Ի սկզբանե կցանկանայի հստակեցնել, որ իմ վերլուծությունն ու մտքերը հիմնված են բացառապես սկզբունքների պաշտպանության վրա և կապ չունեն կողմնակալ շահերի հետ։ Այս մոտեցումն ինձ մղել է որդեգրելու անձնական հրապարակային դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ 2015թ. սահմանադրական հանրաքվեի դեմ, որով Սերժ Սարգսյանը հավակնում էր իր նախագահական պաշտոնավարության ժամկետն ավարտելուց հետո, 2018թ. սկզբից զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
2018թ. ապրիլին խաղաղ ցույցերին աջակցելու նպատակով ես միջազգային հանրագիր եմ հրապարակել և դրվատանքով եմ արտահայտվել այն ռազմավարության վերաբերյալ, որն այդ ժամանակ խորհրդարանի պատգամավոր, վարչակարգի վաղեմի ընդգծված ընդդիմախոս Նիկոլ Փաշինյանին հնարավորություն ընձեռեց գալու իշխանության:
Շատ չանցած (2018թ. օգոստոսի կեսերին) ես տագնապ բարձրացրեցի նոր վարչապետի կողմից օգտագործված ոչ պատշաճ հեղափոխական գործելաոճի վերաբերյալ, որը զուգակցվում էր իշխանատիրական և պառակտիչ հռետորաբանությամբ, որը շաղկապված էր իրավունքի գերակայության վիճարկման հետ: Այդ ժամանակից ի վեր, ես պարբերաբար դատապարտել եմ իրավունքի գերակայության և սահմանադրության դեմ բազմիցս կրկնվող հարձակումները։ Հանուն այդ սկզբունքների է, որ ես կարծում եմ, որ Փաշինյանի պատմության էջը պետք է փակվի։
Վարչապետի վարած ատելության և պառակտման քաղաքականությունը այն քաղաքականությունն է, որը փոքր երկիրը չի կարող իրեն թույլ տալ օբյեկտիվ պատճառներով, ներառյալ միջսերնդային հակամարտության բռնկումը: Այնուամենայնիվ, նա շարունակում է անկախության ձեռքբերումից ի վեր ստեղծված ավանդական ժողովրդավարական ինստիտուտների ոչնչացման գործընթացը։ Կոռուպցիայի դեմ պայքարը ձեռնտու էր 2018թ. դեկտեմբերի ընտրությունների պարագայում:
Կարդացեք նաև
Դա կարող էր հիմք ծառայել թափանցիկ և հրապարակային քննություն անցկացնելու համար՝ ստեղծելով կառավարության նախկին անդամների անարդար հարստացման հարցերով զբաղվող ճշմարտության հաստատման հանձնաժողով: Փաշինյանն, ընդհակառակը, դա արեց շորթման կամ ավելի վատ՝ շանտաժի միջոց, որպեսզի լռեցնի ցանկացած քաղաքական ընդդիմախոսություն։ Ամեն դեպքում, դա հանգեցրեց բռնատիրական միտումների:
Փաշինյանը դարձել է իր անձնական սևեռուն գաղափարների պատանդը և ենթակա չէ որևէ վերահսկողության, քանի որ անտեսում է սահմանադրական բոլոր երաշխիքները։ Նա կենտրոնացրել է ողջ իշխանությունը և լռեցրել ընդդիմախոս ձայները։ Առանց հակակշիռների և զսպումների համակարգի իշխանության դիրքը մարդուն դարձնում է կույր, խուլ և ամբարտավան: Դա վտանգավոր դրության է հանգեցնում ոչ միայն Հայաստանին, այլև ընդհանրապես հայությանը։
Հայաստանում իրավունքի գերակայության և նրա ինստիտուտների դեմ արշավը համեմատելի է Լեհաստանի իրադարձությունների հետ։ Մայիսի 25-ին Եվրոպական խորհրդարանը հրապարակել է միջանկյալ զեկույցի նախագիծը, որով դատապարտվում է իրավունքի գերակայության աննախադեպ խախտումները Եվրամիության այդ երկրում: Զեկույցում դատապարտվում է Լեհաստանի խորհրդարանի կողմից Սահմանադրական վերահսկողության լիազորությունների յուրացումը, արագացված օրենսդրական ընթացակարգերի օգտագործումը և դատական համակարգի նկատմամբ գործադիր իշխանության լիակատար վերահսկողությունը: Լեհաստանի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին ղեկավարում է մեծամասնության կուսակցությունը խորհրդարանում: Նա կառավարության թիկունքում կանգնած իրական իշխանությունն է և վերահսկում է Ազգային ժողովը, արդարադատության բոլոր ատյանները և լրատվամիջոցները։
Քաղաքական փոփոխությունները հայկական ժողովրդավարության աստիճանական զարգացումն ապահովելու միակ միջոցն են։ Սակայն վարչապետը չի ձգտում դրան և անում է ամեն ինչ, որպեսզի «ժողովրդի» անունից ոչնչացնի ցանկացած քաղաքական ընդդիմություն՝ դրա մանդատը չունենալով հանդերձ: Իմ նախորդ հոդվածում ես կոչ արեցի ազգային համաձայնության պակտի, որը հիմնավորվում էր մեր առջև ծառացած տնտեսական և ազգային անվտանգության ոլորտի սպառնալիքների առկայությամբ։ Վարչապետի համար ոչինչ նշանակություն չունեցավ։ Նա անցել է կարմիր գիծը, ինչպես և Սարգսյանը, երբ սահմանադրական բարեփոխումից հետո առաջադրվել էր վարչապետի պաշտոնում ՝ չնայած հակառակ ազդակներին։ Դրա համար էլ Փաշինյանի պատմության այս էջը պետք է փակվի։
Անօրինականությամբ և անպատասխանատվությամբ կառավարումը
Հայաստանում քաղաքական և սոցիալական իրավիճակը սոսկալի է։ Նրա ղեկավարը երկիրն այնպես է պառակտել, որ նախկինում երբևէ չի եղել: Իրավունքի գերակայությունը այլևս գոյություն չունի, փաստացի միակուսակցական խորհրդարանական վարչակարգը (քանի որ այն վերահսկում է ձայների 2/3-ի մեծամասնությունը) ընդունում է հակասահմանադրական օրենքներ, որպեսզի հսկողության տակ վերցնի իրավունքի գերակայությունը երաշխավորող վերջին ինստիտուցիոնալ իշխանությունը’ դատական համակարգը, թեև չի եղել որևէ իրավիճակ, որը ցույց տար, թե դատավորները չարաշահել են իրենց պարտականությունները կամ խոչընդոտել են դատական բարեփոխումներին:
Հաջորդ թիրախը լինելու են լրատվամիջոցները։ Ինչպես նշել էի իմ նախորդ հոդվածում, արտակարգ դրության մասին օրենքը ստեղծել է տեղեկատվության ազատության պաշտոնական այնպիսի սահմանափակումներ, որոնք սազական են բոլշևիզմի լավագույն ժամանակներին։ Չնայած օրենքը դեռևս չի կիրարկվել, այնուհանդերձ, վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից լրագրողներին իրենց մոտ բերելը, և այդ օրենքն ի վերջո կիրարկելու պաշտոնական սպառնալիքը կրկին ցուցադրում են լարվածության նշաններ, որոնք արտացոլում են գործադիր իշխանության նյարդայնությունը:
Հայաստանի կառավարությունն այս իրավիճակը կանխատեսել էր թագավարակի ճգնաժամի դեռևս սկզբից՝ կառավարությունը 2020թ. մատի 20-ին միջազգային հաստատություններին ներկայացրել է հայտարարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով համապատասխանորեն սահմանված իրավունքներից ու ազատություններից նահանջելու մասին: Այս վերապահումը պարբերաբար թարմացվում է ամեն ամիս՝ Հայաստանի խնդրանքով: Հայաստանը Եվրոպայի խորհրդի 47 անդամներից միակ երկիրն է, որը համարձակվել է չեղարկել լրատվամիջոցների ազատությունը։
Առավել վատն այն է, որ գործադիր իշխանությունը չի կատարում իր պարտականությունները։ Համավարակն անվերահսկելի առաջընթաց է ապրում ամբողջ երկրում, մինչդեռ կառավարությունը չի անդրադառնում գլխավոր դերակատար, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և նրա հակաճգնաժամային կառավարման ռազմավարությանը։ Փոխարենը մեղքը բարդվում է «ժողովրդի», քաղաքական ընդդիմության և կառավարության ընդդիմախոսների կողմից աջակցություն ստացող լրատվամիջոցների վրա:
