Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերցրեք գերանդիով այս դատավորներին հանեք, ես դա խնդրի լուծում չեմ համարում». Սուրեն Գրիգորյան

Հուլիս 02,2020 15:43

«Սահմանադրական փոփոխություններով լուծվել է ՍԴ 3 դատավորների եւ ՍԴ նախագահի պաշտոնավարման հարցը»,- այսօր «Արարատ» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Այն, որ ՀՀ նախագահը չի ստորագրել ՍԴ փոփոխությունների հետ կապված նախագիծը, ըստ պատգամավորի, չի նշանակում, որ այս հարցն առկախված է մնալու, ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարել են:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակելու են աշխատել՝ հարգանքով, որպես խորհրդատվական մարմին. «Ոչ մի ծայրահեղությունն է պետք, ոչ մյուս: Չի կարելի անտեսել, կարծիքը հաշվի չառնել, բայց ներկայացված կարծիքը եւ խորհրդատվությունը որպես բացարձակ կարծիք ընդունելն էլ ճիշտ չի»:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ընդդիմախոսների քննադատությունները սահմանադրական փոփոխությունների հետ կապված սպասելի էին. «Նույնը կոռումպացված համակարգի հետ կապված, տարիներ շարունակ այնպես չի, որ միայն կաշառք վերցնողն է ունեցել շահ, բնական է, որ մյուս կողմն էլ է ունեցել շահ, երկկողմանի համաձայնության եկած գործարք է տեղի ունեցել տարիներ շարունակ: Եղել է սակագին, այդ մասին ոչ թե ես եմ ասում, այլ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն է իր զեկույցում նշել, թե որ դատարանում որ գործերն ինչ արժեին: Բնական է, չէ՞, եթե համարենք, որ այդպես է եղել, ե՛ւ գումար տվողն է շահավետ դիրքում եղել, գումարի դիմաց ինքը ազատվել է, հակառակ դեպքում պետք է դատապարտվեր, դատավոր, դատախազ, իրենք էլ ունենում էին իրենց շահը»:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ խնդիրը միայն դատավորների մեջ չէ, դատախազների, քննիչների մեջ էլ կա խնդիր. «ՄԻԵԴ-ից ասում են գործ է եկել, ո՞վ է քննել՝ դատավոր, թող ուրեմն ինքն էլ գումարը փոխհատուցի, բայց պետք է հասկանանք մի կարեւոր բան՝ գուցե մինչեւ դատարան հասնելը կարող է կատարվել են այնպիսի սխալ գործողություններ, որոնց ի պաշտոնե դատավորը չէր կարող անդրադառնալ»:

Այն քննադատությունները, որ այս դատավորների բարեվարքությունը, վեթինգը ուշացած է, պիտի ավելի շուտ քայլեր անեին, նախագիծ բերեին՝ Սիսակ Գաբրիելյանը չի ընդունում, ըստ նրա, սա ամառային արձակուրդների մասին շարադրություն չի, որ 5 րոպեում գրես ու բերես. «Շատ հեշտ է մեկ զանգով զանգես, այդ դատավորների ցուցակն ունենալով՝ ասես հեռացե՛ք: Բայց այդպես արել են ժամանակին, դրա համար էլ չի կառուցվել: Մեր նպատակն է օրենսդրական ճանապարհով, ինստիտուցիոնալ կառուցակարգերով հասնել իսկապես արդարադատություն իրականացնող դատավորների»:

Ի տարբերություն Գաբրիելյանի, Սուրեն Գրիգորյանն ընդունեց, որ դատական համակարգի բարեփոխումների հարցում իսկապես հապաղել են. «Կարող է ինչ-որ մեկը չի ընդունում, ես անձամբ դա ընդունում եմ»:

Հետո նա ասաց, որ արդար դատական համակարգի կայացմանը դիմադրում են նրանք, ում ներկայիս վիճակը ձեռք է տալիս. «Այս բոլորը միջավայրերի համար պայքար է: Ով որ միջավայրում իրեն լավ է զգում, պայքարում է, որպեսզի խաղի կանոնները եւ միջավայրը լինի այնպիսին, որում ինքը լավ է զգում: Եթե կարողանում է գործ հաղթել ու հարց լուծել կոռումպացված դատավորների միջոցով, իր հմտությունը դա է, այն մի միջավայրում չի կարողանալու հաջողակ լինի, դրա համար էլ դրա դեմ պայքարում է»:

Ըստ Գրիգորյանի, կարեւոր հարց է ոչ թե այն, որ դատավորներին հանես, այլ այն, թե ովքեր են գալու նրանց փոխարեն, ովքեր են հետո քննելու մարդկանց գործերը. «Վերցրեք գերանդիով այս դատավորներին հանեք, ես դա խնդրի լուծում չեմ համարում: Ու դա կախված չի նրանից, որ ես պատգամավոր եմ, ես փաստաբան էլ լինեի՝ դա խնդրի լուծում չէի համարելու: Ով առնչվել է դատարանների հետ, հասկանում է, որ պետք է լավ դատավոր, ոչ թե դատարկ աթոռ, էնքան որ վատը չլինի: Գործն առաջ չի գնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031