«Ես բնիկ եմ, եւ սա իմ քաղաքն է» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնող, երգահան Վահան Արծրունին շնորհավորել է համաքաղաքացիներին՝ հայտնելով. «Իմ ֆլեշմոբը հասավ իր բուն նպատակին: Անկատար օրենքը դարձրեց լայն հասարակական քննարկման առարկա:
Հիմա մենք բոլորս միասին պետք է բանաձեւենք յուրաքանչյուր քաղաքացիական խմբերի շահերն ու իրավունքները, հարցադրումներն ու պահանջները եւ պարտադրենք` հետ կանչել օրենքը, կատարել շտկումներ եւ լրացումներ` հաշվի առնելով բոլոր քաղաքացիների շահերն ու իրավունքները, դնել նոր օրինագիծը հանրային քննարկման, հաշվի առնել նոր լրացումները եւ դրանից հետո միայն ընդունել ԱԺ-ում»:
Ինչպես տեղեկացրել ենք, ֆլեշմոբը մեկնարկել էր Գույքահարկի բարձրացման օրենքի դեմ: Նախաձեռնության արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել էր հեռավար քննարկել գույքահարկի թեման, ֆեյսբուքյան ակցիայի մասնակիցներն ընդունել էին առաջարկը:
Թե ինչ են քննարկել ու ինչ եզրահանգման են եկել՝ Aravot.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին ասաց, որ շուտով կհրապարակվի տեսանյութը, նաեւ իրենց տպավորության հետ կապված կլինի հայտարարություն:
Մենք հետաքրքրվեցինք՝ դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ օրենքը հետ կանչվի՝ այն դեպքում, երբ այն արդեն ընդունվել է երկու ընթերցմամբ ու ամբողջությամբ՝ նա պատասխանեց. «Ինձ բացատրեցին, որ օրենքը չի նախատեսում հետ կանչելու մեխանիզմ, որովհետեւ նախագահն արդեն ստորագրել է: Բայց նրանք առաջարկեցին հետեւյալը՝ քանի որ դեռ մեկուկես տարի կա՝ մինչ օրենքն ուժի մեջ մտնի, այդ ժամանակահատվածում կա հնարավորություն օրենքում լրացումներ կատարելու: Մենք բացատրեցինք, որ համընդհանուր հասարակության կարծիքն այսպես չենք կարող ներկայացնել, որովհետեւ հասարակական կարծիքը ձեւավորվում է, երբ դուք սահմանադրական կանոնակարգը չեք խախտում ու ապահովում եք օրենքի հանրային քննարկումը, դուք շրջանցել եք այդ էտապը, հետեւաբար մենք չենք կարող ամբողջ հանրության կարծիքը ներկայացնել, մենք ներկայացնում ենք կոնկրետ մեր խմբի եզրույթները: Նրանք համաձայնեցին ու ասեցին, որ այս մեկուկես տարվա ընթացքում, եթե ծավալվի հանրային քննարկում, բաց են առաջարկները քննարկելու ու հնարավոր փոփոխություններ կատարելու: Ես չգիտեմ, թե իրականում որքանով է դա հնարավոր, համենայնդեպս, իրենց դիրքորոշումը մերժողական չէր ու հեռանկարային էր ինչ-որ չափով, չնայած մեր պայմաններին հակառակ էր: Իսկ մեր պայմաններից առաջինը օրենքը հետ կանչելն էր»:
Կարդացեք նաև
Վահան Արծրունին ասաց, որ 2,5 ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկել են հնարավոր բոլոր ռիսկերը՝ սկսած կոռուպցիոն խնդիրներից մինչեւ ներգաղթի պետական քաղաքականության վրա բացասական ազդեցությունը: Հանդիպումից տպավորություն են ստացել, որ իրենց առաջադրած հարցերին, բազիսային տվյալներին ի պաշտոնե չեն տիրապետել. «Մեր բազմաթիվ հարցադրումներ մնացին անպատասխան: Ես նորից գալիս եմ այն տպավորությանը, որն արտահայտեց երկրի նախագահը՝ օրենքը ժամանակավրեպ է, այսինքն, ինքը վատ է նախապատրաստվել եւ վատ է ձեւակերպվել: Որ օրենքը պետք է լինի՝ դրա դեմ ոչ ոք չի առարկում, բայց օրենքը պետք է լինի այնպիսին, որ չոտնահարի քաղաքացիական խմբերի շահերն ու իրավունքները: Որեւէ քաղաքական կոմպոնենտ մեր հարցադրումների մեջ չկա, բացակայում է»:
Վահան Արծրունին ասաց, որ այս օրերի ընթացքում զգացել է, թե ինչպես են ոմանք փորձում բուն խնդրից ու բուն թեմայից շեղել հասարակության ուշադրությունը երկրորդական հարցերի վրա՝ «բնիկ» եզրույթը դարձնելով գլխավոր. «Բնիկ եզրույթը երկրորդական է, ունի զուտ պատմական հիմնավորում եւ անքննելի է: Իսկ բուն ֆլեշմոբի նպատակը հանրային ուշադրությունը գրավելն էր նոր «Գույքահարկի օրենքի» անկատարության վրա, ինչը ստացվեց 2 օրվա ընթացքում անել»:
Նշենք, նախաձեռնության մեջ ներգրավված են Մարկ Գրիգորյանը, Հրանուշ Խառատյանը, Լեւոն Չուգասզյանը, Զարուհի Մուրադյանը, Հրանտ Թոխատյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Վահան Արծրունու ֆեյսբուքյան էջից