Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատենադարանում ավանդական հայկական բժշկության բաղադրատոմսեր կան, որոնք համաճարակներ, այդ թվում՝ COVID-19-ը կբուժեն»

Հուլիս 03,2020 14:00

Վստահեցնում է բժիշկ-թերապեւտ Թերեզա Օսկանյանը:

Ավանդական հայկական բժշկությունը համաճարակների՝ այդ թվում եւ նոր տիպի կորոնավիրուսի բուժման բաղադրատոմսեր ունի: Բայց այսօր այդ բաղադրատոմսերը լայն կիրառություն չեն գտնում. դրանք խնամքով պահվում են Մատենադարանի դարակներում եւ ավանդական հայկական  բժշկությունը վերակենդանացրած մի քանի նվիրյալների ձեռքում: Եվ մինչ մեր բժիշկ-մասնագետները կռիվ են տալիս գոնե մի փոքրիկ տարածք ունենալու եւ այդ ամենը պետական հիմքերի վրա դնելու, որովհետեւ համոզված են, որ հայկական ավանդական բժշկությունը, որպես արդյունավետ բուժման միջոց ու բժշկական տուրիզմ,  ի՛նչ  հսկայական եկամուտներ կբերի մեր երկրին, Գերմանիայից եւ եվրոպական այլ երկրներից վաղուց արդեն հետաքրքրված են Մատենադարանում պահվող բաղադրատոմսերով: Արդեն քանի տարի է՝ գերմանացի բժիշկները վերծանում են այդ դեղատոմսերը եւ կատարում են գիտական աշխատանք: Հայ բժիշկները, որոնք  հայկական ձեռագրերից վերծանել են եւ ստացել այդ ամենը, կիրառման տեղ չունեն:

«Մենք այդ ամբողջ բազան ունենք, բաղադրատոմսերն ունենք, գիտական հիմնարկը՝ Մատենադարանն ունենք: Բայց տեղ չունենք: Մեզ մի տեղ չեն տալիս, որ գնանք՝ աշխատենք: Մեր ուզածն, ընդամենը, բժշկական մի որեւիցե հիմնարկի բազայի վրա եղած տարածք է, որովհետեւ դա լուրջ գիտական աշխատանքներ են, եւ այդ ամբողջը պետք է հիմնավորվի: Այդ տարածքը կարող է կա՛մ պոլիկլինիկայում, կա՛մ որեւէ հիվանդանոցում լինել՝ մի փոքրիկ կաբինետ տան, մենք գնանք՝ սկսենք աշխատել: Մեծ խնդիր չի, բայց առայժմ չենք կարողանում այդ հարցը լուծել»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է բժիշկ-թերապեւտ Թերեզա Օսկանյանը, որն արդեն 15 տարի է՝ զբաղվում է ավանդական հայկական բժշկությամբ:

Հայկական ավանդական բժշկությունը բաղադրատոմսեր ունի, որով հեշտությամբ կբուժվի COVID-19-ը

Բժշկուհին վստահեցնում է՝ Մատենադարանը հզոր ու լուրջ գիտական բազա է, որի պոտենցիալն այսօր չենք օգտագործում: Նրա խոսքով, մինչեւ կորոնավիրուսը, ՀՀ առողջապահության նախարարությունը հրահանգ էր իջեցրել՝ Հայաստանում աշխուժացնել, զարգացնել միջնադարյան հայկական բժշկությունը, սակայն վարակի տարածմամբ պայմանավորված, հարցը հետին պլան է մղվել: Բժշկուհին ասում է՝ հարցը հրատապ է, որովհետեւ հայկական ավանդական բժշկությունը մի շարք բաղադրատոմսեր ունի, որով հեշտությամբ կբուժվի COVID-19-ը: Անգամ՝ հիվանդությունը կանխարգելող միջոցներ կան, որոնք, նույնպես, դարերով փոխանցվել են եւ այսօր էլ իդեալական արդյունքներ են ապահովում: Նրա խոսքով, միջնադարից հետո էլ հայկական ավանդական բժշկությունը զարգացել է եւ հիմա էլ շարունակում է զարգանալ. «Մեր ավանդական բժշկությունն ունի համաճարակների եւ ատիպիկ թոքաբորբերի բուժումը: Այդ համակարգն ամեն մի պոլիկլինիկայում կարող ենք ներդնել, դա թանկ բան չէ, որովհետեւ մեր բնությունն է տալիս: Այդ բաղադրատոմսերով այսօր հնարավոր է կորոնավիրուսով վարակված եւ նույնիսկ մահամերձ վիճակում գտնվող շատ հիվանդների բուժել ու ոտքի կանգնեցնել, բայց այդ ամենը պետության կողմից պատշաճ հիմքերի վրա դրված չէ, որպեսզի գնանք ու սկսենք աշխատել այդպիսի հիվանդների հետ: Մարդիկ այնքան են հեռացել այդ ամենից, որ նրանց թվում է՝ հատուկ պայմաններ ու հատուկ ֆինանսավորում է պետք, բայց, հավատացնում եմ, ոչ մի նման բան պետք չի»:

Օշինդրի վրայով քայլում ենք, բայց այդ օշինդրով բուժում են ուռուցքը, ամենածանր թոքային հիվանդությունները

Թերեզա Օսկանյանը այդ բուժման մեթոդը ներդրել է Հայաստանի առողջարաններից մեկում, որից օգտվելու համար Ռուսաստանից եւ արտասահմանյան այլ երկրներից մեծ քանակությամբ հիվանդներ են եկել Հայաստան:

Ըստ բժշկուհու, աշխարհում բժշկական խոտաբույսերի ամենահարուստ ֆլորան Հայաստանում է. «Մենք օշինդրի վրայով քայլում ենք, բայց այդ օշինդրով բուժում են ուռուցքը, ամենածանր թոքային հիվանդությունները, լյարդի հիվանդությունները, հեպատիտները»:

Երեւանի պետական բժշկական համալսարանն ավարտած, ապա Լենինգրադում, Մոսկվայում երկար տարիներ տարբեր՝ նյարդաբուժության, ֆիզիոթերապիայի, նյարդաֆիզիոլոգիայի, հոգեբուժության ուղղություններով մասնագիտացած բժշկուհին գտնում է, որ այլ բժշկություններին զուգահեռ, պետք է ավանդական հայկական բժշկությունը եւս պետական հիմքերի վրա դրված լինի, որպեսզի քաղաքացին ընտրության հնարավորություն ունենա՝ ոչ ավանդական բժշկությա՞մբ է ուզում բուժվել, քիմիայո՞վ, չինական, հնդկական, թե՞ ավանդական հայկական բժշկությամբ. «Վրացիները, մերձբալթյան երկրները, բոլորն ունեն իրենց ավանդական բժշկությունը, բայց, երբ  ուսումնասիրում ես հիմքերը, պարզվում է հայկական են: Ռուսաստանում՝ Մոսկվայի մերձակայքում ֆիտոթերապիայի ահռելի ինստիտուտ կա, նրանց բաղադրատոմսերը նույնպես հիմնականում մեր հայ հանճարեղ բժիշկների՝  բաղադրատոմսերն են»:

Գերմանացի բժիշկները համագործակցում են Մատենադարանի հետ, որտեղից եթերային յուղեր են տանում

«Մինչեւ  կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը գերմանացիները համագործակցում էին Մատենադարանի հետ, նրանք մեզնից տանում էին մեր եթերային յուղերը: Նրանք ստանում են բալասաններ:  Ինչո՞ւ պետք է մենք ունենանք ու չկարողանանք այդ ամենը կիրառել եւ տանք գերմանացիներին: Ես դեմ չեմ, տանք գերմանացիներին, ամբողջ աշխարհին էլ տանք, բայց մենք էլ մերն օգտագործենք»,-ասում է բժշկուհին:

