Մեծարգո՛ պարոն Փաշինյան,
Սույն բաց նամակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի մի նախաձեռնություն, որն ուղղված է էկոտուրիզմի միջոցով համայնքային զարգացմանը, որն էլ կառավարության գերակա առաջնահերթություններից է:
Մեր կողմից 2018թ-ի նոյեմբերից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Դսեղ համայնքի տարածքում գտնվող «Ծովեր» բնության հուշարձանի տարածքում կառուցել «Զիփլայն»:
Վերջինս ունենալու է ընդամենը մեկ ճախրուղի, կառուցվելու է ծառերից ամրակցման եղանակով, չեն իրականացվելու բետոնային կամ այլ տեսակի շինարարական աշխատանքներ, չկա ծառահատում, շրջակա միջավայրի վրա ցանկացած կողմնակի, վնասակար ազդեցություն:
Կարդացեք նաև
Ի սկզբանե, ՀԿ Կենտրոնը, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին ու սկզբունքներին և շարժվելով երկրի օրենսդրության առաջադրած պահանջներով, ստացել է նախնական բանավոր և գրավոր աջակցության պատրաստակամություն իրավասու և շահագրգիռ պետական կառույցների կողմից, այնուհետև՝ վարել շարունակական պաշտոնական նամակագրություններ բոլոր լիազոր մարմինների հետ: Հաջորդիվ իրականացվել են՝ Զիփլայնի ելակետի և վերջնակետի տարածքների չափագրում (խոսքը գնում է ընդամենը 500 քմ տարածքի մասին), տեղազննում, նախագծի կազմում, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթաց, տարածքի վարձակալության համար հայտի ներկայացում:
2020 թ.-ի հունիսի 22-ին՝ երկու տարի տևած բյուրոկրատական թղթաբանությունից հետո վերջապես պետք է կայանար տարածքը վարձակալությամբ տրամադրելու նպատակով Անտառային կոմիտեի կողմից նշանակված մրցույթը: Մրցույթը չկայացավ հանձնաժողովի կողմից դեմ առ դեմ քվորում չապահովելու պատճառով (միևնույն ժամանակ հանձնաժողովի 3 անդամներ պատրաստ էին միանալ առցանց եղանակով) և, ամենազավեշտալին, մրցույթը տեղափոխվում է ոչ թե երկու օր, մեկ շաբաթ, այլ մեկ ամիս անց՝ պատճառաբանելով արտակարգ դրությունը:
Տեղում բերված տարատեսակ փաստարկներն այն մասին, որ այս մրցույթի արդյունքով է պայմանավորված ՇՄԱԳ-ի հետագա ընթացքը և որ հետաձգման պատճառով ընդհանրապես վտանգված է ծրագրի շարունակությունը՝ ժամկետներ չունենալու պատճառով, անտեսվեց հանձնաժողովի կողմից:
Զիփլայնի վերջնակետի տարածքի հետ կապված ևս, որը համայնքապատկան է, անվերջ շարունակվում է տարածքի տրամադրման գործընթացը: Դեռևս 2019-ի վերջերին համայնքի ավագանին որոշում է ընդունել փոխել հողի նպատակային նշանակությունը և հողաշինական փաթեթն ուղարկվել է Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը, որը դրական եզրակացություն է տվել և ուղարկել փաթեթը միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը: Հաստատումը մինչ օրս առկա չէ: Արդյոք հողի նպատակային նշանակության փոփոխության ավելի քան 9 ամիս տևողությունը նպաստավոր միջավայր է ստեղծում ներդրումների համար:
Այսպիսով, երկու տարի ցուցաբերած համբերատար մոտեցումը և պայծառ ապագայի մղումով օրենքի տառին համապատասխան գործընթաց իրականացնելու ցանկությունը հոդս է ցնդում բյուրոկրատական անվերջ թվացող գործընթացների պատճառով:
Սույն բաց նամակով խնդրում ենք Ձեր աջակցությունը գործընթացը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար (մենք ժամանակ ունենք առավելագույնը մինչև օգոստոսի 15-ը Զիփլայնը կառուցելու համար, որից հետո ստիպված ենք լինելու վերադարձնել վերջինիս կառուցման համար մեր հայթայթած ֆոնդերը և կասեցնել ծրագիրը):
Մասնավորապես, խնդրում ենք աջակցել հետաձգված մրցույթը սեղմ ժամկետներում անցկացնելու հնարավորության ստեղծմանը, քանզի վերջինիս պետք է դեռևս հաջորդի ՇՄԱԳ գործընթացն ու Զիփլայնի կառուցումը և որոշում ընդունել՝ ի նպաստ համայնքային զարգացման այս փոքրիկ, բայց կարևոր նախաձեռնության իրականացման:
Կարևոր ենք համարում նաև նշել, որ այս նախաձեռնությունը զուտ բիզնես պրոյեկտ չէ, այլ սոցիալական ձեռնարկության գաղափարախոսության ներքո է իրականացվում, որը ենթադրում է ամբողջական շահույթի ներդրում համայնքի զարգացման գործում:
Հ.Գ. 1.
Հատկանշական է, որ ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեն բացարձակ չի դիտարկվում հանձնաժողովի նիստն առցանց եղանակով անցկացնելու տարբերակը, երբ տրամաբանական կլիներ, որ նույն արտակարգ դրության պայմաններում երկրի որդեգրած մոտեցումը առաջին հերթին պահպանվեր պետական կառավարում իրականացնող մարմնի կողմից:
Հ.Գ. 2.
Պետք է փաստենք, որ մեր երկրում պետական կառավարման համակարգը պատրաստ չէ պատշաճ արձագանքել ստեղծվող իրավիճակներին և չունի այնքան ճկունություն, որպեսզի արագորեն կողմնորոշվի և կանգնի երկրի զարգացմանն ուղղված իրական ներդրումների պատրաստ, բոլոր գործընթացներն օրենքի տառին համապատասխան իրականացնող կառույցի կողքին:
Այս գործելակերպը բացասաբար է անդրադառնում զարգացման գործընթացների և հետագա գործընկերությունների կառուցման վրա:
ՀԿ Կենտրոն
“NGO Center” Civil Society Development NGO