրդարանում եղած բացթողումներն էլ ավելի են խոշորանում: 2018 թ հեղափոխության ազդեցությամբ ինստիտուտների նկատմամբ վստահությունն ավելացել է, ընդ որում, խոսքը ոչ միայն հասարակական, այլեւ քաղաքական ինստիտուտների մասին է»:

Պատգամավորի խոսքով, այժմ ակնհայտ տարբերություն կա սեփական երկրի նկատմամբ վստահության եւ երկրի՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու հետ կապված; Նա փաստեց, որ հարցվածների ընդամենը 2 տոկոսն է ասել, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, մինչդեռ Վրաստանում այդ տոկոսը 15 է: Ըստ նրա, Հայաստանում 63 տոկոսն ասում է, որ ժողովրդավարությունը նախընտրելի կառավարման ձեւ է, մինչդեռ նույն հարցին Վրաստանում 49 տոկոսն է այդպես պատասխանել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031