Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյանը՝ ԲՀԿ-ին. «Իսկ ո՞վ է մեր պատգամավորներին վարակել, կարո՞ղ է պարզվի՝ իրենք են եկել վարակել». «Հայկական ժամանակ»

Հուլիս 03,2020 09:30

Թեեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում Կառավարության քայլերի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լավագույն դեպքում կսկսի գործել սեպտեմբերից, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծում է՝ դրա ստեղծումը ժամանակավրեպ է: Նույն կարծիքին չեն, սակայն, ԼՀԿ-ական պատգամավորները:

– Տիկին Ջուլհակյան, ինչո՞ւ եք կարծում, որ ժամանակավրեպ է այդ հանձնաժողովի հիմնումը:

– Խնդիրն այն է, որ մենք դեռեւս գտնվում ենք այս պայքարի ակտիվ փուլում եւ այդ պայքարի ընթացքին օբյեկտիվ գնահատական տալն իմ կարծիքով բարդ է լինելու: Բայց հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը Ազգային ժողովի խմբակցությունների իրավունքն է, հետեւաբար խնդիր չեմ տեսնում այդտեղ: Սակայն ես կարծում եմ նաեւ, որ եթե նման հանձնաժողով ձեւավորվի, ոչ միայն Կառավարության քայլերը պետք է արժանանան այդ հանձնաժողովի ուսումնասիրությանը, այլ նաեւ ԱԺ խմբակցությունների, այդ թվում եւ ընդդիմադիր խմբակցությունների: Մենք պետք է ուսումնասիրենք, թե որ խմբակցությունը ինչպես է իրեն դրսեւորել այդ պայքարի շրջանակներում, որքանով է նպաստել այդ պայքարին՝ որպես Ազգային ժողովում հանրությանը ներկայացնող քաղաքական ուժ: Այսինքն՝ ես կարծում եմ, որ այո՛, անհրաժեշտ է ուսումնասիրություն իրականացնել, բայց ուսումնասիրություն պետք է իրականացնել համակողմանի, այդ թվում քաղաքական ուժերի վարքի վերաբերյալ:

– Այդ քաղաքական ուժերը պնդում են, որ իրավիճակի անմիջական պատասխանատուն կառավարությունն է եւ պարետատունը:

– Դե գիտեք, միշտ էլ կարելի է ասել՝ կորոնավիրուս չկա, դիմակ մի կրեք, հետո ասել՝ դե մենք պատասխանատու չենք, պատասխանատու է պարետատունը: Իհարկե, գործող իշխանություններն են միշտ պատասխանատու երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար, բայց եթե դու մի կողմից փորձում ես հանրությանը ապատեղեկատվություն մատուցելով այսպես ասած բթացնել հանրության օբյեկտիվ վախերը, օբյեկտիվ զգուշությունը պանդեմիայի նկատմամբ, այդ դեպքում ազնիվ չէ ասելը, որ մենք ինչ ասում ենք, լավ ենք անում, բայց պատասխանատուն պարետատունն է: Էդպես չի, յուրաքանչյուրն է պատասխանատու իր ասածի եւ արածի համար, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գիտակցի իր խոսքի կշիռը: Ասել, որ մենք պատասխանատու չենք, ասում ենք եւ գնում մեր գործերով՝ դա անլուրջ է իրենց իսկ ընտրողների նկատմամբ:

– ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, ինչպես նշված է ԱԺ նախագահին ուղղված դիմումում, ցանկանում են քննարկման առարկա դարձնել նաեւ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Իհարկե հանձնաժողովը դա կարող է դարձնել քննության առարկա, որովհետեւ հանձնաժողովն է որոշում, թե ինչ ուսումնասիրի, բայց այն չի կարող որոշել՝ հավաքների ազատության սահմանափակումը իրավաչա՞փ է, թե՞ ոչ: Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ արտակարգ դրության ժամանակ կարող են մարդու որոշ իրավունքներ սահմանափակվել, եւ մենք բազմիցս բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված հավաքների ազատության սահմանափակման անհրաժեշտությունը: Դրան զուգահեռ մենք նաեւ տեսել ենք, թե ինչպես է այդ քաղաքական ուժերից մեկը խախտել այդ արգելքը, եւ նաեւ տեսել ենք, թե դրանից հետո ինչպես են նրանք վարակվել կորոնավիրուսով: Պանդեմիայի շրջանում խրախուսել հավաքների ազատությունը եւ աջուձախ վարակ տարածել, այդ թվում իրենց համակիրների շրջանում, ես կարծում եմ՝ աբսուրդ է:

– Դուք հավանաբար նկատի ունեք ԲՀԿ-ականներին: Իսկ նրանք ասում են, որ «Իմ քայլում» ավելի շատ պատգամավորներն են վարակված:

– Իսկ ո՞վ է մեր պատգամավորներին վարակել, կարո՞ղ է պարզվի՝ իրենք են եկել վարակել: Դա էլ դեռ մենք պետք է պարզենք: Դեռ պետք է պարզենք, թե իրենց մոտ քանի՞ հոգի է վարակակիր, բոլորի մասին չէ, որ ինֆորմացիա ունենք: Ես որքանով տեղյակ եմ, նրանց բոլորի մասին չէ, որ ինֆորմացիա է տարածվել: Հետեւաբար պետք է խոսել նաեւ համակիրների մասին, թե ինչ վտանգի են նրանք ենթարկել ոստիկաններին, որոնք ստիպված են եղել հսկել նրանց հավաքները, պետք է պարզել, թե լրագրողներին ինչ վտանգի են ենթարկել, որոնք ստիպված են եղել լուսաբանել իրենց հավաքները: Չնայած իրենք ասում են, որ ոչինչ չեն կազմակերպել, ամեն ինչ ինքնաբուխ է եղել, բայց որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ իրենց կողմից են կազմակերպվել: Այնպես որ, եթե որոշում ենք ուսումնասիրել, ապա ամեն ինչ պետք է համակողմանի ուսումնասիրել, եւ ես ունեմ առաջարկներ, թե էլ ինչը ուսումնասիրել:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031