Լրահոս
Օրվա լրահոսը

«Սենսացիոն փաստ եմ ասում. ՀՔԾ-ն հաստատում է, որ կորոնավիրուսով առաջին վարակակրի հանգամանքը թաքցվել է». Ղազինյան

Հուլիս 03,2020 13:33

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հունիսի 12-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման փաստով, սակայն ՀՔԾ-ն պատասխան որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցելը: «Հաղորդումը հիմնավոր էր ներկայացված՝ փաստերով, որ հանրությունից թաքցվել եւ աղավաղվել է առողջության համար վտանգավոր տեղեկատվությունը՝ այն տրամադրելու պարտավորություն ունեցող ոլորտների կողմից, եւ սա հանգեցրել է մահերի եւ ծանր հետեւանքների»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման մեջ հետաքրքրական է այն փաստը, որ քննիչը սահմանափակվել է միայն առողջապահության փոխնախարարից բացատրություն վերցնելով. «Այդ սուբյեկտն ինքն էլ հանցակից եւ պատասխանատու է՝ թաքցված տեղեկատվության համար: Քննիչը պետք է բացատրություններ վերցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենից եւ մնացած սուբյեկտներից, որոնք այս ընթացքում տեղեկություն են տրամադրել կորոնավիրուսի տարածման եւ դրա վտանգավորության մասին, սակայն այս ամենը տեղի չի ունեցել, քննիչը խուսափել է դա անելուց: Նա նաեւ չի համադրել տեղեկատվության աղբյուրի՝ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության»՝ փետրվարից սկսած տրամադրած տեղեկատվությունը՝ Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Թորոսյանի կողմից տրամադրված տեղեկատվության հետ, որպեսզի գտներ եւ բացահայտեր սխալները, խեղաթյուրումները»:

Ղազինյանի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցելը մերժելու որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը գտնում է, այսինքն՝ հաստատված հանգամանք է համարում հետեւյալը.

-նախարարության գործողությունների բնույթը կախված է եղել համավարակի տարածման տեմպերից եւ միջոցառումներ են իրականացվել՝ ըստ իրավիճակի:

Սա, ըստ Արթուր Ղազինյանի, նշանակում է՝ ՔՀԾ-ն հաստատված է համարում այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը, որպես առողջապահական քաղաքականության մշակողի լիազորություն ունեցող մարմին, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն՝ գործել է ըստ իրավիճակի եւ միջոցառումների շրջանակը որոշել է ըստ վարակակիրների թվի: «Վիրուսի ներթափանցումը եւ ՀՀ-ում տարածվելը կանխարգելելու քայլեր չեն ձեռնարկվել, ինչը հաստատել է քննիչը՝ իր որոշման մեջ»,-համոզմունք հայտնեց Արթուր Ղազինյանը:

Որոշման մեջ նաեւ գրված է, որ.

-Առողջապահության նախարարի եւ ոլորտի այլ պատասխանատուների հայտարարությունները չեն հակասել «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» պաշտոնական խորհրդատվական բնույթ կրող դիրքորոշմանը:

Արթուր Ղազինյանը սա հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Կազմակերպության ամեն օրվա տրամադրած տեղեկատվությունը կարելի է համադրել Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարարի եւ այլ պաշտոնյաների հայտարարությունների հետ: Քննիչը պետք է ուսումնասիրեր, թե երբեւէ ԱՀԿ-ն որեւէ առիթով օգտագործե՞լ է «սա սովորական գրիպ է»/«սա վտանգավոր չէ» արտահայտությունները, ասե՞լ է, որ «կորոնավիրուսի մահաբերությունը համարժեք է սովորական գրիպի մահաբերությանը»…:

Ապա Արթուր Ղազինյանը նշեց, որ սենսացիոն բացահայտում համարվող փաստ է ներկայացնում. «Քննիչը որոշման մեջ գրել է՝ ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքից անցել է ավելի քան 5 ամիս: Այսինքն, նախաքննական մարմինը հաստատված է համարում, որ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն արձանագրվել է հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին: Մեկ ամիս առաջ «Նորքի» ինֆեկցիոնի տնօրենն իր ճեպազրույցում ասաց՝ «փետրվարից հետո» եւ «չորս ամիս» արտահայտությունները: Փաշինյանն այդ ճեպազրույցի ժամանակ հերքեց դա: Մհեր Դավիդյանցը եւ ՀՔԾ-ն ազնիվ են եղել մեր քաղաքացիների հանդեպ՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Թորոսյանի: Ենթադրում եմ, որ ՀՔԾ-ն կհայտարարի, որ իր գրած «5 ամիսը» եղել է վրիպակ, անփութություն: Հավաստիացնում եմ, որ քննիչը պրոֆեսիոնալ իրավաբան է, իսկ «հինգը» գրված է թվերով: ՔՀԾ-ն եւ Մհեր Դավիդյանցը հաստատում են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի հանգամանքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031