Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Covid-19-ով կասկածվող հիվանդին բժիշկն ասել է. «Ոչինչ չենք կարող անել, ուղղակի այնքան էիք զանգել, ասի մտնեմ, տեսնեմ»

Հուլիս 02,2020 19:35

«Ես տեսնում եմ, որ համացանցում կատակներ են անում կորոնավիրուսի թեմայով, ծաղրում են դիմակ դնել-չդնելու համար: Մեր փորձառությունը ցույց տվեց, որ պետք է մի քիչ ավելի լավ ռիսկերը գնահատել ու դադարեցնել ապրել այն մտայնությամբ, թե՝ մեզ հետ նման բան չի լինի»,-ասում է Տաթեւիկ Աղաբեկյանը, որի ծնողները մոտ մեկ ամիս առաջ վարակվել էին կորոնավիրուսով, առաջին օրերին ուղղակի անելանելի, անօգնական վիճակում էին:

Aravot.am-ի հետ զրույցում Տաթեւիկն ասում է՝ հիմա նույնիսկ կարեւորություն էլ չեն տալիս, թե ծնողներն ումից են վարակվել, 62 մայրը տանից դուրս չի եկել, միշտ շատ զգույշ է եղել, իսկ 68 ամյա հայրը, թեեւ որոշ տեղաշարժեր ունեցել է, տրանսպորտից է օգտվել մի կարճ ժամանակ, բայց խստորեն պահպանել է հակահամաճարակային կանոնները: Տաթեւիկը մտահոգություն է հայտնում, ասում է՝ կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահական համակարգում մի բան այն չէ, ինչ-որ խզվածություն կա:

Առաջին օրը, երբ հոր ջերմությունը բարձրացել է, հարազատները չեն կասկածել, որ հնարավոր է Covid-19 է, քանի որ հայրը առողջական որոշ խնդիրներ ուներ, ջերմությունը դրա հետ են կապել: 3-րդ օրն արդեն մոր ջերմություն է բարձրացել ու հենց այդ պահից կասկածներ են առաջացել.«Երբ մաման էլ ջերմեց, մտածեցինք հավանականությունը շատ մեծ է, որ կորոնավիրուսով են հիվանդացել: Ինքներս գտանք սատուրացիայի (թթվածնի մակարդակը չափող ) սարք եւ չափեցինք. պապայինը 91 էր դարձել: Զանգահարեցինք 8-րդ հիվանդանոցի պոլիկլինիկա, այստեղ է հայրս հաշվառված, ուզում էինք կանչ գրանցեին, բժիշկը զանգեց իր վերադասին, նա էլ ասաց, որ կանչ չեն գրանցում այսպիսի դեպքերում, թող հիվանդները վեր կենան գան պոլիկլինիկա: Բայց ի վիճակի չէին:

Շտապօգնություն զանգեցինք: Եկան, իրենք էլ թթվածինը չափեցին ու տարան Այրվածքաբանական հիվանդանոցի տրիաժ կենտրոն, որտեղ պահվում են այն մարդիկ, որոնք պետք է մի քանի օր սպասեն թեստի պատասխանին»: Տաթեւիկն ասում է, այստեղ հայրը երեք օր է մնացել, այդ ընթացքում բարձր ջերմություն ուներ, բայց նրան ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել. «Գոնե ջերմիջեցնող մի բան տային: Հետո առավոտյան թեստի համար նմուշառում արեցին, երեկոյան ժամը 9-ի կողմերը հայտնեցին, որ բացասական է պատասխանը: Հայրիկիս ասել էին՝ պետք է շտապ դուրս գաք այստեղից, ու այդպես դուրս հանեցին իրենց իբրեւ հավաստի թեստի բացասական պատասխանով: Թե ինչպես պետք է հիվանդը մարդը դուրս գար, գնար տուն՝ ոչ մեկին չէր հետաքրքրում»:

Բայց քանի որ ծնողների առողջական վիճակը գնալով վատանում էր, ինչպես Տաթեւիկն է պատմում, որոշեցին նրանց ավելի մանրամասն հետազոտության տանել.«Ծնողներիս տարանք «Էրեբունի» ԲԿ, ԿՏ արեցին, բժիշկն ասաց՝ իրենց թոքերը հիմա այն վիճակում են, որ չի կարելի տանը պահել, պետք է հոսպիտալացվի, բայց քանի որ թեստի պատասխանը բացասական է, պետպատվերով բուժում հնարավոր չէ, իսկ վճարովին մոտ 600 հազար դրամ կարժենա: Մենք անելանելի վիճակում էինք, չէինք հասկանում՝ ինչ անել: Ստիպված ծանոթ մեջ գցեցի, չէի ուզի նման բան անել, բայց ծնողներիս կյանքն ավելի կարեւոր էր: Տեղափոխեցինք համալսարանական հիվանդանոց, մինչ այդ մայրիկիս տարել էինք Նորք ինֆեկցիոն հիվանդանոց՝ նմուշառում արեցին: Համալսարանական հիվանդանոցում սկսեցին բուժումը, այստեղ հայրիկիս նորից էին նմուշառում արել: Երկու օրից երկուսի պատասխանը դրական էր: Այս հիվանդանոցում ծնողներիս ծանր վիճակից հասցրեցին ավելի լավ վիճակի, թթվածին էին տալիս: Մայրս շատ վատ վիճակում էր, հորս վիճակն էլ անկայուն էր, թթվածինը տատանվում էր, լրացուցիչ դեղեր էին տալիս: Իմ կարծիքով՝ Այրվածքաբանականում այն երեք օրը մնալով հորս վիճակն ավելի է վատացել, եթե ավելի ուշադիր լինեին, ծանր վիճակին չէր հասնի»:

Հիմա Տաթեւիկի ծնողները լավ են, մայրը տանն է բուժում ստանում, հոր բուժումն ավարտվել է: Տաթեւիկն ասում է՝ իրենք այդ դժվար ճանապարհը հաղթահարեցին, որովհետեւ անընդհատ պայքարում էին, տեղեկացված են, փորձել են կապ հաստատել պատասխանատուների հետ. «Բայց կան հազարավոր քաղաքացիներ, որոնք եթե ախտանիշեր են ունենում, չգիտեն ինչպես վարվել: Օրինակ՝ երբ մենք արդեն գիտեինք, որ ծնողներիս թոքերը վատ վիճակում են, ու Covid-19-ի կասկածներ ունեինք, դիմեցինք պոլիկլինիկա, պահանջում էինք բժշկուհին գա, ստուգի, նշանակում անի: Միայն իմ շատ զայրացած ու կոպիտ խոսելուց հետո է հորս սպասարկող պոլիկլինիկայի բժիշկն եկել: Ու երբ եկավ, հարցրեցինք՝ ի՞նչ կարող եք անել: Ասաց՝ ոչինչ, ուղղակի այնքան շատ էիք զանգել, ասեցի մտնեմ,տեսնեմ: Մինչդեռ մորս սպասարկող պոլիկլինիկայի բժշկուհին հենց սկզբից, երբ կար դրական պատասխան, իր հսկողության տակ վերցրեց, մինչեւ այսօր ամեն օր զանգում է:

Գիտեք, երբ տեսնում ես, որ մարդը հիվանդ է, անպաշտպան, ու երբ տեսնում ես կա մի օղակի մի բուժաշխատող, որը չի փորձում բուժօգնություն տրամադրել, մի բան անել, մտածում ես՝ ուրեմն համակարգը լավ չի աշխատում, որովհետեւ հենց այդ մի բուժաշխատողի պատճառով հնարավոր է ուշացում, եւ ավելի բարդ ու ողբերգական բաներ լինեն: Իմ շրջապատում պոլիկլինիկաների բժիշկների օգնությամբ շատերն են ոտքի կանգնել: Եթե մենք կարողացանք ամեն ինչ անել մեր ծնողների համար, հազարավոր մարդիկ կան, որոնց երեխաները դրսում են, կամ օգնող հարազատ չունեն, պատկերացնո՞ւմ եք նրանց վիճակը»: Պոլիկլինիկայի բժշկուհին մի անգամ զանգել է Տաթեւիկին, բայց ոչ թե իմանալու, թե հայրն ինչպես է, այլ տեղեկացրել է՝մեզ վրա ձեզանից բողոք կա:

Տաթեւիկն ասում է՝ երբ կառավարությունը պարբերաբար խոսում է, որ պետք է վարակի տարածման շղթան կոտրեն, բայց միեւնույն ժամանակ պոտենցիալ վարակակրին կանչում են պոլիկլինիկա, կամ թողնում են հարազատների հոգածության տակ, այդպես շղթան չի կոտրվի. «Օրինակ՝ ես եւ քույրս մեզ ռիսկի ենթարկելով գնում էինք ծնողներիս մոտ, որովհետեւ նրանք մենակ էին, օգնող չկար, իսկ քրոջս երեխան թոքերի խնդիր ունի, իսկ եթե նա էլ վարակվեր: Երբ հայրս հիվանդանոցում էր, մայրս երեք օր մենակ էր տանը, նա չէր կարողանում վեր կենալ, քայլել, մի բան ուտել: Ու այս ընթացքում որեւէ կապ չկար բժշկի հետ: Հասկացանք, որ հույս չկա, ինքներս սկսեցինք խորհրդակցել տարբեր բժիշկների հետ, այդ թվում՝ դրսի, եւ սկսեցինք ինքնուրույն բուժել»:

Տաթեւիկն իրենց փորձը հաշվի առնելով, եկել է այն կարծիքին, որ համակարգում առկա ռեսուրսը լավ չի մոբիլիզացվում, կառավարման օղակում խնդիր կա: Բացի այս, Տաթեւիկը նաեւ նկատում է՝ պետք է իրազեկման ավելի լավ աշխատանք տանել, անընդհատ խոսում են դիմակ կրելու, ձեռքերը լվանալու մասին, լավ, դա արդեն բոլորը հասկացան, բայց հանրությանը պետք է պատրաստել, տեղեկացնել քայլերի հերթականությունը, թե ինչ պետք է անի մարդը, որը կասկածում է, որ վարակվել է, որովհետեւ դեպքերն ավելի են շատանում, զուգահեռ՝ բժշկական ռեսուրսն է պակասում, չեն հասցնում. «Մարդիկ պետք է նախօրոք պատրաստվեն, լուրջ վերաբերվեն, ժամանակին հետաքրքրվեն ինչ է պետք անել, ում դիմել: Նախարարությունն էլ անելիք ունի, իրենք պետք է վերահսկեն, որովհետեւ ամեն տեղ չէ, որ ամեն ինչ կարգին է աշխատում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031