Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում հանրային քննարկմանը ներկայացվեց «Սքայ Գյումրի» ծրագիրը, որի իրագործման դեպքում հանրապետության երկրորդ քաղաքում կստեղծվի օդային տրանսպորտի համակարգ՝ իր ենթակառուցվածքներով։ Ներդրողը` «Արմոն» ՍՊԸ տնօրենը, ծնունդով գյումրեցի Խաչատուր Սարգսյանն է, որը երկար տարիներ բնակվել է Աֆրիկայում։ Նա այս ծրագրի իրագործման համար դիմել էր Գյումրու քաղաքապետարան։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այն հետաքրքիր ու անակնկալ ծրագիր որակեց, նույնիսկ ասաց, որ իր համար լրիվ հեքիաթ է։ Այն ըստ քաղաքապետի, ունենալու է 14 կանգառներ, կայարաններ՝ ենթակառույցներով։
Ծրագիրը նախ տեսահոլովակի միջոցով ներկայացրեց Խաչատուր Սարգսյանը։ Պարզ դարձավ, որը խոսքը էկոլոգիապես մաքուր, այլընտրանքային տրանսպորտային միջոցի մասին է, որը պիտի գործի նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Կարդացեք նաև
Այն ավտոմատացված օդային համակարգ է, արագությունը ժամում հասնում է 150 կիլոմետր՝ կախված վագոնի տեսակից։ Դրանք օդային տրամվայներ են, որոնք պարաններով չեն աշխատելու, այլ վերևում ռելսեր են։ Վագոնները կարող են լինել տարբեր չափսերի՝ տարբեր դիզայներական լուծումներով ու տարբեր քանակի ուղևորների կարող են փոխադրել։
Ըստ էության, նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։ Յուրաքանչյուր կայարանում կլինեն հանգստի կամ առևտրային գոտիներ, նույնիսկ կկառուցվի նոր բնակելի էկոթաղամաս, սպորտային համալիր, ինժեներական նորարարական կենտրոն, ու օդային տրանսպորտը կկապի դրանց։
Ըստ քաղաքապետի, որպես կանգառներ հատկացնելու են այն վայրերը, որոնք համայնքային հողեր են, դրանք կտրամադրվեն երկարաժամկետ կամ անհատույց վարձակալությամբ, այսինքն՝ կտան արտոնություններ ներդրումներ կատարելու համար։
Թե ինչու են որոշել ծրագիրն իրականացնել Գյումրիում, Խաչատուր Սարգսյանը հայտարարեց, որ այս հարցն ունի հինգ հիմնավորված և մեկ անձնական պատասխան։
«Հիմնավորված պատասխաններից առաջինը մրցակցությունն է․ դեռ Խորհրդային տարիներից սկսած Լենինականի և Երևանի միջև միշտ եղել է մրցակցություն, պատահական չէ, որ մեկը կոչվել է մայրաքաղաք, մյուսը՝ հայրաքաղաք։ Վերջին 30 տարիներին այդ մրցակցությունը չկա, բայց պոտենցիալը կա, իսկ եթե չկա մրցակցություն, չկա զարգացում։ Առաջին խնդիրներից մեկը Գյումրին դարձնենք մրցակից հանրապետությունում և հետագայում կտեսնենք՝ ինչ կլինի։
Երկրորդը՝ վիրուսի հետ կապված շատ փոփոխություններ են կատարվել աշխարհում․ փոխվել են արժեքները, մարդիկ ճոխությունից անցնում են հարմարավետության, իսկ ամենաթանկն այսօր ժամանակն է։ Մեծ քաղաքներում մարդիկ կորցնում են ժամանակ, չկա հարմարություն, իսկ Գյումրին այն քաղաքն է, որ ունի հարմարավետություն և հնարավոր է զարգացնել, հասցնել առավելագույնին։
Երրորդը՝ զբոսաշրջության ռազմավարության փոփոխությունն է։ Գիտենք, որ ամբողջ աշխարհով զբոսաշրջությունն անկում է ապրում, բայց մենք մոռանում ենք, որ ներգնա տուրիզմն է աճ ապրում։ Յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր մարդ ձգտում է հանգստանալ, տեսնել մի նոր բան և հաշվի առնելով Գյումրիի պոտենցիալը և հնարավորությունները՝ եթե մենք չունենանք դրսից տուրիստներ, կարող ենք հաշվել, որ մեր հանրապետության երեք միլիոն բնակչությունը բավարար է ծրագիրն աշխուժացնելու համար։
Չորրորդը՝ աշխատանքի հեռավար կառավարումը նոր մշակույթ է, որը ներկրվում է և արդեն հնարավորություն է տալիս տարբեր կետերից կատարել մեծ ծավալի աշխատանք, և դա շատ ձեռնտու է գործատուին, որովհետև իր աշխատակցի համար ծախսերն իջնում են նվազագույնի։
Եվ հինգերորդը՝ պիտի նշենք, որ աշխարհում այսօր գոյություն ունեն ահռելի քանակությամբ ազատ գումարներ, մոտավոր հաշվարկներով դա կազմում է 10 տրիլիոն գումար։ Այսինքն կան գումարներ, չկան գաղափարներ, չկան նոր մոտեցումներ խնդրին։
Եվ վերջինը՝ անձնական հիմնավորումը, քանի որ ես գյումրեցի եմ, մեծացել, դպրոցն ավարտել, մանկությունս անցկացրել եմ Գյումրիում և երկար տարիներ բացակայելով Գյումրիից և հանրապետությունից, հասնում ես մի տարիքի, գուցե հասունության տարիքն է՝ 60-ից հետո, զգում ես, որ դու պարտք ունես կատարելու մի տեղ, որը քեզ հնարավորություն է տվել հասնելու այդ աստիճանին»։
Բանախոսը նաև նշեց, որ ծրագիրը ռիսկային է, եթե 100 դրամ սահմանեն, օրական ամենաքիչը 400 հազար մարդ պիտի օգտվի դրանից, որպեսզի տաս տարում կարողանան փակել ծախսերը։ Ըստ ներդրողի, հիմնական մուտքը տեսնում են ենթակառուցվածքների մեջ։
Նա հայտարարեց, որ քաղաքի բնակիչների համար այլ գին կլինի, զբոսաշրջիկների համար՝ այլ գին։ Նախատեսում են երեք տարվա ընթացքում՝ 2023 թվականին իրագործել ողջ ծրագիրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ hy.armradio.am-ի , մյուս լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի