Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բառացիորեն ինքն ասում է՝ նույնքան լկտի, ինչպես Դուք: Ես գնահատել եմ արարքը». նոր զարգացումներ՝ Թագուհի Ասլանյանն՝ ընդդեմ Ստեփան Սաֆարյանի գործով

Հուլիս 02,2020 19:55

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում հուլիսի 2-ին տեղի ունեցավ LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում կողմերը դիտեցին հայցվորի ներկայացրած ապացույցը՝ երկու տեսանյութեր: Այնուհետև բաշխվեց ապացուցման բեռը: Գործն արդեն պատրաստված է դատաքննության:

Aravot.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը վերահաստատեց իր հայտարարությունները, թե «լկտի» արտահայտությունը վերաբերել է Թագուհի Ասլանյանի կատարած գործողությանը, արարքին ու մանրամասնեց. «Տեսանյութում էլ է դա երևում: Երբ ինձ հարց են տալիս, որ Դուք չե՞ք վիրավորել, ես ասում եմ, որ ես գնահատում եմ գործողությունը, արարքը: Ինչպե՞ս են ներխուժել մասնավոր տարածք: Երբ օտար մարդն առանց հրավերի ոչ միայն մուտք է գործում օտար տարածք, այլև հրաժարվում է դուրս գալ, այո, ես դա որակել եմ լկտիություն: Եվ շարունակում եմ պնդել, ինչպես և ասել եմ անմիջապես դեպքի պահին, որ որևէ կերպ որևէ անձի նկատմամբ վիրավորանք չի եղել: Գնահատական է տրվել նրա գործողությանը, ընդհանրապես մասնավոր տարածք ներխուժմանը»:

Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց՝ այսօրվա դատական նիստին դիտել են հայցվորի ներկայացրած տեսանյութերը, որից հետո անցել են ապացույցների բեռի բաշխմանը: Այս առիթով պարզաբանեց. «Հայցվոր կողմի վրա դրվեց պարտականություն ապացուցել, որ հնչած երկու արտահայտությունները վիրավորանք են պարունակում. մեկն այդ գործողություններին գնահատական տալն է և երկրորդը վերաբերում էր, երբ իրենք սկսեցին իրենց հեռուստաընկերություն, տուն հրավիրել, նորմալ համարեցին, որ ես էլ կարող եմ ներխուժել իրենց տարածք, ի պատասխան որի՝ ես ասել եմ, որ Դուք իմ կինը չեք և չեք կարող ինձ որևէ տեղ հրավիրել՝ սաունա կամ մասնավոր տարածք: Նրանք պետք է ապացուցեն, որ այս երկու արտահայտությունները  վիրավորանք են պարունակում իրենց ուղղված: Երրորդ բեռը, որ դրվել է նրանց վրա, ապացուցել, որ փոխհատուցման այն չափը, չեմ էլ նայել՝ հայցադիմումում ինչքան են նշել, խելամիտ է: Ես գտնում եմ, որ հայցը չի բավարարվի, և մենք հասնելու ենք դրան բոլոր ատյաններում, և որը խելամիտ է, ողջամտության սահմաններում է»:

Խոսելով իրենց վրա դրված պարտականությունների մասին՝ Ստեփան Սաֆարյանը նշեց. «Մեր կողմի վրա դրվել է պարտականություն ապացուցելու, որ արարքի գնահատումը լկտիություն համարժեք է եղել ստեղծված իրավիճակին: Նաև մենք նոր ապացույց ենք ներկայացնելու դատարանին մինչև օգոստոսի վերջ, որ որևէ դիտավորություն չի եղել, առավել ևս, որ սկզբից նշել եմ՝ այդ լրագրողին ընդհանրապես չեմ ճանաչել»:

Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց. «Մենք դատը հաղթելու ենք»:

Թագուհի Ասլանյանի շահերի ներկայացուցիչ Լուսինե Վիրաբյանը (լուսանկարում) մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր դատարանում ներկայացված տեսանյութում երևում է ամեն բան՝ ծայրից ծայր՝ լրագրողի մուտքից մինչև վիրավորանքի պահը և հավելեց. «Այսօր ուսումնասիրեցինք այդ ապացույցը, որն ավելի խոսուն է, քան ցանկացած ապացույց: Բնականաբար, պարոն Սաֆարյանը չհերքեց, որ տեսաերիզում ինքն է, դա արդեն դատարանը քննության չի առնի, որ ինքն օգտագործել է լկտի արտահայտությունը: Իրենք արդեն պարտավորվում են դատարանի որոշմամբ ապացուցել, որ դա վիրավորանք չէ: Ես նախկինում էլ ասել եմ, որ ընդհանրապես առաջնորդվում ենք Աղայանի բառարանով, որտեղ լկտի բառի բնութագիրը տրված է, իսկ թե իրենք ինչ բառարանով են առաջնորդվել իրենց մեկնաբանության մեջ, որ համարել են, որ դա վիրավորական բառ չէ, արդեն թող իրենք բերեն, ներկայացնեն և ապացուցեն»:

Մեր փաստմանը՝ Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ իր հնչեցրած արտահայտությունը վերաբերում է գործողությանը, արարքին, փաստաբանն այսպես արձագանքեց. «Բառացիորեն ինքն ասում է. նույնքան լկտի, ինչպես Դուք: Տեսագրությունը կա և մի քանի անգամ պտտվել է: Բնականաբար, կա վիրավորանք, դրա համար մենք հասել ենք դատարան:»:

Փաստաբանը զրույցի ավարտին ասաց՝ սպասում են արդար քննության: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11: 00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031