Նրա խոսքով, այս օրերին, երբ կորոնավիրուսը սպառնալիք է ամբողջ աշխարհում եւ նաեւ մեր երկրում, պետք է օգտվել դարերով պահպանված, իրենց արդյունավետությունն ապացուցած ու մեզ փոխանցված այդ բաղադրատոմսերից: Նա, հակահամաճարակային կանոնները պահելուց զատ, որպես վիրուսներին կանխարգելիչ միջոց խորհուրդ է տալիս խմել հայկական կավի եւ կարմիր անապակ գինու խառնուրդը, որի բաղադրատոմսը նույնպես հայ միջնադարյան բժիշկների աշխատություններում է եղել:

«Ժամանակին այդ բժշկությունը,  այդ բալասանները եղել են եկեղեցում: 4-5 տարի հասունանում էին այդ դեղերը հատու կաղնու տակառների մեջ՝ աղոթքներով: Եկեղեցին ահռելի աշխատանք է արել այդ գործում: 8 դար պահում էր դա, որպեսզի ծառայի մեր ժողովրդին: Եվ այդքանից հետո, մենք այս հարստությունը չենք օգտագործում»,-ասաց Թերեզա Օսկանյանը:

Խորհրդային բժշկությունը Հայաստանից տարեկան 20 վագոն ուրց էր տանում միայն Կրեմլի համար

Բժշկուհու խոսքով, իր նպատակն այդ ամենը բիզնեսի վերածելը չէ, այլ՝ իր ունեցած գիտելիքների ողջ բազան մի քանի երիտասարդ խելացի բժիշկներին փոխանցելը, որպեսզի մեր երկիրը նույնպես կարողանա օգտվել այդ ողջ հարստությունից: Նրա խոսքով, Հայաստանն առաջին երկիրն էր, որը 12-րդ դարում ստեղծել է «դիսպանզերիզացիա», որտեղ բուժվել են ինֆեկցիոն հիվանդները:

«Ծանրագույն հիվանդությունը, ինչպիսին բորոտությունն է, որի մասին նույնիսկ Կտակարանում է հիշատակվում եւ որի առկայության դեպքում մարդկանց քշում էին քաղաքներից եւ նրանք ստիպված էին ապրել քարանձավներում կամ այլ տեղերում, այդ հիվանդություն ունեցող մարդկանց «դիսպանզերիզացիան» նույնպես աշխարհում առաջինը մեր երկրում են արել: Միջնադարի հայտնի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները 14-րդ դարում, 12 հատորով թարգմանվել են ֆրանսերեն:  Ամիդովլաթի մեկ այլ գիրք էլ լենինգրադյան հրատարակչության է, որը լույս է տեսել 1940 թվականին՝ ռուսերեն լեզվով, որի հայերեն տարբերակը երբեւէ լույս չի տեսել»,-ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ խորհրդային տարիներին իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանի ավանդական բժշկությունը որեւէ ձեւով գլուխ չբարձրացնի, որովհետեւ կար սովետական բժշկություն. «Եվ այդ սովետական բժշկությունը տարեկան միայն 20 վագոն ուրց էր տանում Հայաստանից: Միայն Կրեմլի համար: Ուրցն օգտագործում էին ամենաբարձր խավերի համար»:

Ըստ բժշկուհի Թերեզայի, այդ պատճառով էլ, երբ ավանդական բժշկությունը պետական հիմքերի վրա դնելու առաջարկով նամակ են գրել առողջապահության նախարարությանը, հատուկ ընդգծել են, որ բարձր տեխնոլոգիական երկրում ավանդական հայկական բժշկությունը պետք է ծառայի որպես մեր ազգի ամենահզոր զենքերից մեկը:

COVID-19-ն ապացուցեց, որ ժամանակակից բժշկությունը մտել է փակուղի

Բժշկուհին գտնում է, որ ժամանակակից բժշկությունը մտել է փակուղի, եւ դրա ապացույցը  հենց COVID-19-ն է. «Եթե մինչ այդ մենք արդեն գիտեինք, որ փակուղու մեջ ենք, բայց բացեիբաց դրա մասին չէինք խոսում, դա չէին դարձնում հանրային քննարկման հարց, հիմա արդեն դա ակնհայտ է, չես կարող թաքցնել, որ ժամանակակից բժշկությունն ի վիճակի չէ պայքարելու շատ ու շատ հիվանդություների դեմ, որոնք արդիական են»: Բժշկուհու խոսքով, համաճարակները լինում են պարբերաբար՝ 20-30 տարին մեկ, պատահում է՝ ավելի կարճ ժամկետներում, բայց դա երեւույթ է, որը հասարակությանը մշտապես հետապնդում է. «Նախկինում եղել է խոլերան, չուման, տիֆը, իսպանկան եւ այդ համաճարակների ժամանակ միլիոնավոր մարդիկ են մահացել: Իմանալով, որ համաճարակները մի հիվանդություն է, որը հետապնդում է մարդկությանը, այլ ոչ միայն ինչ-որ մի հասարակության, փաստացի, բժշկությունը ոչինչ չի արել: Եվ այսօր մենք կանգնել ենք փաստի առաջ եւ համաճարակի դեմ պայքարելու տարբերակ չունենք: Ստացվում է, մենք կանգնել ենք փակուղու առաջ եւ ոչ ավանդական բժշկության՝ տարիներով ստացած քիմիական այդ ամբողջ արսենալն անօգուտ է: Ֆիզոթերապիան, որի վրա մեծ հույսեր էին դնում, որպես բժշկության մեթոդիկա, վաղուց արդեն իրեն սպառել է, եւ Եվրոպայում,  որպես բուժման մեթոդ այն այլեւս չեն էլ օգտագործում: Դա ընդամենն առողջ ապրելակերպ է: Եվ ի՞նչ է ստացվում, մենք ի՞նչ ունենք: Ոչինչ: Եվ դա գալիս է նրանից, որ բժշկությունը, որը հասարակության կյանքի գոյատեւման խնդիրն է լուծում, չի ֆինանսավորվում, ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ աշխարհում»:

Այդքանով հանդերձ, Թերեզա Օսկանյանը գտնում է, որ COVID-19-ը այն լավագույն ապացույցն է, որ հայ բժիշկները լավագույնն են աշխարհում: «Մենք տալիս ենք 1,5-ից 1,7 տոկոս մահացություն: Բայց աշխարհում թվերը շատ ավելի բարձր են: Անգլիացիները հայտարարեցին, որ Դեքսամետազոնը 33 տոկոս իջեցնում է մահացությունը: Մեր բժիշկները Դեքսամետազոնն օգտագործում են հենց առաջին օրվանից:

Ընդհանրապես՝ մահացության, հիվանդացության թվերը վերլուծելիս պետք է հաշվի առնել նաեւ հանրային առողջապահության վիճակը, բժշկի այցելելու  կուլտուրան, երկրում աղքատության բարձր ցուցանիշը, փոքր տարիքից սկսած՝ ծխախոտի օգտագործումը եւ այլն, այդ ամենը խոսում է այն մասին, որ մեզ մոտ մահացության ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան մի շարք զարգացած երկրներում, որոնք առողջապահական զարգացած ծառայություններ ունեն եւ շատ ցածր աղքատության մակարդակ»,-ասում է բժշկուհին:  Նրա խոսքով, 1960-70-ական թվականներից հետո, համաճարակաբանության մեջ որեւէ էական առաջընթաց չի գրանցվել, որովհետեւ գիտությունը չի ֆինանսավորվել.

«Համաճարակները մնացել են ուշադրությունից դուրս, հիմա մեզ մոտ աշխատող բժիշկները, որոնք այս ոլորտում մասնագիտացված են, փորձառու, հիմնականում տարիքով մարդիկ են: Երիտասարդները նոր սկսել են մտնել այդ ոլորտ, որովհետեւ ուղղությունը մինչ այս գրեթե չի եղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031