Կարդում էի Իլհամ Ալիևի՝ այս անգամ լայն արձագանք ստացած, բայց իրականում հերթական հայատյաց ելույթը․ պարբերաբար նույն բանն է կրկնում այստեղ-այնտեղ, նաև՝ ռուսալեզու և անգլալեզու միջավայրում։ Սակայն, սա առաջին անգամն է, ցավոք, որ զուտ ադրբեջանական հորինվածքներ ու ցնդաբանություններ չէին, այլ հայաստանյան ներքին գզվռտոցների հայելային արտապատկերը։ Հայաստանում այսօր «նորմալ» դարձած՝ փոխադարձ մեղադրանքների, դատական անվերջ գործերի, նաև արդեն՝ պաշտոնական մակարդակում արվող հայհոյանքների և միմյանց վարկաբեկող հայտարարությունների ծաղկաքաղն էր․ Ալիևը խոսում է մեր մասին և մեր դեմ՝ մեր իսկ ներքաղաքական լեզվով։
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ․ դուք այսօր պաշտոնական և ոչ պաշտոնական բոլոր եղանակներով ու առանց այդ էլ սակավ ազգային ռեսուրսով ջանք չե’ք խնայում՝ հեշտացնելու Ադրբեջանի հակահայկական գործը։
Յուրաքանչյուրդ ձեզ միայն մեկ հարց տվեք․ ուզում եք, որ Հայաստան չլինի՞։ Եթե այո, ապա ձեր վարքն այսօր լիովին պարզ է։ Ադրբեջանն էլ չի ուզում։ Թուրքիան էլ։
Ինքներս մեզ ենք պետք, իսկ առանց Հայաստանի ոչինչ ենք։ Ուրեմն եթե ձեզանից ոմանք որոշել են, որ չեն ուզում Հայաստան, ապա արդեն ոչինչ եք՝ ձեր բազում «փորձագիտական» կամ առօրեական (երկու դեպքում էլ՝ պարզունակ) գրառումներով, թաքուն պահած ձեր երկրորդ քաղաքացիությամբ, ձեր՝ մյուսներին դատելու ու փնովելու, բայց սեփական «մոտիկներին» երես տալու սովորությամբ, ձեր գործունեության միակ ձևը դարձած «քոմենթներով» ու «լայքերով»։
Կարդացեք նաև
Հայաստանում այսօր բոլորը բոլորի թշնամին են, բոլորը՝ բոլորի դեմ դուրս եկած ու տրամադրված։ Ոմանք զարմանք են հայտնում, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ նման բան կատարվեց։ Մյուսները՝ ուղիղ մեղադրում Նիկոլ Փաշինյանին, ում, չի բացառվում, հենց նույն իրենք էին, որ երկու տարի առաջ գովերգում և պետության գլխին էին նստեցնում։
ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ․ արդյո՞ք յուրաքանչյուրիդ մեջ ու ձեր շրջապատում չունեք ՆԻԿՈԼ։
Արդյոք չե՞ք խոսել ու հիմա էլ չեք խոսում երևույթների մասին, որոնց վերաբերյալ ոչ գիտելիք ունեք, ոչ՝ պատկերացում։ Արդյո՞ք չեք տվել խոստումներ, որոնք ունակ չէիք կատարել ու որոնց մասին հաջորդ օրն արդեն մոռացել եք։ Արդյո՞ք նստած չեք եղել ձեր բակում ու շենք մտնող-դուրս եկողների մասին անհիմն կարծիք հայտնելով զբաղվել՝ փոխանակ այդ նույն բակը բարեկարգեք։ Արդյո՞ք որևէ ընձեռնված հնարավորության դեպքում ձեր ծանոթ-բարեկամներին չէիք դասավորի բոլոր հնարավոր պաշտոններին՝ անկախ այդ մարդկանց պիտանելիությունից, մասնագիտական կարողություններից ու ազնվության մակարդակից, կարևորը՝ «մերոնքական» լինեն։ ՆԻԿՈԼ-ը հավաքական կերպար է, այնպես, ինչպես նախկինում ՍԵՐԺ-ը․ ձե՛զ նայեք։ Երկու տարի առաջ (գոնե) վատի դեմ պայքարը մեզնից սկսեինք՝ այսօր արդեն արդյունքներն իրոք կզգայինք։
