Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարանոյան՝ իր բազմազանության մեջ

Հուլիս 03,2020 10:00

Չգիտեմ, թե ինչպես է վիճակն այլ երկրներում, բայց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում պարանոյայի հասնող կասկածամտությունը լայնորեն տարածված երևույթ է: Ցանկացած ոչ հաճո երեւույթների տակ հակադիր ճամբարների ներկայացուցիչներն ու քաղաքականացված զանգվածը տեսնում են ինչ-որ մեկի ականջները՝ «ծախված է», «ուրիշի հրահանգներ է կատարում»: Ընդ որում, այդ կասկածամտությունը տարածվում է թե տեղական եւ թե միջազգային մասշտաբի երեւույթների վրա: Ասենք, երբ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ-ն ցրելու մասին «կիսաքաղցր» եզրակացություն է տալիս, ընդդիմության ներկայացուցիչները վստահություն են հայտնում, որ դա Եվրոպական կառույցների (այսինքն՝ «սորոսականների») դավերի մի մասն է:

Երբ նույն հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն «կիսաթթու» նամակ է գրում Հրայր Թովմասյանի գործի վերաբերյալ, իշխանություն ջատագովներն ասում են՝ «դե, մենք միշտ էլ գիտեինք, որ Բուքիքիոն Սերժ Սարգսյանից կաշառք է վերցնում»:

Նույնը՝ ներքին կյանքում: Ենթադրենք, մարդիկ կան, որոնք դժգոհ են գույքահարկի բարձրացումից: «Ահա, – եզրակացնում են իշխանամետները, – ռոբասերժականները գլուխ են բարձրացնում»:

Բայց առավել զավեշտալի է, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչներն են իրար վրա «տակառ գլորում»: Վերջին առիթներից մեկը «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումն էր ՍԴ դիմելու կապակցությամբ: Ճի՞շտ է այդ դիրքորոշումը թե սխալ՝ տվյալ դեպքում կարեւոր չէ՝ մնացած ընդդիմադիրներին ոչ թե այդ դիրքորոշման հիմնավորումներն էին հետաքրքրում, այլ ԼՀԿ-ի հաշվին ինքնահաստատվելու ցանկությունը. «Մենք իսկական, արմատական ընդդիմադիրներ ենք, իսկ ահա Էդմոնը ցույց տվեց իր դեմքը՝ նա ծախվել է Նիկոլին»: ԼՀԿ-ն, բնականաբար, պատասխանում է «հիմարն ինքդ ես» ոճով, եւ բանավեճը դառնում է բավականին «դիտարժան»:

Այնպես որ պարանոյան զուտ իշխանական երեւույթ չէ՝ դա մեր քաղաքական մշակույթի մի մասն է: Տվյալ դեպքում այն նպաստում է ընդդիմության պառակտվածությանը, որը օբյեկտիվորեն բացասական երեւույթ է թե՛ պետության, թե՛ իր՝ ընդդիմության, հեռանկարների տեսանկյունից: Բնականաբար, պարտադիր չէ, եւ երբեմն էլ հնարավոր չէ, որ ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն ինչ-որ դաշինքների մեջ, օրինակ, ես չէի նախանձի այն քաղաքական ուժին, որն այս պահին ՀՀԿ-ի հետ դաշինք կկազմեր: Բայց, գոնե սեփական շահերից ելնելով, ընդդիմադիրները կարող են պայմանավորվել՝ իրար վրա ցեխ չշպրտելու մասին:

Բացի ամեն ինչից՝ մեր երկրի առջեւ կանգնած խնդիրների լրջությունը պետք է որ սթափեցնի մեր քաղաքական ուժերին՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր: Թե չէ ստացվում է, որ կորոնավիրուսն արդեն հաղթահարեցինք, հարեւաններն այլեւս մեզ չեն սպառնում, տնտեսությունը փայլուն վիճակում է, եւ միակ հարցը, որը բաց է մնացել, այն է, թե ո՛ր քաղաքական ուժերն են երեք տարի հետո մաս կազմելու Ազգային ժողովին: Ոչի՞նչ, որ այդ հարցն ինձ առանձնապես չի հետաքրքրում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Տարակոյս չկայ որ ՛՛կասկածամտութիւնը՛՛ դարձած է համաճարակի համազօր հիւանդագին վիճակ ՚որ անհնարին կը դարձնէ որևէ անձի կամ խմբակցութեան հետ լուրջ խօսակցութիւն ունենալ -մշակոյթի՞ հարց է թէ տագնապի հետեւանք ՞ ։
    Ամէն պարագային ամէնէն ողջամիտը կը գտնեմ ,Պ.Աբրահամեան , Ձեր վերջին պարբերութիւնը ,
    «Բացի ամեն ինչից՝ մեր երկրի առջեւ կանգնած խնդիրների լրջությունը պետք է որ սթափեցնի մեր քաղաքական ուժերին՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր»:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/07/03/1121339/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Ruben says:

    Գործազուրկներին, նպաստներ ու կենսաթոշակներ ստացողներին, դրամաշնորհներով ապրողներին, իշխանության (կառավարության) և կուսակցական կերակրատաշտից սնվողներին, բամբասողներին, նախանձներին, նավսոտներին ու վիպերների «հացը կտրողներին» զբաղեցնելու համար անհրաժեշտ է «adrenalin».
    Ոչինչ,
    Բայց մարդիկ հարկեր են վճարում իշխանությանը (կառավարությանը), քանի որ նրանց ստիպում են՝ սպառնալով ուժ կիրառել դիմադրության դեպքում… պարանոյա…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031