Երեւանում հաշված մարդկանց կարելի է տեսնել փողոցներում գումար խնդրելիս: Այստեղ մուրացկանությամբ զբաղվող կոնկրետ մի քանի հոգի կա, որ միշտ կարելի է հանդիպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: Նրանցից ոմանց հնարավոր է անգամ ձայնից ու մշտապես կրկնվող արտահայտություններից ճանաչել: Այս մարդիկ այստեղ են տարվա գրեթե բոլոր եղանակներին՝ անկախ իրավիճակից, անկախ քաղաքական զարգացումներից, անկախ առողջ կամ հիվանդ լինելուց:
Աշոտին երեւի շատերը կիմանան: Իր աչքի ընկնող արտաքինի ու ձայնի պատճառով նա հայտնի է շատերին:
«Ճիշտ է, ես էլի շարունակում եմ մարդկանց ասել՝ մի՛ արհամարհեք ու անցեք, բայց այսօր մի հստակ բան է փոխվել՝ քֆուր տվող անցնողին, վիրավորողին ես այլեւս չեմ հակադարձում: Մարդիկ կան, որ չեն էլ օգնում, բայց նայում, լուռ անցնում են, մարդիկ էլ կան՝ կարծես դույլի մեջ լիքը լցված ու կողքերից թափվող մազութ լինեն, որ պարտադիր պիտի իրենց չարությունը թափեն»,- ասում է Աշոտը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մի ընթացք ստիպված տանն է մնացել, ասում է՝ մի քիչ խնայած գումար ուներ, բայց որոշ ժամանակ այդ գումարով ապրելուց հետո հասկացել է, որ այլեւս անհնար է. դուրս է եկել փողոց:
Կարդացեք նաև
Աշոտը որոշակիորեն պահպանում է պարետատան սահմանած կանոնները նաեւ այսօր: Նա սեւ, սովորական կտորից դիմակով էր, որը մետաղալարերով ամրացրել ու հարմարեցրել էր դեմքին, այտերի կողմից մի փոքր տարածություն էր թողել, որպեսզի լավ շնչի: Քայլում էր, ինչպես միշտ՝ ձեռնափայտերով, դիմակը՝ դեմքին, ճակատին՝ ամբողջությամբ քրտինքի կաթիլներ: «Ես դիմակ կրելու այլընտրանքային լուծում եմ գտել, սրտանոթային խնդիր ունեմ, այս ձեւն եմ ընտրել, որ կարողանամ շնչել: Իրականում ինձ սա էլ ընդհանրապես հարմար չէ, բայց ի՜նչ անեմ, դուրս եկա, որ մի քիչ գումար հավաքեմ»,- ասում է նա ու դողացող մարմինը ձեռնափայտերի օգնությամբ առաջ հրում:
Հարցնում ենք՝ չի՞ վախենում, որ այդ մետաղալարերով ամրացված դիմակն իրեն չի պաշտպանում, ասում է. «Եթե մարդուն մահապատժի են դատապարտել, ի՜նչ տարբերություն՝ կո՞ւշտ մեռնի, թե՞ սոված, ժամը եկավ՝ պիտի մեռնի: Իմ պարագայում, եթե ես այս դիմակը կիպ դրած մնամ, կմեռնեմ՝ շնչահեղձ լինելով, որովհետեւ աստմա ունեմ: Ինչ եք կարծում, ես դիմակով շնչահեղձ լինելո՞ւց արագ կմեռնեմ, թե՞ վիրուսից: Է՜հ, ինքս էլ չեմ կարող ասել»:
Աշոտը երկար ընդմիջումից հետո փողոց է դուրս եկել՝ ակնկալիքով, որ բավականաչափ գումար տուն կտանի եւ հարկ եղած դեպքում մի քանի օր դուրս չի գա: Ասում է՝ նախքան համավարակն ու պարետի սահմանած արգելքները իր կյանքում շատ օրեր են եղել, երբ ընդհանրապես չի կարողացել դուրս գալ:
«Հայաստանում մեծ մասը թքած ունի մեկը մյուսի վրա: 8 տարի է՝ ծառայում եմ եկեղեցուն, լավ, վատ՝ ծառայում եմ, ծառեր եմ խնամում, այդ ծառերին չեմ կարող թողնել, չեմ կարող թքած ունենաալ դրանց վրա»,- ասում է նա ու շարունակում քայլել՝ կրկնելով. «Մի բանով օգնեիք»:
Աղունիկ Հովհաննիսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: