«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Շատ կարևոր մի բանի մասին եմ ուզում գրել։
Կան չէ՞ էդպիսի մանրուքներ, սիմվոլիկ նշաններ, որոնք արտահայտում են երկրում տեղի ունեցող երևույթների խորքային կողմերը։
Ասենք Մարտի 1-ի ողբերգությունը շատ մեծ էր, բայց կատարյալ լկտիություն էր դրանից 40 օր հետո Սերժի երդմնակալության օրը գունավոր օդապարիկներ երկինք բարձրացնելը, Քոչարյանի կառավարման տարիները հազար ու մի աղետ էին պարունակում, բայց հունից հանում էր կանգառներում աշխատավոր կանանց ջիպերով նվաստացնող պորճի լակոտների վարքը, Լևոնի կառավարման տարիների մասին հազար լուրջ բան կարելի է ասել, բայց կյանքում չի մոռացվի, որ աղքատ ժողովրդի վրա «ագնետուշիծել» էին ծախում ու չառնողին 50 դոլար տուգանում էին։
Կարդացեք նաև
Այ հիմա, Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին էլ հազար լուրջ քննադատություն կարելի է հնչեցնել, բայց կա նշանային մի բան, որը բնութագրում է պատահաբար աթոռին հայտնված մարդկանց դեգրադացիայի ամբողջ խորությունը։
Լուսանկարում կառավարական համարանիշերով մեքենաներն են՝ Էդուարդ Աղաջանյանին պատկանող ակումբի դիմաց, ՄԱՅԹԻՆ կայանված։ Ծառայողական մեքենաները, ոչ աշխատանքային ժամին, զվարճանքի օբյեկտի դիմաց, կայանված են մայթին։ Ու նույն տեսանյութում, որից վերցված են այս լուսանկարները, կա մի քանի դեպքի արձանագրություն, որ հաճախորդներին մասսայաբար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, իսկ ով բողոքում է՝ առաջարկում են «հյուրասիրություն», սա անում են ի հեճուկս վարչապետի գիշեր-ցերեկ տարվող պրոպագանդայի, որ ՀԴՄ չտպելը բանակ թալանելուն հավասար բան է, սա անում են ի հեճուկս այն փաստի, որ հասարակ մարդկանց օբյեկտները բանսարկությամբ փակում են հարկային տեսուչները։
Սա հանցանք չի, սա դատվելու բան չի, բայց սա քաղաքական դեգրադացիայի ու քաղաքական վախճանի սկիզբն է։ Նիկոլ Փաշինյանի զինակիցները ասեղներով մտել են նրա քաղաքական հեղինակության երակը ու հարբեցողության մեջ են։
Պարո՛ն վարչապետ, ես գիտեմ, որ Ձեզ տեղեկանքներ են ուղարկում իմ ու այլ մարդկանց գրառումների վերաբերյալ և ուղարկում են մի քանի կառույցներից։ Հետևաբար հետայսու համոզված եմ, որ Դուք տեղյակ եք սրա մասին։
Հանե՛ք այս մարդուն, որովհետև այն ինչ ինքն է անում՝ մտածողություն է, իսկ դա սաստելով կամ տուգանելով չեք փոխի, հանեք նրան իր այս կոմֆորտ կարգավիճակից ու ուղարկեք այնտեղ, որտեղ կար մինչև 2018-ի ապրիլը, հակառակ պարագային ես սա ընկալելու եմ, որպես հովանավորչություն։ Չէ՞ որ Քոչարյանն էլ անձամբ փողոցներում լկտիություններ չէր անում»։
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրել է.
«Սիրելի հետևորդներ,
Անկեղծ ասած երկար մտածում էի, թե արդյո՞ք իմաստ ունի անդրադառնալ վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվող և շահարկվող լրատվությանն առ այն, թե իբր ինձ պատկանող հաստատությունում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, այն պարագայում, երբ ինքս տարբեր առիթներով հրապարակավ մեղադրել եմ նման վարքագիծ դրսևորող տնտեսավարողներին։ Ակտիվորեն շրջանառվում է նաև մի ավտոմեքենայի լուսանկար, որն օրենքի խախտմամբ կայանած է տվյալ սրճարանի դիմաց, որով փորձ է արվում բնութագրել ինձ, որպես օրինախախտ և հղփացած պաշտոնյա, ով իրեն համարում է օրենքից վեր և կայանում է ծառայողական ավտոմեքենան օրենքով չնախատեսված վայրերում։
Ավաղ նման ապատեղեկատվությանն անդրադառնալն իր մեջ պարունակում է դրանց էլ ավելի մեծ կարևորություն տալու, դրանով իսկ էլ ավելի տարածելու ռիսկեր։ Մյուս կողմից՝ չարձագանքելն իր մեջ պարունակում է հանրության գիտակցության մեջ որոշակի նստվածքի առկայություն, որը երկարաժամկետ ժամանակահատվածում ձևավորվում է աղավաղված պատկերացում տվյալ անձնավորության, պաշտոնյայի կամ երևույթի նկատմամբ։
Ըստ այդմ՝ որոշել եմ, այնուամենայնիվ, անդրադառնալ մեղադրանքներին հերթով և առավել հանգամանալից։
Եվ այսպես.
- Մինչ 2018-ի մայիսյան իրադարձությունները ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, զուգահեռ աշխատելով HSBC բանկում։ Սրճարան/ակումբը, որը հիշատակվում է շրջանառվող հոդվածում՝ հանդիսացել է ինձ պատկանող ձեռնարկությունը, որով զբաղվել եմ դեռևս 2014 թվականից։ Բնականաբար պաշտոնի ստանձնման առաջին իսկ օրվանից հաստատության գործունեությունը դադարեցվել է թե՛ ֆորմալ առումով և թե՛ փաստացի։ Այն վերագործարկվել է 2019 թվի դեկտեմբեր ամսից, իսկ ԱՁ-ն ձևակերպվել է հաստատության փաստացի կառավարիչ հանդիսացող անձի անվամբ։ Ըստ այդմ՝ ինքս ո՛չ ֆորմալ առումով և ո՛չ էլ փաստացի որևէ ներգրավվածություն չեմ ունեցել և չէի էլ կարող ունենալ դրա ընթացիկ գործունեության մեջ։ Եվ քանի որ ի սկզբանե այն ձևակերպված չի եղել որպես ՍՊԸ, հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակ ևս չի եղել։ Այսքանը տվյալ հաստատության և իմ կապի մասին։ Կարծում եմ այս նախաբանը կարևոր է հետագա պարզաբանումների համատեքստում։
Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի, վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։ (տես հղումները մեկնաբանություններում)։
Ըստ այդմ՝ սույն հաստատությունը վերը նշված թվով 11 000 դիմումատուներից մեկն էր, որի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկար և չէր կարող լինել։ Իսկ շրջանառվող տեսահոլովակը պատրաստվել է ձմեռվա ամիսներին, երբ ՀԴՄ սարքերի դեֆիցիտ կար։
Իհարկե ցավում եմ, որ ստիպված եմ այսքան ժամանակ ծախսել տարատեսակ անհեթեթ մեղադրանքներին արձագանքելու համար, սակայն ինչպես արդեն նշեցի՝ անտեսելու պարագայում մեր քաղաքացիների որոշ շրջանակի մոտ կարող էր առաջանալ տարընկալում։ Հետևաբար միշտ ասել եմ և կշարունակեմ պնդել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսավարողները այդ գումարի չափով գողանում են պետությունից, թողնելով դրանից բխող բոլոր հետևանքները Հայաստանի պաշտպանության, առողջապահության, կրթության, տարածքային զարգացման և այլ ոլորտների վրա։ Եվ այս պատասխանատվությունը պետք է կիսեն գործարքի բոլոր կողմերը հավասարապես (գնորդ, վաճառող)։