Բացի այդ մեղադրանքի անհեթեթությունից (իբր ընդդիմախոսներն ավելի քիչ են մտահոգ իրենց հարազատների համար), որպես արդարացման պատճառաբանություն է բերվում «ժողովրդի» պահվածքը։
Վերջինիս կարծիքը պետք է օգտագործվեր հանրաքվեում՝ սահմանադրական փոփոխություններ ընդունելու համար, բայց ի վերջո վարչապետը, ով շարունակում է ժողովրդի անունից հայտարարել իր լեգիտիմության մասին, կարծես թե բավարար վստահություն չունի ժողովրդի լոյալության հանդեպ, որպեսզի անցկացնի այդ հանրաքվեն։ Արդարացման պատճառաբանությունը համավարակն է: Պատասխանատվությունը ստանձնելու այդ վախի ապացույցներից մեկը Ամուլսարի ոսկու հանքի օրինակն է՝ իրավիճակը մշտապես անորոշ վիճակում է մնում ինչպես շրջակա միջավայրի պաշտպանների, այնպես էլ ներդրողների համար:
Ղարաբաղյան (Արցախյան) բանակցությունների կարգավորման համար նոր շրջանակներ պարտադրելու անկարողությունը, այն դեպքում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ դիվանագիտական Ճնշումներն ավելի ու ավելի համառ են դառնում, չեն քողարկվում ինքնասպասարկող բնույթի հայտարարություններով։ Արդարացումն այս անգամ ավելի հեշտ է գտնվել՝ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Փաշինյանն ուղղակիորեն կոչ է անում Ադրբեջանի «ժողովրդին» դատապարտել Ալիևին։
Վարչապետ Փաշինյանի մոտեցումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սահմանադրական դատարանի «չեզոքացման» հարցում ցուցադրում է, թե որքան քիչ ընդհանրություն ունի նրա կառավարման ձևը օրինականության հետ։ Խորհրդատվական եզրակացություններ ստանալու խնդրանքով Հայաստանից դիմումներ են ուղղվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (կառավարության կողմից մեղսագրվող սահմանադրական կարգի բռնի տապալման փորձի համար Քոչարյանին դատապարտելուն ուղղված օրենքի ենթադրյալ հետադարձ կիրառման մասին) և Վենետիկի հանձնաժողովին (Սահմանադրական դատարանի որոշ դատավորների մանդատի դադարեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների օրինականության մասին)։ Չնայած Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ուժեղ ճնշումներին, այդ խորհրդատվական եզրակացությունները բավարար կերպով հաստատական չեղան այն առումով, որ ակնկալում էր Հայաստանի կառավարությունը, ուստի վերջինս արմատական միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կանխի Հայաստանի դեռևս պաշտոնավարող դատավորների կողմից վերը նշված կարծիքների հիման վրա որոշումներ ձևավորելու հնարավորությունը: Դրանով է բացատրվում իշխանությունների շտապողական ձգտումը, որ խորհրդարանում մեկ կուսակցությունը ընդունի (կառավարող կուսակցությունն ունի դրա համար անհրաժեշտ քվորում) անհապաղ ուժի մեջ մտնող օրենք, որով փոխվում է Սահմանադրական դատարանի կազմը, Հայաստանի նախագահին զրկելով այդ կապակցությամբ օրենքը վավերացնելու իր լիազորություններից և շրջանցելով նշված օրենքի սահմանադրականության նկատմամբ հսկողության հնարավորությունը, ինչպես նաև չպահպանելով համապատասխան դատավորներին ծանուցելու պատշաճ վարչական ընթացակարգը։ Գիտակցելով վերջին սխալը ՝ հունիսի 30-ին խորհրդարանը հապշտապ ընդունեց օրենսդրական նոր փոփոխություններ, բայց այս անգամ ՀՀ նախագահը տեղեկացրեց խորհրդարանի խոսնակին, որ չի ստորագրի ընդունված փոփոխությունները։
