Այս պահին հանրապետությունում գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, բայց պարզվում է, որ կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա հայտնեց, որ փոփոխություն է կատարվել ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում. «Այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: Մենք այս ժամանակահատվածում Սննդի անվտանգության տեսչության հետ մոնիտորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք՝ ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցները հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»:
Տիգրան Խաչատրյանի խոսքով, այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, տնտեսվարողները սպանդանոց կառուցելու դեպքում կստանան դրամաշնորհ. «Մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 միլիոն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»:
Ըստ նախարարի, սպանդանոցներ կառուցելու անհրաժեշտություն կա Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Լոռիում, Արագածոտնում ու Շիրակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կառավարությունը անասնաբույծների դժգոհության մեծ ալիքի պատճառով հետաձգեց թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի ժամկետները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