Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ինստիտուտներին են ամենաշատը/ամենաքիչը վստահում հայաստանցիները. civilnet.am

Հուլիս 02,2020 19:07

civilnet.am. Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) հրապարակել է իր հերթական «Կովկասյան բարոմետր» հետազոտության արդյունքները: Հարցումներն իրականացվել են հայաստանցիների շրջանում այս տարվա փետրվարի 21-ից մարտի 15-ը։ Ի շարս բազմաթիվ հարցերի՝ հարցվողները պատասխանել են, թե Հայաստանում որ ինստիտուտներին են ամենաշատը վստահում և որ ինստիտուտներին ամենաքիչը վստահում։

Համաձայն հետազոտության, հանրային վստահության ամենամեծ պաշարն ունի բանակը՝ 88 տոկոս, որին հարցվածների 57 տոկոսը վստահում է լիովին, իսկ 31 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է: Բանակից հետո հայաստանցիներն ամենաշատը վստահում են եկեղեցուն՝ 80 տոկոս: Հարցվածների 46 տոկոսը լիովին վստահում է եկեղեցուն, իսկ ավելի շուտ վստահում է 34 տոկոսը: (Հարցվածները պատասխանել են հարցին, թե որքանով են վստահում կրոնական կազմակերպությանը, որի անդամ են իրենք)։

Բանակի նկատմամբ վստահությունը բացատրելի է երկու հանգամանքով: Նախ` Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության պատճառով գրեթե յուրաքանչյուր ընտանիք օրգանապես կապված է բանակի հետ: Մարդիկ բանակ են ուղարկում իրենց զավակներին, ուստի խոսել բանակի մասին վատը, անուղղակիորեն կնշանակի վատաբանել իրենց զավակներին:

Եկեղեցու նկատմամբ վստահությունը ավելի շատ հոգևոր մակարդակում է և կապված է առ Աստված հավատքի հետ: Հետաքրքիր է, թե ինչ պատկեր կլիներ, եթե հարց տրվեր ոչ թե ընդհանուր կրոնական կազմակերպության, այլ հոգևորականության նկատմամբ վստահության մասին: Վստահության աստիճանը թերևս կտարբերվեր՝ ոչ հօգուտ հոգևորականության:

Հանրային վստահության աստիճանակարգում երրորդ տեղում նախագահն է՝ 78 տոկոս վստահության պաշարով: Հարցվածների 35 տոկոսը լիովին վստահում է նախագահին, իսկ ավելի շուտ վստահում է 43 տոկոսը:

Չորրորդ հորիզոնականում կառավարությունն (վարչապետ, նախարարներ) է՝ 71 տոկոս: Հարցվածների 27 տոկոսը լիովին վստահում է կառավարությանը, իսկ ավելի շուտ վստահում է 44 տոկոսը:

Հարցումն անցկացվել են 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ը, երբ կորոնավիրուսի համաճարակը նոր էր թափ հավաքում Հայաստանում, իսկ կառավարությունը թերագնահատում էր համաճարակի վտանգը, դեռ չէր դադարեցրել սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։

Վստահության սանդղակի հինգերորդ ու վեցերորդ տեղերում նույն ցուցանիշով հայտնվել են ոստիկանությունն ու կրթական համակարգը՝ 51-ական տոկոս: Մարդու իրավունքների պաշտպանին ու խորհրդարանին, համաձայն հարցման, վստահում է հարցվածների 39 տոկոսը: ՄԱԿ-ին ու Եվրամիությանը՝ համապատասխանաբար հարցվածների 38 և 37 տոկոսը:

Բանկերին վստահում է հայաստանցիների 34 տոկոսը: Ընդ որում` լիովին վստահում է հարցվածների միայն 7 տոկոսը, իսկ 27 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է:

Լրատվամիջոցներին միայն 29 տոկոսն է վստահում: ՀԿ-ների նկատմամբ վստահությունն ավելի ցածր է՝ 26 տոկոս: Անվստահության հակառեկորդ է սահմանել դատական համակարգը: Իշխանության դատական ճյուղին վստահում է հարցվածների միայն 22 տոկոսը:

Վստահության ճգնաժամի մեջ են քաղաքական կուսակցությունները կամ քաղաքական համակարգը: Կուսակցությունների նկատմամբ ընդհանուր վստահությունը չի գերազանցում 20 տոկոսը: Ընդ որում լիովին վստահում է հարցվածների միայն 3 տոկոսը, իսկ 17 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031