«Եթե մենք հայտնի «սարայը» քանդում ենք եւ դրա փոխարեն կառուցում ենք 26 հարկանի «սարայ» մենք ոչ մի լավ բան չենք անում, մենք պարզապես ոչնչացնում ենք Երեւանը»,-այսօր Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Բեսեդկա» քննարկումների առցանց հարթակում, անդրադառնալով հին Երեւանի պատմությանն, ասաց Ա. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հեղինակ Մարկ Գրիգորյանը: Խոսելով նախաթամանյանական ժամանակաշրջանի մասին, պարոն Գրիգորյանն ասաց, որ իրեն ցավ է պատճառում, երբ տեսնում է, ինչպես են ոչնչացվել Օղակաձեւ զբոսայգին, «Ռոսիա» կինոթատրոնի եւ Օդանավակայանի շենքերը, «Ես դեռ հիշում եմ ինչպես էր Աբովյան փողոցով տրամվայ գնում, Աբովյան փողոցով առվակներ էին հոսում, որոնք գնում՝ ոռոգում էր այգիները»,-ասաց Մարկ Գրիգորյանը: Նա ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, մի շարք պատմական շենքերի՝ այդ թվում՝ Մատենադարանի հեղինակի թոռն է:
Մարկ Գրիգորյանը պատմեց, որ մինչեւ 19-րդ դարի կեսը Երեւանը հողագույն էր, իսկ 19-րդ դարի կեսից արդեն Երեւանի շենքերը կառուցվում էին սեւ տուֆից: Պատճառն այն էր, որ Երեւանի կենտրոնի տակ, ըստ պարոն Գրիգորյանի, 3-4 մետրանոց սեւ տուֆի շերտ կար եւ, երբ մարդիկ ուզում էին նոր տուն կառուցել, փորում էին ու հասնում այդ տուֆին եւ դրանով կառուցում իրենց տունը: Արդյունքում, կառուցվում էին սեւ տուֆից տներ եւ խորը նկուղներ, որոնց մի մասը ծառայում էին, որպես գինու մառաններ: Բայց, Մարկ Գրիգորյանի խոսքով, այդ բոլոր ժամանակաշրջաններում Երեւանը նաեւ կանաչ էր, որովհետեւ Երեւանը այգիների քաղաք էր: Ըստ Մարկ Գրիգորյանի, Դալմայի այգիներն, ըստ լեգենդի, տնկել է Նոյ նահապետը:
Կարդացեք նաև
Երեւանը վարդագույն է դարձել 1940 ականներին, երբ պարզվել է, որ Արթիկի վարդագույն տուֆն ամենաէժանն է: Մոդեռնիզացիայի ժամանակաշրջանում էլ Երեւանի ճարտարապետության մեջ գերիշխել են բետոնապատ շենք-շինությունները: Եվ, որպեսզի բետոնից շենքերը Երեւանը չդարձնեին մոխրագույն, պարոն Գրիգորյանի խոսքով, բետոնը պատվում էր տուֆով:
«Հետո եկավ հետխորհրդային ժամանակաշրջանը ու Երեւանն այնքան խայտաբղետ դարձավ, որ ես նրա գույնը նկարագրել չեմ կարող»,-ասաց պարոն Գրիգորյանը: Նրա խոսքով, ճարտարապետ Թամանյանը եւ նրա աշակերտները Երեւանը ներկայացնում էին որպես հին քաղաք, որը լի է անհետաքրքիր կավաշեն, խառնիխուռը շենքերով. «Սովետական շրջանի հիմնական վերաբերմունքը դա էր, եւ խորհրդային Հայաստանը եկավ, կառուցեց խորհրդային քաղաքը, վեր խոյացան վարդագույն տուֆի շենքերը եւ այլն, դա նրանց պետք էր: Հիմա մենք փորձում ենք վերաիմաստավորել եւ դրա արդյունքում հասկացանք, որ մենք նախաթամանյական Երեւան ենք ունեցել, որը անպայման պետք է պահել: Երեւանյան բերդ ունեինք, որը ոչնչացվել է, դա արդեն չունենք, բայց եկեք պահենք այն կտորները, որոնք դեռ կան»:
Ըստ պարոն Գրիգորյանի, երեւանցի ոչ երեւանցի հակասությունն էլ գալիս է այն ժամանակներից, երբ ցեղասպանության հետեւանքով արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից փախստականներ եկան Երեւան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