- Ինչպես արդեն փաստեցի՝ քննարկվող հաստատությունը հանդիսացել է ընտանիքիս սեփականությունը դեռևս 2014 թվից, հետևաբար իմ այնտեղ աշխատանքային ժամից հետո պարբերական այցելությունը թերևս, բացատրելի է։ Սակայն այստեղ կարևորագույն շեշտադրումը կայանում է նրանում, թե արդյո՞ք ես աշխատանքային ժամերից դուրս, օգտագործելով ծառայողական մեքենա՝ այցելում եմ այնտեղ, ենթադրաբար վարորդին սպասեցնելով, մինչ ես կբարեհաճեմ ավարտել «սուրճս»։ Ըստ ապատեղեկատվություն տարածողների՝ հենց սրանում է կայանում խնդրի էությունը, թե հերիք չի սա ավտոն աշխատանքային ժամերից դուրս իր անձնական հաճույքների համար է օգտագործում, մի հատ էլ տեսեք թե որտեղ է կայանում։
Նախ ասեմ, որ կայանման կանոնների խախտումը որևէ արդարացում չունի, բացառությամբ ծառայողական որոշ դեպքերի, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթ ունեցող պաշտոնատար անձանց։ Սակայն հետաքրքրականն այն է, որ աշխատանքային օրվա ավարտին պես, ինքս գրեթե միշտ անցնում եմ իմ սեփական ավտոմեքենայի օգտագործմանը կամ քայլում եմ ոտքով։ Հրապարակված նկարներն ունեն առնվազն մի քանի ամսվա վաղեմություն և արվել են լավագույն դեպքում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Ինչու՞ եմ նշում այս հանգամանքը։ Քանի որ ես կարողանում եմ մտաբերել ընդամենը 2-3 դեպք, երբ գործնական հանդիպումից առաջ 1-2 րոպեով մտել եմ սրճարան կոնկրետ նպատակով, որի ընթացքում ավտոմեքենան կայանված է եղել անմիջապես դիմացը և սպասել իմ ելքին։ Թերևս միանշանակ է, որ իմ բացթողումն է եղել կայանատեղիի խախտումն անուշադրության մատնելը և այս առումով ամբողջությամբ ընդունում եմ իմ մեղքի բաժինը։ Իսկ թե ով և ինչ նպատակով է այս կարճ ժամանակահատվածում «հասցրել» այն նկարել դեռևս հունվար-փետրվար ամիսներին և որոշել դրանք հրապարակել այս օրերին՝ կարող եմ կռահել։
Եվ այսպես, ամփոփելով վերը նկարագրված եղելությունը՝ ուզում եմ ասել հետևյալը.
Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում և չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Զավեշտալին այն է, որ հաճախ իրենք լինելով «պորճիզմի» մարմնացում, փորձում են ինձ բնութագրել, որպես իրենց չիրականացված երազանքների արդյունք։ Ուղղակի հիշեցնեմ, որ այդ արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի և արժանապատվության հասկացությունները։ Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի տեղեկատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն։ Վստահաբար ճգնաժամը կհաղթահարվի։ Իսկ թե դրանից հետո ով որտեղ կհայտնվի՝ ժամանակը ցույց կտա։
Շնորհակալություն ուշադրության համար»։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի մեկնաբանությունից հետո իր հերթին Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է թեմային.
««Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի լրատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն»։ Սա իմ երեկվա գրառման վերաբերյալ Էդուարդ Աղաջանյանի պարզաբանման տեքստի ամենաէական հատվածն է։ Նա մի ահագին տեքստ է գրել այն մասին թե հանգամանքներն ինչքան անարդար են դասավորվել իր հանդեպ ու չի հերքել, որ մայթին կանգնած մեքենաները իրեն էին սրճարան բերել։ Բայց «ազգի դավաճանը» մենք ենք:
Մարդկայնորեն ցավում եմ, որ այսքան կարճ ժամանակահատվածում մարդը ըստ էության մտավ ՀՀԿ-ի արդարացումների դաշտ։ Ափսոսում եմ, բայց այդ մարդու հետ ամեն ինչ վերջացած է»։