Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանն ու Գյումրու օդային տրամվայները․ հեղինակը նույն անձն է

Հուլիս 02,2020 22:33

Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում քննարկվեց Գյումրու օդային տրամվայներ ներդնելու ծրագիրը, որի հեղինակը Աֆրիկայի Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում գործունեություն ծավալող գյումրեցի Խաչատուր Սարգսյանն է՝ «Արմոն» ՍՊԸ-ի տնօրենը։

Այսօր Սամվել Բալասանյանի բառերով «հեքիաթ» հիշեցնող այս բիզնես ծրագրի քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ հեղինակը Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու համար ծրագիր ներկայացրած անձն է։ Հիշեցնենք, որ կոկորդիլոսաբուծարան կառուցելը մեծ աղմուկ հանեց, երկար ժամանակ դարձավ հումորի թեմա։

Քննարկմանը մասնակցում էին «Իմ քայլը» դաշինքի երկու պատգամավորներ՝ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը։

Կարեն Սարուխանյանը հարց ուղղեց Խաչատուր Սարգսյանին, թե ի՞նչ եղավ կոկորդիլոսաբուծարանը։

Խաչատուր Սարգսյանը պատասխանեց․ «Արարատի մարզինը կոկորդիլոսաբուծարան չէ, դա էկոայգի է, ինչի համար ժողովուրդը տեսնում է մի ֆրազ։ Էսօր գտնվում է սառեցման փուլում, որովհետև դա զուտ զբոսաշրջային է, մենք մարտից սկսելու ենք էդ աշխատանքները։ Ֆինանսավորումը կար, բայց ասում է ուրբաթը շաբաթից շուտ եկավ, հիմա անիմաստ է ներդնել նման գումարներ՝ նման ծրագրերի համար, որովհետև դրանք արդյունավետ չեն բիզնեսի տեսակետից։ Դրա համար մենք չենք փակել այդ ծրագիրը, չենք կասեցրել, ուղղակի սառեցրել ենք։

Հիմա նմանատիպ ծրագրերի մասին, ես երկար տարի դրսում եմ ապրել՝ 15 տարուց ավել, եղել եմ մի քանի կառավարությունների խորհրդատու՝ հիմնականում բիզնեսի գծով ու ասեմ գաղափարը որտեղից առաջացավ, անցած տարի մենք ունեինք հյուրեր՝ պաշտոնատար անձինք Տանզանիայից, որոնց ես 2016 թվականին ներկայացրել էի այս ծրագիրը, և նրանք ինձ ստիպելով, համոզելով հետ տարան։

Այսինքն՝ դեկտեմբերին ես այնտեղ էի, ստորագրված է պայմանագիր, այնտեղի ծրագրի արժեքը երկու միլիարդ է, բոլոր թույլատրությունները տրված են, և ես ստիպված պարտավորություն ունեմ գնալու, այնտեղ շարունակելու։ Նորից ինչի համար առաջացավ այս ծրագիրը էստեղ, մայիսից մենք պիտի սկսեինք էնտեղ, ներդրողը շատ անհանգստացած էր, որովհետև նա գումարները սառեցրել էր տրամադրելու համար։

Ֆորս մաժորը ֆորս մաժոր, ես իրեն առաջարկեցի, որ ներդրումներ անի այստեղ, համաձայնությունը հետևյալն է․ ինքը պատրաստ է 500 միլիոն ներդնի, եթե ես չկասեցնեմ Տանզանիայի ծրագիրը։ Այսինքն` ես ստիպված և՛ այստեղ պետք է լինեմ, և՛ այնտեղ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031