Մինչդեռ շատերն, անգամ ինքնակայացած ու ինքնահաստատված մարդիկ, ասում են, թե «իսկական առաջնորդ է պետք, առաջնորդ չունենք»։ Այդ տրամաբանությամբ, փաստորեն, եթե լիներ առաջնորդ, ապա բոլորը դիմակ կկրեին, ձեռքերն օճառով կլվային, փողոցում միմյանց չէին գրկի-համբուրի, ասֆալտին չէին թքի․․․
Այսինքն՝ ձեզ անպայման «պապա՞» է պետք՝ ձեզ ուշունց տալու, որ մանկամտաբար կռիվ չանե՞ք ու ձեզ լավ պահեք։ Այսինքն՝ ձեզ կրթության նախարա՞ր է պետք՝ կիրթ լինելու համար, թե՞ մշակույթի նախարար՝ գոնե շփման ու առօրյա վարքի կուլտուրա դրսևորելու։ Սփյուռքի նախարա՞րն էր, որ Հայաստանն ու Սփյուռքը պիտի միմյանց հետ կապեր, միջնորդեր, խոսեցներ։ Թե՞ առողջապահության նախարարն է, որ ձեզ պետք է սովորեցներ ձեռքերն օճառով լվալ։ Թե՞ պարզապես այդպես հարմար է՝ մեղքն ու պատասխանատվությունն ուրիշին նվիրել, ու այդ ուրիշից անընդհատ բողոքել ու տառապել։
Ի՞նչ է՝ հազարամյակների դառը փորձը ձեզ դաս չի՞ եղել։ Քի՞չ եք սպանվել ու կոտորվել, քի՞չ եք արտագաղթել ու մուրել։ Ի՞նչ է՝ Ցեղասպանությանը 100-ամյակն արձանագրելով՝ ձեր պատմական հիշողությանն «անցած լինի՞» եք ասել։ Որոշել եք ազգովի մանկամտանա՞լ։ Խելագարվե՞լ։ Ազգային անվտանգության հաշվին քեֆ անել ուրախանա՞լ։ Թե՞ հոգնել եք հայ լինելուց, ու պատմական այդ բեռն ու ազգային երազանքը խաչի պես ձեր ուսերին տանելուց։
Իհարկե, մեր «էլիտան» էլ էլիտա չէ, քանի որ մեծամասնությունից ոչնչով լավը չէ, և օրինակելի լինելու փոխարեն անգամ օրինական լինելն է չարաշահում։ Սակայն ի՞նչ եղավ յուրաքանչյուրիդ ներքին պատիվը, հայի աշխատասիրությունը, համեստությունը, զսպվածությունն ու իմաստությունը։ Թե՞ այնքան եք «զարգացել», որ կարծում եք, թե աշխատասիրությունն արդեն մոդայիկ չէ, բարիությունը թուլության նշան է, իսկ ազնվությունը՝ հիմարություն։
Սովորել եք հե՞շտ ապրել․ սրճարան-ռեստորաններում նստելով՝ պատվիրել-ստանալ-վայելել, որ անգամ համավարակի պայմաններում առանց կաֆեներում սպասարկվելու ապրել ու դիմանալ չեք կարողանում։ Անգամ մանկական սրճարաններ եք բացել, որ երեխաները մանկուց սովորեն մեծերի կողմից սպասարկվել՝ «մեծ եղբորը» կարոտ մեծանալ, իրենց ամբողջ կյանք «փոքր» զգալ ու սեփական սխալներում «մեծերին» մեղադրել։ Արդեն ում ասես մեզնից բարձր դասեցինք։ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպանի, Վրաստանը՝ մեր ամառային հանգիստն ապահովի, Ֆրանսիան՝ ԵՄ-ում մեր շահերն առաջ տանի, Չինաստանը՝ մեզ համար էժան ապրանք արտադրի, Թուրքիան՝ մեր հայհոյանքի օբյեկտը լինի, ԱՄՆ-ն՝ մեզ վիզաներ տա ու մի հատ էլ շնորհակալ լինի, որ Գլենդեյլ ունեն։ Ու այդ ամենից զատ՝ բոլորը պետք է մշտապես հիշեն ու ամրագրեն, թե սեփական ամեն ինչի համար «պարտական են» հայերին, անպայմանորեն ունեն հայ նախնիներ, «հայու գեն»։ Այդ մեր ազգային մուննաթը, կարծես, նաև ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հիմնաոճն է դարձել՝ պահանջել, որ յուրաքանչյուրիս մեծարեն, ու նեղանալ, եթե քննադատում են։
