ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ:
Նախագահ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել անվանի մտավորականին, որտեղ մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ պարոն Դավոյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Դուք այն երջանիկ գրողներից եք, ով կենդանության օրոք լիուլի զգացել ու վայելում է իր նկատմամբ բազմահազար ընթերցողների սերն ու գնահատանքը, ում ճանաչում և հաճույքով ընթերցում են նաև Հայաստանի սահմաններից դուրս` շնորհիվ աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված ստեղծագործությունների:
Կարդացեք նաև
Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք նաև ես և իմ ընտանիքը:
Անկեղծորեն ուրախ եմ, որ Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները գնահատվել են նաև պետականորեն` ինչպես Խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության ժամանակաշրջանում:
Լինելով ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից և հայ գրականության կենդանի լեգենդներից մեկը` դուք կամրջում եք երկու դարաշրջան, կրում Ձեր մեջ ժամանակի հիշողությունները, տագնապներն ու հույսերը, հիասթափություններն ու հուսավառությունները, մաքառումները, երազանքները, երբեմն էլ` իրականության դառնությունը:
Դժվար է գերագնահատել Ձեր ստեղծագործությունների ազդեցության ուժը, որ ուղղակիորեն բխում է «կենսական էներգիայի փոխանցման» Ձեր կենսափիլիսոփայությունից:
Առանձին գնահատանքի է արժանի Հայաստանի անկախացումից հետո Ձեր անսահման նվիրվածությունը Հայոց բանակին. «Ներքին համոզմունք ունեմ, որ պետք եմ սահմանին կանգնած տղաներին»,- մի առիթով ասել եք Դուք, և ես շատ առիթներ եմ ունեցել տեսնելու Ձեզ մեր զինվորների կողքին` մտավորականի Ձեր ազնիվ ու շիտակ կեցվածքով:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, արևշատություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր նվաճումներ»: