Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարն ասում է՝ չվախենաս»

Հուլիս 03,2020 12:30

«Սաղսարա» նախագիծը սկսել է հինգերորդ ֆիլմի աշխատանքները

Շատերին արդեն իսկ սիրելի եւ հարազատ «Սաղսարա» նախագիծը 10 օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ մեկնարկում է 5-րդ հատուկ սերիայի աշխատանքները. «Մենք արդեն հավաքել ենք հեռավար գործողություններն ապահովող գործիքակազմը, դիմակները, պաշտպանիչ բոլոր միջոցները ու տրամադրվել ենք ուսապարկ գցել ուսներիս ու գնալ հաստատվել հյուսիսում»,- գրել էին սաղսարեցիները եւ հավելել, որ այս անգամ օգտատերերը կարող են ակտիվ մասնակցություն ունենալ՝ նշելով Լոռու եւ Շիրակի մարզի տարբեր գյուղերում բնակվող այն մարդկանց անունները, որոնք ժողովրդական երգեր են երգում։

«Սաղսարան» մինչ այս արդեն իսկ եղել է Լոռու, Շիրակի, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում, եւ ինչպես տեղեկացնում է նախագծի հաղորդակցության պատասխանատու Անժելա Գրիգորյանը, հաջորդ մարզը, որ պիտի ուսումնասիրվեր, Տավուշն էր, սակայն, պայմանավորված համավարակով, թիմը որոշում կայացրեց աշխատարան-տունը ֆիքսել Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, որտեղ արդեն նախնական հետազոտություն էին կատարել։

Վարդաբլուրը միակ գյուղը չէ, որ պիտի ընդգրկվի ֆիլմում. «Սաղսարա-քարտեզն» այս անգամ մի քանի  կանգառներ ունի, որոնց անունները հայտնի կդառնան հետարտադրական աշխատանքներն սկսելուն պես։

Անժելա Գրիգորյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե համավարակի պայմաններում ինչպես են հնարավոր դառնում Սաղսարայի «արտակարգ» սերիայի նկարահանման եւ ձայնագրման աշխատանքները, ինչպես է աշխատում թիմն արտակարգ դրության պայմաններում եւ արդյոք հնարավոր է հակահամաճարակային նորմերը պահպանելով իրականացնել այնպիսի աշխատանք, ինչպիսին Սաղսարան է կատարում։

«Ֆանտաստիկ է՝ բառիս բուն իմաստով։ Հինգերորդ ֆիլմի հետ կապված նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ մեկ ամիս առաջ՝ փորձելով հաշվարկել բոլոր ռիսկերը, տեխնիկական միջոցների ապահովման հնարավորությունները, շփումների ժամանակ առաջացող հավանական խոչընդոտները… Ամեն հնարավոր եւ անհնար բան, մի խոսքով։ Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց համոզված էինք, որ լավատեսական մեր տրամադրվածությունն ու անասելի էնտուզիազմը նորից մղելու է կարողանալուն եւ գտնելուն։ Հունիսի 23-ին, երբ Սաղսարան եկավ Վարդաբլուր, ես արդեն այստեղ էի. առաջին իսկ օրը ստեղծեցինք «ախտահանման» անկյունը, նախագծի պրոդյուսերը սահմանեց աշխատանք իրականացնելու կանոնները, եւ, կծիծաղեք, բայց թիմի ներսում «պարետ» նշանակեցինք, ով պատասխանատու է բոլորի անվտանգության, անհրաժեշտ ախտահանող միջոցներ ունենալու, կարգուկանոնի համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրանից հետաքրքրվեցինք՝ գյուղացիների հետ հե՞շտ է նման պայմաններում մտերմիկ եւ անմիջական միջավայր ստեղծելը, հատկապես, որ նախագծի յուրահատկությունը այն է, որ անցնում են տներով, մարդկանց հետ հաց են կիսում, ապրում են գյուղացիների հետ։

«Նախորդ  ֆիլմերի աշխատանքներն իրականացնելիս այսպիսի հարց իհարկե չի եղել, եւ այո, ապրել ենք հենց գյուղացիների տանը, սնվել ենք միասին, մտերմացել ենք այն աստիճան, որ միջավայրը դարձել է մերը, մենք էլ՝ իրենը։ Բայց գիտեք՝ գյուղացին այնքան պարզ ու շիտակ է, գյուղական միջավայրն այնքան բնական ու ուրիշ է, որ անկախ իրավիճակից, միշտ պիտի կարողանաս հաղթահարել դիստանցիան, պիտի կարողանաս այդ աստիճան պարզ ու շիտակ լինես, որ գյուղը տեսնես, մարդուն զգաս, ապրումը ֆիքսես, սարի ու սարեցու հետ հաշվի նստես՝ առանց որեւէ ավելորդության։

Այնպես որ, այո, այս անգամ բոլորիս հասկանալի պատճառներով սահմանված է սոցիալական հեռավորության պայմանը, բայց այդ երկու մետրը չի կարող խանգարել փոխազդեցությանը, չի կարող վերացնել այն կարեւոր հատկանիշը, որ մենք մի շնչով ասում ենք արդեն մեկ տարի. սաղսարա եւ սաղսերա… Այս ամենին հիմա գումարվել է միայն դիմակը, ձեռնոցը, ախտահանման միջոցը, տեխնիկական այն հնարավորությունները, որոնք թույլ են տալիս կազմակերպել աշխատանքները»,-ասաց Անժելա Գրիգորյանը

Խնդրեցինք խոսել ֆիլմի առանձնահատկությունների մասին, հարցրինք՝ ի՞նչ է այս անգամ սպասվում Սաղսարայի հետեւորդներին, ինչո՞վ է տարբերվելու հինգերորդը։

«Այդ մասին վաղ է խոսելը. դեռ շարունակվում են նկարահանման աշխատանքները, դեռ կան կանգառներ, գյուղեր, որտեղ պիտի լինենք, դրան հաջորդելու է ֆիլմի հետարտադրական աշխատանքների ընթացքը, միանալու ենք Երեւանում մեզ սպասող սիրելի թիմակիցներին… Կարճ ասած՝ ֆիլմն արդեն կխոսի ինքն իր մասին, քանի որ Սաղսարայի դեպքում ամեն ինչ շատ բնական է փոխկապակցված, եւ «նախապեսը» չի կարող գործել։ Մի բան միայն կուզեի ասել, որ գուցե նաեւ Ձեր հարցի պատասխանն ընդգրկի. մենք միշտ ենք ասում, որ «Սաղսարան ապրում է». չգիտեմ՝ ինչքանով է այդ ապրումն այս մեկ տարվա ընթացքում երեւացել, ինչքանով է պարզ եղել, որ ամեն դետալ, պատմություն, երգ, բնապատկեր, տեսարան եւ դրվագ միջավայրն ինքն է մեր աչքին ու ականջին հարմարեցնում, բայց որ այս «արտակարգ» հինգերորդն իր մեջ կներառի շատ կարեւոր մի բաներ, որոնք նախկինում, սովորական պայմաններում գուցե ինքներս չենք կարեւորել, հաստատ է։ Այսպես ասեմ՝ սարերն են ասում՝ չվախենանք, ու մնացածը ստացվում է»,-ասաց նա։

Ապա հավելեց. «Կարծում եմ՝ ֆիլմն իր հետ բերելու է կարեւոր մի հաղորդագրություն. մարդու եւ բնության շարժման սինխրոնացումը։ Համավարակի պայմաններում շտապելու տեղ չունես, բայցեւ գիտակցում ես, որ վտանգը քթիդ տակ է. այստեղ՝ սարից սար անցնելու մեր ընթացքի մեջ շատ բան ենք զգացել, ապրել, կիսվել իրար հետ մինչեւ լույս, ու առավոտյան էլի մերոնք հագել են անձրեւանոցները, վերցրել են ծանր տեխնիկան, ախտահանման միջոցները, դիմակները ու գնացել, ինչպես մեր ռեժիսոր Արմենն է ասում,  «որոնելու այն, ինչ պիտի տեսնես»։

Նշենք, որ «Սաղսարա» երաժշտական-հետազոտական, վավերագրական նախագծի մանրամաներին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան համանուն էջում, ինչպես նաեւ Յութուբի պաշտոնական ալիքի միջոցով, նախագծի չորրորդ եւ հինգերորդ ֆիլմերն իրագործվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031