Սահմանադրության այս բոլոր աներևակայելի ու բացահայտ խախտումները խորացնում են ճգնաժամը և ցույց տալիս գործադիր վերնախավի ապաշնորհությունը։ Սա աներևակայելի նվաստացուցիչ իրավիճակ է Հայաստանի համար օտարերկրյա դիտորդների հետ հարաբերություններում, ինչպես նաև արտաքին քաղաքականության թուլացում է, որտեղ ժողովրդավարությունը Հայաստանի դիվանագիտական դաշտի բաղկացուցիչ մասն է։
Փաշինյանը հասնում է մտախախտման՝ նա այլևս ոչ մեկին չի վստահում, և նրա շփման շրջանակն անշեղորեն նեղանում է։ Մենք ականատես ենք լինում պետական վարչությունների ղեկավարների, նախարարների, բանակի շտաբի սպաների և դեսպանների շրջանում կադրերի անհավանական հոսունության։ Եվ նրա աշխատակազմն էլ չի խնայվում: Ոչ ոք չգիտի, արդյոք այդ բոլոր ղեկավարները հեռացվել են աշխատանքից կոռուպցիայի, թե նախկին իշխող շրջանակների հանդեպ ենթադրյալ համակրանքի պատճառով։ Վստահության շրջանակը գրեթե հանգում է ընտանիքին, և վերջինս ավելի ու ավելի է միջամտում Հայաստանի հանրային կյանքին։
Խորհրդարանական ժողովրդավարություն այլևս գոյություն չունի։ Մեծամասնության կուսակցությունը չի ընդունում որևէ առարկություն, կամ օրինագծերի քննարկում, կամ կառավարության քննադատության, և նրանք ունեն բավարար անդամներ ընդունելու համար իրենց ցանկացած օրենքն առանց ընդդիմադիր փոքրամասնությունների խմբակցությունների մասնակցության: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են խորհրդարանը Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնող օրենքների ընդունման պատճառով, և խորհրդարանը գործադիր իշխանության համար դարձել է նոտարական գրասենյակ:
Առկա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ) լռեցնելու բացահայտ փորձ՝ նախ Գագիկ Ծառուկյանի հետ կապված տնտեսական ղեկավարներից մեկի դեմ քրեական հետապնդման միջոցով, իսկ այնուհետև, նաև հենց Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելով՝ երբ վերջինս համարձակվեց հանդես գալ վարչապետի հրաժարականի պահանջով: Այս գործընթացներում զուգադիպությունները չեն վրիպել որևէ մեկի ուշադրությունից: Քանի որ դա բավարար չէ, վարչապետը սկսեց սպառնալ բոլոր քաղաքական ուժերին, որոնք կարող են գայթակղվել ապագայում վիճարկելու իր իշխանությունը, կամ որոնք քննադատում են առողջապահության ճգնաժամի կառավարման իր քաղաքականությունը:
Հանրապետական կուսակցությունն առաջին թիրախն էր, և ինչն ավելի զարմանալի է՝ ՀՅԴ-ն դարձավ մի հռետորաբանության զոհ, որը տարօրինակորեն հիշեցնում է Լևոն Տեր Պետրոսյանի կողմից 28 տարի առաջ կիրառած հռետորաբանությունը՝ այսինքն` մի ժամանակաշրջանից, որն ավարտված էր համարվում: Դրա հետ մեկտեղ, վարչապետի խոսքը բացահայտում է որոշակի անհետևողականություն՝ մի կողմից, ՀՅԴ-ն ներկայացվում է որպես առոչինչ կազմակերպություն և առանց քաղաքական ապագայի, և պնդում է արվում, որ այն ի վերջո հայտնվելու է պատմության աղբանոցում, իսկ մյուս կողմից, ստացվում է, որ այդ կուսակցությունը բավականին ազդեցիկ է վարչապետի թեժ հարձակումն արդարացնելու համար:
Սփյուռքի դերը
