Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չնայած արվեստագետն իրավունք չունի քաղաքականության մեջ մտնի, բայց մեր երկրում դա հնարավոր չէ, քեզ զոռով կարող են մտցնել». Հրանտ Թոխատյան

Հուլիս 02,2020 23:07

Գույքահարկի բարձրացման օրենքի դեմ պայքարող «Ես բնիկ եմ, եւ սա իմ քաղաքն է» ֆեյսբուքյան նախաձեռնությունը պահանջում է հետ կանչել օրենքը, կատարել շտկումներ եւ լրացումներ` հաշվի առնելով բոլոր քաղաքացիների շահերն ու իրավունքները, դնել նոր օրինագիծը հանրային քննարկման, հաշվի առնել նոր լրացումները եւ դրանից հետո միայն ընդունել ԱԺ-ում:

Խմբի անդամները երեկ հեռավար քննարկում են ունեցել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Նախաձեռնության անդամ է Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես կարծում եմ, որ օրենքը հետ կանչելը շատ ավելի բարդ է: Այդ մասին խոսել ենք ու Բաբկեն Թունյանն էլ ասաց դրա մասին, բայց որ կարող ենք փոփոխություններ ու լրացումներ անել՝ դա հնարավոր է: Ուղղակի պետք է աշխատել»:

Կարելի՞ է ասել, որ նախաձեռնությունն իր նպատակին հասնում է՝ Հրանտ Թոխատյանը պատասխանեց, որ երեկվա քննարկումից հետո, երբ տեսանյութը մատչելի կլինի հանրությանը, տնտեսագետների, այլ մասնագետների կողմից կլինեն, հավանաբար, նոր առաջարկներ ու արդյունքում օրենքը կունենա այնպիսի տեսք, որն ընդունելի կլինի շատերի կողմից. «Իհարկե, բոլորին չի կարող այն դուր գալ»:

Հարցին՝ անձամբ ձեզ ի՞նչ է մտահոգում այդ օրենքում՝ պարոն Թոխատյանը պատասխանեց. «Ամենակարեւորն այն է, որ մենք օգուտ բերելու հետ հանկարծ չվնասենք: Դա ամենաբարդ բանն է»:

Հարցին՝ ձեր ֆլեշմոբին այլ երանգ փորձեցին տալ, սոցցանցերում արձագանքները, իշխանական պատգամավորների հարցազրույցները ավելի շատ «բնիկ եւ ոչ բնիկ եզրույթին» էին վերաբերում՝ ովքեր են բնիկ երեւանցի, կենտրոնում արդյոք բնիկներն են ապրում եւ այլն, դուք ո՞նց եք արձագանքում այս խոսակցություններին՝ նա պատասխանեց. «Որեւէ կերպ դրան չեմ արձագանքում, որովհետեւ դա ուղղակի ուշադրությունը շեղելու համար էր՝ ոմանց կողմից արված: Վահան Արծրունու գրառումը սկիզբն էր: Հա, ինքը նաեւ ընդգծում է դրանով իր բնիկության հարցը, բայց դա չէ այն կարեւոր հարցը, որի վրա պետք էր ուշադրություն դարձնել, որովհետեւ բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ կապ չունի՝ դու բնի՞կ ես, թե՞ չէ, կապ չունի՝ երեւանցի ես դու, թե չէ, որովհետեւ այդ նույն հարցը վաղը ծագելու է Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում Ծաղկաձորում, նշանակություն չունի, թե որտեղ ես դու ապրում»:

Հրանտ Թոխատյանն ընդունում է, որ «Գույքահարկի մասին» աղմկահարույց օրենքը փոխելու անհրաժեշտություն ունի, բայց ոչ այս ճանապարհով ու այս կերպ. «Եթե նայում ենք այսօրվա աչքով, բնականաբար, երկար տարիներ գույքահարկը եղել է նույնիսկ չափից շատ դեմոկրատ: Այն, որ մի փոքր ինքը պետք է բարձրանար, կամ պետք էր գտնել այդ բարձրացնելու ձեւերը, ինչ-որ ֆորմուլա պետք էր մշակել, որպեսզի չվնասի այսօրվա մեր քաղաքացուն՝ այո, պետք էր: Ինչու կենտրոնացանք հենց Կենտրոնի վրա, Կենտրոն-Կենտրոն, որովհետեւ եկեք չմոռանանք, որ այսօր ամենաշատը, եթե այն սանդղակը վերցնենք, որը տպված է, ավելի շատ բարձրանում է Կենտրոնինը: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ տան գները Կենտրոնում են ամենաբարձրը ու չմոռանանք, որ նաեւ ամենաշատը կենտրոնում կան բիզնես տարածքներ՝ շենքերի տակը, նկուղային հարկերում, խանութներ են, վարսավիրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ: Մենք խորհրդակցության ժամանակ հարց բարձրացրեցինք՝ չէ՞ որ կարող ենք սպասել ե՛ւ միգրացիայի, ե՛ւ ընդհակառակը՝ մեր հայրենակիցների վերադարձի: Մենք պետք է ունենանք օրենքներ, որոնք մեծամասնության համար կլինեն ընդունելի ու որոշակիորեն կարող է նաեւ այս հարցը, ինչու չէ, նպաստել ներդրումների»:

Մեր դիտարկմանը, որ ձեզ ուղղված հակառակ հարցադրումներն էլ են հնչում, օրինակ, դուք Երեւանի ավագանու անդամ եք եղել ու երբ Երեւանը ապականում էին, կանաչ տարածքների հաշվին դղյակներ ու օբյեկտներ էին սարքում, որեւէ քայլ ավագանին դրա դեմ չէր անում, ֆլեշմոբեր, ավագանին որեւէ բանով չէր խանգարում դրան ու այսօր ենք տեսնում, թե ինչպես են կոպեկներով տարածքներ մասնավորեցրել՝ Հրանտ Թոխատյանն արձագանքեց. «Իսկ ինչի՞ց են վերցրել, որ քայլեր չեն ձեռնարկվել: Այն ժամանակ էլ է եղել բավականին շատ խոսել, ուրիշ բան է, որ չի ստացվել: Դա երկրորդ հարցն է: Չգիտես ինչու մեզանից շատերը մտածում են, որ անպայման դու պետք է ֆեյսբուքի քո էջում ամեն ինչ գրես: Դու կարող ես վերջը հասնել ռեզուլտատի ու դրա մասին պարզ ճակատով ասես՝ այ այս հարցը լուծվեց այսպես: Իսկ երբ որ ես պետք է դիմեմ որեւէ մեկին, իմ էջո՞վ պետք է դիմեմ…աշխատանքը տանելու համար անպայման չի, որ ամեն ինչը լինի այսպես տեսանելի ու հանրային»:

Ճշտեցինք՝ այսինքն, դուք ներքին օղակներում պայքարել եք դրա դեմ, արդյունք չի եղել՝ չե՞ք հրապարակել՝ նա պատասխանեց. «Բնականաբար: Չես կարող: Սովետական ժամանակներում էլ է այդպես եղել: Չէ՞ որ Կամերային թատրոնը, որ ժամանակին կառուցեցինք մեր խմբով, դա շատ վաղուց էր՝ 70-ականների վերջին, այն ժամանակ էլ էր նման հարցեր, այն ժամանակ էլ էր շատ դժվար, այն ժամանակ էլ չէին ուզում լուսաբանել, ուրիշ բարքեր էին, երկիրն էր ուրիշ, օրենքներն ու մտածելակերպն էր ուրիշ, բայց նույնը հետո գալիս է»: Հրանտ Թոխատյանն ասաց, որ արտահայտվելու համար ի վերջո ինքն ունեցել է բեմը. «Եթե իրենց մի քիչ նեղություն տան ու նայեն բոլոր ներկայացումները, որ արել ենք, այնտեղ այդ ամեն ինչի մասին կա»:

Երբ ասացինք, որ այդ ճանապարհով ասելիքը միշտ չէ, որ տեղ է հասել ու դա նաեւ նրանից է, որ մեր մտավորականների կերպարներն են արժեզրկված եղել, իրենց խոսքը պետք է որ մեծ արժեք ունենար, բայց քանի որ տեսանք, որ մտավորականները որոշեցին մտնել նաեւ քաղաքականության մեջ, իրենց խոսքն էլ արժեզրկվեց, եթե ճիշտ բան էլ ասում են՝ էլ լսելի չէ՝ Հրանտ Թոխատյանն արձագանքեց. «Նախ, մեր երկրում հնարավոր չի մնալ ապաքաղաքական, չնայած արվեստագետն իրավունք չունի քաղաքականության մեջ մտնի, բայց մեր երկրում դա հնարավոր չէ, քեզ զոռով կարող են մտցնել: Երբ որ արվեստագետն ուզում է մնալ լրիվ առանձին, ասում են՝ ո՞ւր են, ո՞ւր են, իսկ երբ որ այդ «ուր են»,-ը հանկարծ չի համապատասխանում իրենց մտածելակերպին՝ «ինչի՞ են քթները մտցնում»: Չգիտեմ, մեզ մոտ այնքան ծանր իրավիճակ է այդ առումով՝ մտածելակերպի՛ առումով: Մեկ-մեկ այնպիսի բաներ կարող ես կարդալ սոցցանցերում, որ շատ դժվար է դրան տալ բացատրություն, շա՜տ դժվար: Ու բոլորի հետ հնարավոր չի մտնել երկխոսության մեջ: Դրա համար էլ ասում ես՝ ավելի լավ է ես բոլոր այս պրոբլեմները բարձրացնեմ բեմ ու բեմից խոսեմ, որովհետեւ այնտեղ շատ լավ է ստացվում այդ երկխոսությունը: Երբ բեմից բարձրացվում է պրոբլեմ, որը շատերի մտածելակերպից կամ հոգուց է բխում, այնտեղ հարցեր չեն ծագում»:

Հարցին՝ ասում եք՝ չի լինում մեր երկրում չքաղաքականացվել, ինչո՞ւ չի լինում, արվեստագետը հենց դրանով պետք է տարբերվի, ինքը պետք է ազատ մնա, իր ազատությունը պետք է անսահման լինի, ոչ թե կաղապարվի՝ Հրանտ Թոխատյանը պատասխանեց. «Այստեղ սահմանների հարցը չի, հարգելի՛ս, մենք բոլորս ապրում ենք սոցիումում ու ամեն վայրկյան այդ բոլոր հարցերը, որոնց մասին զրուցում ենք, սրա նման միլիոնավոր հարցեր կան, որոնք գալիս, առնչվում են արվեստագետին, չես կարող կողք կանգնել ու ասել՝ ես մաքուր արվեստի կողմնակից եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031