Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ՛ մարդ, մի ձեն հանի, անհանգստանըմ ենք, է՜…»

Հուլիս 02,2020 18:20

Ինչպե՞ս են վերանում անտառներն ու լեռնային գետերը: Եկեք Դեբեդ՝ կիմանաք:

Ինչ-որ մի փողատեր որոշել է այստեղ ջրային էլեկտրակայան կառուցել, ինչ-ինչ ուղիներով հասել է նպատակին՝ ավերելով ձորը: Դա քիչ են համարել ու հիմա նախկին ջրառի տեղից ևս մի 400 մետր գետի հոսանքով վերև են բարձրացել, որ ավելի մեծացնեն խողովակի մեջ առնված ջրի ճնշումը, որ ավելի շատ էներգիա արտադրվի:

Գետափի անտառը ոչնչացված է, ձուկը վերացել է և այլն:

Արտադրված 10 կՎտ էլէներգիան էլ որոշել են գյուղով հասցնել Դսեղ, ինչը, քաղաքաշինարարների կարծիքով, անթույլատրելի է: Գյուղացիների մեծ մասը դեմ է, բայց պարզվում է, որ փողի ու կապերի դեմ «խաղ չկա» (իրենց կարծիքով): Հարյուրավոր դեբեդցիների ստորագրություն կա այդ ծրագրի դեմ: Ավելին,  պարզվում է, որ էլեկտրակայանը կառուցվել է, բայց գյուղապետարանի հետ պայմանագիր չի կնքված…

Դեբեդցիները խնդրեցին զբաղվել խնդրով և ես նամակներ գրեցի համապատասխան կառույցների ղեկավարներին (տրամադրում եմ խմբագրությանը), ստացա պատասխաններ, որոնք իրականում խուսագրություններ են կամ ժամանակ ձգելու և այդ ընթացքում «գործը» գլուխ բերելու փորձեր: Մենք էլ ձևեր գտանք և առայժմ կարողացել ենք կասեցնել կայանը գործարկելու ընթացքը: 2020թ. փետրվարի 27-ին գրությամբ կրկին դիմեցի Լոռու մարզպետին (ստորև հրապարակվում է), բայց մինչ օրս պատասխան չեմ ստացել: Պարտիզանական լռություն է: Անտառ էլ չի մնացել, թե ասես. «Բալի անտառիցն ա, ըլարըմ ա ձեն հանի»: Տեսնենք:

ՀՀ Լոռու մարզի մարզպետ Ա. Ղուկասյանին

«Կանաչ ուղի» ՀԿ նախագահ Ս. Գեղամյանից

            Հարգարժան պարոն Ղուկասյան, ստիպված ենք կրկին անդրադառնալու Լոռու մարզի Դեբեդ գյուղի վարչական տարածքում շահագործվող «Չանախչի» կոչվող ՀԷԿ-ին առնչվող խնդրին: Այդ կայանն ստեղծվել է 2000-ականների սկզբին՝ անհասկանալի հիմքերով: Բանն այն է, որ գյուղապետարանը չի կարողանում տրամադրել համապատասխան փաստաթղթերը՝ հողահատկացման, սերվիտուտի և այլն:

Անցյալ տարի մենք դիմեցինք Ձեզ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ խնդրելով ի վերջո պարզաբանել, թե ի՞նչ հիմքերով են նշված «Մավր» ՍՊԸ-ի՝ ՀԷԿ-ի տերերը փորձում 10 կՎտ հզորության մալուխն անցկացնել գյուղի միջով: Պատասխաններն ավելի շատ նման են խուսագրության, մինչդեռ  «Կանաչ ուղի» ՀԿ քաղաքաշինության մասնագետները պնդում են, որ դա անթույլատրելի է:  Ի դեպ, «Մավրի» կազմած նախնական նախագծով այդ հաղորդալարը պետք է շրջանցեր գյուղը, սակայն «անհաղթահարելի խնդիրների պատճառով» փոխվել է երթուղին, և այն որոշել են անցկացնել գյուղի միջով: Մեր կարծիքով, այդ «անհաղթահարելի խնդիրներն» իրականում հանգում են ծախսերին, այսինքն՝ բնակավայրի միջով, մարդկանց անվտանգությունն անտեսելով մալուխ անցկացնելը շատ ավելի էժան է:

Եղել են հանրային քննարկումներ, սակայն գյուղացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է գյուղի միջով մալուխն անցկացնելուն, քանի որ զգուշանում են դրա հնարավոր վտանգներից: Բացի այդ, ՀԷԿ-ն արդեն մեծ վնասներ է հասցրել տեղի բնությանը, գետում տարիներ ի վեր վերացել էր ձուկը, քանի որ հնարավորին չափ շատ արտադրանք տալու նպատակով տնտեսվարողը վերցնում էր գետի ամբողջ ջուրը՝ որակազրկելով կայանից ներքև ընկած հոսանքը: Նշեմ նաև, որ «Մավրի» ներկայացուցիչների «բացատրական» ջանքերը համարյա անարդյունք են մնում, իսկ գյուղապետի դիրքորոշումը որոշակի մտորումների տեղիք է տալիս:

Խնդրում ենք պարզել.

ա) իրավական ի՞նչ հիմքով է կառուցվել այդ ՀԷԿ-ը (մեր դիտարկմամբ՝ հնարավոր են կոռուպցիայի դրսևորումներ)

բ) ովքե՞ր են իրական շահառուները

գ) ի՞նչն է պատճառը, որ գյուղի բնակչության կարծիքն ստորադասվում է ինչ-որ ՍՊԸ-ի շահին

դ) կարո՞ղ ենք պաշտոնապես իմանալ, թե այդ ի՞նչ «անհաղթահարելի խնդիրներ» են վկայակոչում «Մավրի» տերերը և արդյո՞ք դրանք ավելի կարևոր են, քան դեբեդցիների առողջությունը, անվտանգությունը…

Ձեզ կրկին դիմելու պատճառն այն է, որ «Մավրը» մոտ 1 տարի սպասելուց հետո վերջերս նորից աշխուժացրել է քարոզչական-համոզչական գործունեությունը գյուղում. հայտնի է, որ ավագանու 3 անդամից 2-ին արդեն «համոզել» են: Չնայած դրան՝ գյուղի բնակիչների գերակշիռ մեծամասնությունը որոշել է գերադասել ապահովությունը. նրանք դեմ են մալուխը գյուղի տարածքով անցկացնելուն՝ անկախ դրա, իբր, անվտանգ լինելու հորդորներից:

Հուսով ենք, որ մարզպետարանը, որպես բնակչությանն առավել մոտ գտնվող պետական կառավարման մարմին, կանսա դեբեդցիների պահանջը: Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել կանխելու հնարավոր անօրենությունը: Դրանով իսկ կապացուցենք, որ իսկապես իրավիճակ է փոխվել, և «մեր դեմ խաղ չկա» լկտի կարգախոսը պատմության գիրկն է անցել՝ այդ բառակապակցությունը ծնող երևույթների հետ միասին:

Սուրեն Գեղամյան

Դեբեդի բնակիչների լիազոր անձ

«Կանաչ ուղի» ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031