Սփյուռքը կրկին պասիվության մեջ է ընկել։ Նույն մարդիկ, ովքեր երկու տարի առաջ զգուշությամբ էին վերաբերվում Սարգսյանի դեմ խաղաղ ցույցերին աջակցելու գաղափարին, այժմ գտնվում են հակառակ ճամբարում` աչք են փակում Փաշինյանի էքսցեսների վրա։ Եկեք չխոսենք նրանց մասին, ովքեր շատ քաղաքականացված պատկերացում ունեն մարդու իրավունքների և ազատությունների մասին: Մենք նրանց այլևս չենք լսում։ Մյուսները բացահայտորեն արտահայտում են իրենց կողմնակալ վերաբերմունքը, այն է՝ 2008թ. մարտի 1-ի զոհերի համար անհրաժեշտ է, որ պետության գլուխ դատապարտվի և բանտարկվի, իսկ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, ովքեր սպանեցին ոստիկանության երեք սպա, պետք չէ որ դատվեն և ազատազրկվեն:
Սակայն վերլուծության ամենակարևոր տարրն այլ տեղում է: Հայ ժողովուրդը, ինչպես երբեք, ենթարկվում է Թուրքիայի հարձակումներին մի քանի ճակատներում։ Այդ սպառնալիքները լուրջ են, քանի որ Թուրքիան գործում է ազատ, առանց արգելակների։ Նրա նեոօսմանական հավակնությունները, ինչպես և սպասելի էր, հաստատվում են։ Թուրքիան կարողացավ իր կամքը թելադրել ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ Ռուսաստանին՝ նվաստացնելով Եվրոպային ու ՆԱՏՕ-ին։ Այն ռազմական միջամտություն է իրականացնում մի շարք երկրներում ՝ խախտելով միջազգային իրավունքը (տվյալ դեպքում դա այդպիսի միակ երկիրը չէ)։ Նման մոտեցման առաջին զոհերը դարձան քրդերը։
Ինչ վերաբերում է հայերի հանդեպ վերաբերմունքին, ապա Թուրքիայի ռազմավարությունն այստեղ երկակի է։ Նախ, Թուրքիան մտադիր է ակտիվացնել իր պաշտոնական գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավների դեմ՝ իր նկարագրի բարելավման նպատակով։ Վերջերս կատարված հայտարարությունը այդ նպատակի համար նոր գործառնական կառույց ստեղծելու մասին որևէ նոր բան չի ներկայացնում իրենից: Նման կառույցներ գոյություն ունեն 1960-ականներից, հաճախ քողարկված, կամ նույնիսկ գաղտնի ձևերով։ Նորությունն այստեղ կայանում է այդ կառույցի ինստիտուցիոնալացման և դրա գործունեության համար գիտական և իրավական զգալի ռեսուրսների մոբիլիզացման մեջ։
Երկրորդ ճակատը ղարաբաղյանն է։ Ադրբեջանին տրամադրվող թուրքական աջակցությունը ձեռք է բերել նոր երանգ, որը համահունչ է Թուրքիայի ռազմական միջամտությունների քաղաքականությանը և Կենտրոնական Ասիայի թուրք ժողովուրդների հետ քաղաքական միասնության ձգտմանը։ Թուրքիան հստակեցրել է, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ ձեռնարկի իր հավակնած տարածքը վերադարձնելու համար, ապա Թուրքիան կաջակցի նրան։ Թուրքիայի և մահմեդական ֆունդամենտալիզմի որոշ ճյուղերի, այդ թվում ՝ ջիհադիստական որոշ խմբավորումների (ԴԱԻՇ-ի նոր առաջնորդ ազգությամբ թուրքմեն է) ապացուցված կապերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել։
Այժմ անդրադառնանք Հայաստանի ներքին վիճակի հետ կապին: Բոլորի համար էլ հասկանալի է, որ ներքին պառակտումը թուլացնում է Հայաստանի դիվանագիտական և ռազմական պաշտպանությունը։ Այն, ինչ սփյուռքը չի տեսնում կամ հրաժարվում է տեսնել, մասնավորապես, երբ խոսքը նրա հայկական խնդիրներով զբաղվող կառույցների մասին է՝ Ցեղասպանության ճանաչում, ցեղասպանության ժխտման համար պատիժ, Արցախի անկախություն և այլն, դա այն է, որ այս բոլոր ուղղություններով գործողությունները երբեք հաջողությամբ չեն պսակվի, եթե հայկական պետությունն ու նրա դիվանագիտությունը չգործեն Սփյուռքի հետ միասնաբար և համատեղ: Այսօր այդ գիտակցությունը և ըմբռնումը դեռևս իրականություն չեն դարձել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ սփյուռքում։ Հայկական հարցի ասպարեզում հայկական պետության կողմից ընդունված գործունեության շրջանակը սահմանափակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցող դիվանագիտական քայլերով: Դա չի վերաբերում հատկապես Փաշինյանին, բայց նրա իշխանության գալով ոչինչ չփոխվեց դեպի լավը:
2010-ական թվականների սկզբից ես հանդես եմ եկել հայկական հարցի վերաբերյալ ռազմավարության արմատական փոփոխության օգտին։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ հայկական հարցի որոշ բաղկացուցիչների, մասնավորապես Հայոց ցեղասպանության համար խմբային հատուցումների և Թուրքիայի ու հայերի միջև վեճերի կարգավորման հարցի լուծումը վերաբերում է բացառապես Հայաստանի Հանրապետությանը։ Այդ խնդիրների լուծումն անհնար է առանց դրանցում հայկական պետության առաջնորդության և ակտիվ մասնակցության: Թուրքիան և նրա կողմնակիցները ակնհայտորեն համաձայն են այդ տեսակետի հետ ։
Ի հեճուկս տարածված կարծիքի՝ սփյուռքը նվազ կարևորություն ունի այդ հարցերի լուծման համար, բայց ավելի օգտակար է հայկական պետության ինստիտուցիոնալ և տնտեսական ամրապնդման համար, մասնավորապես իր ներկայացուցչական կամ լոբբիստական կառույցների միջոցով։ Սփյուռքը եզակի արժեք է, որը շատ քիչ պետություններ ունեն։ Մի բան հաստատ է՝ այդ երկու միավորների ճակատագիրը փոխկապակցված է:
Այդ իսկ պատճառով առաջնային եմ համարում ներքաղաքական ճգնաժամի լուծումը և պետության համախմբումը համահայկական քաղաքական օրակարգի շուրջ։ Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի նվազում է վնասի փոխհատուցման հասնելու հավանականությունը։ Երկու տարվա ընթացքում Սփյուռքի հետ որևէ քննարկում չի եղել այս բոլոր ռազմավարական հարցերի շուրջ, և մենք պետք է դրանից հետևություն անենք, որ չկա այդ հարցերի նկատմամբ հետաքրքրություն։ Միակ քարոզչությունը կապված է Սփյուռքի կողմից Հայաստանին տնտեսական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոչի հետ, բայց առանց քաղաքական հարցերի որևէ փոխհամաձայնեցման։ Սա հին ժամանակների հետադիմական քաղաքականություն է։
Վերջերս, ֆրանսահայ համացանցային մի պարբերականում հրապարակված խմբագրական հոդվածը հարց է տալիս, թե արդյոք Սփյուռքը պե՞տք է միջամտի Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին: Դատողությունների կողմնակալությունն ապացուցեց, որ ի վիճակի չլինելով հարցն ըմբռնել իր խորությամբ, ամեն ինչը հանգեցվում է սոսկ Փաշինյանի օգտին կամ նրա դեմ խոսող ձայները կանխելուն։ Մինչդեռ նույն լրատվամիջոցի ավելի վաղ հրապարակված առաջնորդողն աներկբայորեն հանդես էր գալիս հեղափոխության իրականացման օգտին։
Հաշվի առնելով Հայաստանի և սփյուռքի փոխկապակցված ճակատագիրը, մենք պետք է աջակցենք Հայաստանում իրավունքի գերակայության հաստատմանը, անկախ նրանից, թե ով կամ որ կուսակցությունն է իշխանության ղեկին, քանի որ Հայկական հարցին առնչվող հիմնական անելիքների իրագործումը կախված է հայկական պետության կամքից և քաղաքականությունից։ Ես առաջարկում եմ Սփյուռքին որոշակի պարտականություններ ստանձնել Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու հարցում, որպեսզի վերջ դրվի այս ինքնակործան վիճակին, որը միաժամանակ կաթվածահար է անում նաև համահայկական գործերը։
Րաֆֆի ԳԱԼՖԱՅԱՆ
«Արմենիան միրոր սփեքթեյթոր», 1 հուլիսի 2020թ.
դաշնակ ես.?………..