Պաշտոնական Երեւանը փաստում է, որ Ադրբեջանը խոչընդոտում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացին, իսկ Բաքուն դժգոհ է Հայաստան-Արցախ ավտոմայրուղու կառուցումից
Հունիսի 30-ին տեսակոնֆերանս կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ: Մեկ օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին տեսակոնֆերանս էին անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը, ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել էր Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ եւ ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին եւ խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: «Միեւնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարեւորեց Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ եւ անվտանգ տեղաշարժի միջոցով», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:
Նույն օրը համանախագահները նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ էին տեսակապի միջոցով զրույց անցկացրել: Ըստ ադրբեջանական գործակալությունների տարածած հաղորդագրությունների՝ Էլմար Մամեդյարովը բարձրացրել է Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքում անօրինական կերպով կառուցվող ինֆրաստրուկտուրային նախագծերի» հարցը: Պաշտոնական Բաքուն, փաստորեն, ընդդեմ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող երրորդ՝ հարավային բնակավայրերով անցնող ավտոմայրուղու կառուցման քարոզչական աշխատանքներ է տանում:
Կարդացեք նաև
Հունիսի 30-ի երեկոյան արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին իրենց մասնակցությամբ կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ: Համանախագահներն ընդգծել էին խաղաղությանը եւ սուբստանտիվ բանակցություններ հաստատելուն ուղղված մթնոլորտի ձեւավորման եւ պահպանման կարեւորությունը, դրական էին գնահատել հարաբերական կայունությունը եւ գոհունակություն էին հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման առկա ուղիղ կապերը, որպեսզի խուսափեն էսկալացիայից:
Միեւնույն ժամանակ համանախագահները, հիմնվելով 2019թ. մարտի 9-ի իրենց տարածած հայտարարության վրա, մտահոգություն էին հայտնել, որ՝ «վերջին սադրիչ հայտարարությունները, ռազմատենչ հռետորաբանությունը կարող են խաթարել բանակցային գործընթացը»: Հաղորդագրությունում ասվում էր. «Համանախագահները հերթական անգամ շեշտել են, որ Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին հորդորել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահներն ընդգծել են նաեւ որքան հնարավոր է շուտ մշտադիտարկումը վերսկսելու անհրաժեշտությունը»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստակամություն էին հայտնել հուլիսին անցկացնել եւս մեկ տեսակոնֆերանս:
Վերոնշյալ հայտարարության մեջ բացի բանակցային գործընթացի շարունակման անհրաժեշտության մասին արձանագրումը, կարեւոր է, որ համանախագահները ընդգծել են 2019թ. մարտի 9-ի հայտարարությունը: Մեկ տարի առաջ այդ հայտարարությունն արվեց ուշագրավ պահի եւ դրանում ներառվեցին հայկական կողմի համար կարեւոր արձանագրություններ:
Այսպես, 2019թ. մարտի 9-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել ծավալուն հայտարարությամբ, որում դրական էին գնահատել շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը, որոշ սկզբնական քայլերը, որոնք՝ «իրականացվում են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն»: Միեւնույն ժամանակ միջնորդները վերահաստատել էին լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նրանք կողմերին հորդորել էին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են իրադրության փոփոխություն, «նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:
Այստեղ անուղղակիորեն համանախագահները նկատի էին ունեցել Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին պարբերաբար արվող հայտարարությունները, «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ մի քանի անգամ արված արձանագրումները: 2019թ. մարտին միջնորդները նաեւ ակնարկել էին, որ՝ «առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն» չի կարող լինել:
Հունիսի 30-ին տարածած հայտարարությունում 2019թ. մարտի 9-ի հայտարարության հիշատակումը նաեւ հայկական կողմի համար դրական մոտեցում ունի, քանի որ 2019թ. տարածած նշյալ հայտարարությունում միջնորդներն արձանագրել էին Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ «խնդրի արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»:
Պաշտոնական Բաքվի համար ցանկացած փաստաթղթում թեկուզ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ միասին՝ «ինքնորոշման սկզբունքի» մասին հիշատակումը մեծ խնդիր է:
2019թ. գարնանը համանախագահները կարգավորման ճանապարհն սկզբունքների հետ միասին շեշտել էին հետեւյալը. «Այն պետք է ներառի նաեւ լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012թթ. առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաեւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն»:
Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումը իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով նույնպես Ադրբեջանի իշխանություններին նյարդայնացող ձեւակերպում է:
Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանից պարբերաբար հնչող՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության թեմային, ապա միջնորդները, թեեւ հրապարակայնորեն մերժել են այն, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է մոռացության մատնի այն հետագա բանակցային գործընթացում:
Բանակցություններն, այսպիսով, շարունակվում են Ալիեւի կողմից վերջին ամիսներին կոշտ հակահայկական քարոզչության, շարունակաբար Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու ելույթների ֆոնին: Ակնհայտորեն, պաշտոնական Բաքուն դժգոհություններ ունի՝ կապված բանակցային գործընթացում փայփայած սպասումների հետ: Հետեւաբար, հայկական կողմը պետք է զգոն լինի՝ բանակցային գործընթացը տապալելու Բաքվից հնչող մեղադրանքների համար հիմքեր չտալով, միաժամանակ՝ պահպանելով հայկական կողմի համար կարեւոր սկզբունքները եւ չզիջելով դրանք:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.07.2020