Իսկ մենք, քանի որ այդքան լավն ենք, ու մեզ բոլորը «պատմականորեն պարտական են», միջազգային կառույցներում Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն «շոփինգով» կզբաղվենք, ՀՀ դեսպանատներ մեր ընկեր-հարազատներին, սպորտսմեններին ու բիզնեսմեններին կուղարկենք, սիրուն կհագնվենք, մեծ մեքենաներ կքշենք ու բոլորին անուն կդնենք։ Եվ այո, կշարունակենք ճամփորդել միջազգային ավիաուղիներով․ սեփականը մեր ինչի՞ն է պետք։ Ու նորից տվեք ձեզ նույն հարցը․ իրո՞ք ուզում եք ունենալ Հայաստան՝ սեփական պետություն։
Միայն թե սովորականի պես մի սկսեք մեղադրել ուրիշներին՝ նախկիններին ու ներկաներին, թուրքերին, մյուսներին․․․ Նույնը վերաբերում է և՛ իշխանության, և՛ հանրության ներկայացուցիչներին։ Բոլոր ժողովուրդներն ունեն անցյալ, այդ թվում՝ քննադատության ու ինքնաքննադատության բազում հիմքեր։ Սակայն, ինչպես ասել է Մայքլ Ֆրիդմանը՝ «այն ազգերը, որոնք անընդհատ խոսում են անցյալի մասին, չունեն ապագա»։ Փաստորեն, արդի ՀՀ իշխանություններն ապագա չունեն, քանզի իրենց սեփական բացթողումների ու համառ անճարության մեջ արդեն երկու տարի է ինչ մեղադրում են նախկիններին։ Ժամանակն է հասունանալ, հարմարավետ թվացող մանկամտությունը մի կողմ դնել, ու մշտապես աշխատել։
Ի դեպ, եթե չգիտեք․ անընդհատ խոսելն ու անընդհատ աշխատելը նույն բանը չէ, անգամ՝ հակառակ ու միմյանց բացառող մոտեցումներ են։ Եթե 1.5 միլիարդ չինացի անընդհատ աշխատելու փոխարեն անընդհատ սոցցանցերում նստեին-վիճեին, ապա Չինաստանը նույնպես չէր ունենա ո՛չ տնտեսություն, ո՛չ կարգուկանոն, ո՛չ էլ՝ ապագա։
Փիլիսոփաներն ասել էն․ մինչև պետությունն ու առանց դրա «մարդը մարդուն գայլ էր»․ առաջնորդվում էին միայն սեփական «իրավունքով» և ուժով, սեփական ցանկություններն ու «ես»-ը մյուսներից բարձր էին դասում, սեփական քարանձավից դուրս ոչինչ չէին տեսնում, բարիությունն ու զիջողականությունը համարում էին թուլություն, ու եթե անգամ միավորվում էին, ապա ոհմակաբար՝ մյուսներին հոշոտելու նպատակով։
Ցավոք, նման իրավիճակն անգամ կենցաղային մակարդակում բոլորիդ վաղուց ծանոթ է, երբ տնիցդ դուրս գալով՝ կարծես մարտի գնաս․ վաճառողը կխաբի, եթե ինքդ չխաբես, երթուղայինի վարորդը կանպատվի, եթե ինքդ չանպատվես, ուրիշները չեն հարգի, եթե կոպիտ ու վերևից չխոսես։ Անգամ համավարակի պայմաններում նույն մոտեցումն է աշխատում․ եթե ես հիվանդ եմ, ապա ինչո՞ւ մյուսներն առողջ լինեն։ Վարակեմ՝ թող իմանան, որ ինձանից ոչնչով լավը չեն։
Արդի ՀՀ քաղաքական կյանքն այսօր գիտակցաբար և անգիտակցաբար իրականացվում է նույն՝ «մարդը մարդուն գայլ է» բանաձևով․ միմյանց և պետությանը վարկաբեկելու, բացառելու, թուլացնելու, կործանելու տրամաբանությամբ։ Միմյանց ոչնչացնելն ընդդիմախոսների ինքնանպատակն է դարձել։ Կրկնեմ․ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամն է, երբ Ադրբեջանի ղեկավարը Հայաստանն ու հայությունը վարկաբեկելու համար պարզապես հղում է անում ՀՀ վարչապետի ու բազում այլ հայաստանյան «գործիչների» հրապարակային ելույթներին, քաղաքականացված դատական գործերին, ներքին ատելության մթնոլորտին։
Այսօրվա Հայաստանում նպատակաուղղված կերպով խախտվում է պետականության հենասյունը համարվող՝ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի տարանջատման և անկախության սկզբունքը։ Ուզո՞ւմ եք այդպես ապրել։ Չունենալ համակարգ, չունենալ անկախ գործող ու միմյանց հավասարակշռող կառույցներ, չունենալ տնտեսություն, բայց ունենալ միմյանց վրա անընդհատ ու հրապարակավ բղավող «օգտատերեր»։ Եթե այո, ապա իմացեք․ այդպես ապրել չի ստացվի, լավ չի լինի։ Առանց պետության ազգ չկա։ Կա պետականություն չունեցող «ժողովուրդ» (ինչպես ձեզ մշտապես անվանում են ՀՀ վարչապետն ու այլ քաղաքական գործիչները)։
Մեր մեջ և մեր շուրջը մշտապես եղել են ու չեն դադարել իրենց գործն ազնվությամբ կատարել բազում համեստ մարդիկ։ Եթե իրենք չլինեին՝ արդեն վաղուց հպարտանալու, ցուցադրելու, ճանաչելու ու հիշելու, սփոփվելու, անգամ ուտելու բան չէինք ունենա։ Մեր բանակն է, որ այսօր բոլորիս միավորող, օրինակելի, անընդմեջ ու զուսպ պետությանն ու ազգին ծառայող հենասյունն է։ Անելիքը շատ պարզ է, այստեղ նորություն չկա․ դուրս գալ հարմարավետ դարձած եսասիրության, մանկամտության, նեղացկոտության գոտուց, ու սկսել աշխատել։ Յուրաքանչյուրս մեր պատասխանատվության գոտին ունենք, մեր անելիքը․ մեր աշխատատեղում, ընտանիքում, բակում, քաղաքում և գյուղում, մեր ԵՐԿՐՈՒՄ։
Տեսե՛ք՝ որքան բան կա անելու, բարելավելու, կարգավորելու, վերականգնելու, շտկելու, զարգացնելու, օժանդակելու, փրկելու։ Դրա համար մի՛ սպասեք հին և նոր վարչապետի, այս կամ այն նախարարի օրինակին կամ կոչերին․ դուք նրանց ոչխարները չեք, իսկ իրենք՝ ձեր հովիվը (չնայած, մի գուցե, այդպես շատերին հարմար է)։
Մյուսի հանդեպ վարվեք այնպես, ինչպես կվարվեիք ձեր երեխայի, եղբոր, քրոջ, ծնողի հետ։ Եղեք պարկեշտ (ցավոք՝ հնացող խոսքերից է)։ Համավարակից անկախ՝ միմյանց անձնական տարածությունն ու իրավունքները հարգե՛ք, թե չէ ուրիշն առավել ևս ձեզ չի հարգի։ Ինքներդ ձեզ հավաքեք։ Միավորվե՛ք։ Երկընտրանքային մի համարեք այն հարցը, թե ում համար եք անում՝ ձեր, թե մեր (պետության)․ արեք պետության համար՝ դրանով իսկ ձեզ ու ձեր ապագայի համար եք անելու։ Եվ ԵՂԵՔ ԶԳՈՆ։
Արթուր ԱԹԱՆԵՍՅԱՆ
Քաղաքական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետ