Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայունացման պրոցես է ընթանում այն առումով, որ թվերի կտրուկ մեծացում չունենք». Արարատ Մկրտչյան. «Ժամանակ»

Հուլիս 03,2020 11:37

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է արտադրել այնքան կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որքան կբավարարի Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ մոտ 2000-2500 թեստ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը ծանոթ չէ թեստերի արտադրական պրոցեսին, բայց վստահում է առողջապահական ոլորտի ղեկավարի, վարչապետի հայտարարություններին, որ այդ թեստերը բավական արդյունավետ գործում են, ու պատասխանները հավաստի են։

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված, Արարատ Մկրտչյանը գտնում է՝ այն, ինչ պետք է իրականացվեր իրավիճակի կարգավորման ուղղությամբ, արվում է։ «Մենք, կարծես, երկու շաբաթ է գտնվում ենք հետազոտությունների, թեստավորման 30 տոկոսի միջակայքում։ Այսինքն՝ 30 տոկոս հայտնաբերվում են վարակակիրները։ Իմ կարծիքով՝ կայունացման պրոցես է ընթանում այն առումով, որ թվերի կտրուկ մեծացում չունենք։

Սա ես կանվանեի կայունացման ժամանակաշրջան։ Այստեղ ինձ ավելի շատ մտահոգում են մահերը»,- ասաց ոլորտի նախկին պատասխանատուն։

Ըստ Մկրտչյանի, եթե մենք կարողանանք կանխարգելել մահերը, հատկապես երիտասարդ տարիքի, ապա այս պրոցեսը կգնա աստիճանաբար մարման։ «Բոլոր երկրներն էլ դրա միջով անցել են։ Հիմա Եվրոպան բացվում է ամբողջ աշխարհի առաջ՝ ընտրողաբար, իհարկե։ Հրաշքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան մայրցամաքում խնդիրը կա, որովհետև տարածքները մեծ են։ ԱՄՆ-ում նահանգները սկսեցին զանգվածաբար փակվել, հետո աստիճանաբար բացվել, որոշ տեղերում կտրուկ բացվեցին, դրա համար հիմա ԱՄՆ-ում հիվանդացության ու մահացության մեծ թիվ կա։ Համաշխարհային միտքը այլ բան չի առաջարկում, որ, ասենք, Հայաստանն ինչո՞ւ չի կիրառում դա։ Ավելի լավ բան, քան անհատական կանխարգելման միջոցների կիրառումը, գիտական միտքը չի առաջարկում։ Եթե հայտնագործություն լիներ ու դրա շնորհիվ որևէ երկրում անեին ու հաղթահարեին համաճարակը, կասեինք՝ ինչո՞ւ Հայաստանում չի կիրառվում դա»,- նշեց առողջապահության նախկին նախարարը։

Մկրտչյանը չի կարծում, թե օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսների դեմ արդյունավետ պայքար կարելի է տանել պատվաստանյութերի ստեղծմամբ։ Ոլորտի մասնագետը խորհուրդ է տալիս հրաշքների չսպասել։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031