Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. «Այն, ինչ անում է Նարինե Թուխիկյանը, պարզապես անգործություն է»

Հուլիս 02,2020 13:34

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, ինչը դժգոհության տեղիք է տվել: ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ պարզաբանեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ քննարկումների արդյունքում բոլոր ոլորտներից եղել են կրճատումներ: Գումարներն ուղղվել են կառավարության պահուստային ֆոնդ: Եվ այդ կրճատումներից անմասն չի մնացել նաեւ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի համար նախատեսված գումարն ընդամենը 14 միլիոն դրամ էր:

Արմեն Սարգսյանի խոսքով, սակայն, սա այնքան էլ սարսափելի լուր չէ, որովհետեւ նախարարությունը չի մերժելու որեւէ հայտ, որ ստացել է այս տարի, եւ դրանք կֆինանսավորվեն 2021 թվականի հունվարի սկզբին, երբ հաստատվի բյուջեն:

«Արի» գրական գործակալության հիմնադիր տնօրեն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի խոսքից էլ երեւում է, որ ոչ մի բան հաստատ չէ, եւ հարյուր տոկոսանոց չէ, մինչդեռ հրատարակիչներն ու գրական գործակալները այդ ծրագրի համար շատ երկար են պայքարել:

«Մեծ տարբերություն է տալիս ծրագիրը մեր երկրի առաջխաղացման հարցում, մեկ տարով ծրագրի կասեցումը լուրջ տարբերություն է տալու մեր աշխատանքում»,- ընդգծեց Արեւիկ Աշխարոյանը: Նրա ձեւակերպմամբ, այսօր, երբ համավարակի պատճառով հանրային միջոցառումներ չեն իրականացվում, այս ծրագիրը ցանկացած շրջափակման մեջ կարող է աշխատել ու երկրին օգուտ բերել նվազագույն միջոցներով:

«Ուզում եմ, որ հետհեղափոխական ժամանակաշրջանում պետության հետ երկխոսություն լինի. հրատարակիչ, հեղինակ, գործակալ եւ պետություն խոսեն իրար հետ, թե չէ մենք գրում ենք նամակներ եւ ստանդարտ պատասխաններ ենք ստանում պաշտոնյաներից: Մենք կուզենայինք զրուցել որոշում կայացնողների հետ, լինի վարչապետ կամ նախարար, որովհետեւ վստահ եմ, որ նրանք տեղյակ էլ չեն այս ծրագրի մասին: Մենք նամակներ ենք ուղղել նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովին, ուզում ենք մեզ հետ խոսեն, ուզում ենք պատասխանատուներին հիմնավորենք ծրագրի կարեւորությունը»,-հավելեց գրական գործակալը:

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը՝ խոսելով որպես նշյալ ծրագրի հանձնաժողովի անդամ, ասաց, որ իրենց առաջ մեծ խնդիրներ չէին դրել, որ գնան աշխարհը նվաճեն, բայց դրամաշնորհը ունենալով որպես թիկունք՝ մեր հրատարակիչները եւ գրական գործակալները փոքր գումարով արել են շատ մեծ աշխատանք, որ հայ գրականությունը դրսում ներկայանա, Հայաստանն էլ ճանաչելի լինի:

«Դատելով հրատարակվող գրքերից, կարելի է ասել, որ ծրագիրն իր գործառույթը կատարում էր, քանի որ երբ որեւէ լեզվով որեւէ հայ հեղինակի գիրք էր հրատարակվում, դա յուրօրինակ լոկոմոտիվ էր դառնում»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:

«Կարծում եմ, որ վերին մարմինները տեղյակ չեն խնդրից, ես նախարարին գրել եմ, վարչապետին եմ պատրաստվում անձամբ գրել, որովհետեւ խնդիրներին անդրադառնում եւ պատասխանում են՝ լոկալ մակարդակներում ընդունված ստանդարտներին համապատասխան: Ինձ տանջում է մշակույթի գծով երկու փոխնախարարների՝ Արա Խզմալյանի եւ Նարինե Թուխիկյանի՝ գրականության հանդեպ անտարբերությունը… Հատկապես այն, ինչ անում է Նարինե Թուխիկյան- Խաչատուրյանը, պարզապես անգործություն է: Չեք տեսնի նրա որեւէ հոդաբաշխ հարցազրույց, մեկնաբանություն՝ կապված իր ոլորտի ինչ-որ խնդրի հետ»,-ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա նաեւ փոխնախարարներին քննադատեց այլ ոլորտների հանդեպ կողմնակալություն ցուցաբերելու համար. «Իսկ օրինակ թատրոնների, թանգարանների գծով եղե՞լ են նման կրճատումներ, թե՞ միայն գրականությանը հատկացված փողերը կարող են փրկել հայ ազգին կորոնավիրուսից»:

Արմեն Սարգսյանը հարկ համարեց տեղեկացնել, որ նախարարն ու փոխնախարարը գիտակցում են «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի կարեւորությունը, եւ նախարարը պատրաստակամություն է հայտնել հետագայում ավելացնել այս ծրագրի համար նախատեսված գումարները: Հայտնեց, որ մնացած ծրագրերից եւս մեծ կրճատումներ են եղել:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագրի ձեւակերպմամբ, «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի գումարը մեծ չէ, եւ ծրագիրը չէր կարելի ստորադասել, հատկապես, որ խոսում ենք աշխարհում մեր իմիջի, համբավի մասին. «Դրանից երեւում է, որ մեր նախարարությունը չունի հստակ ռազմավարություն, չգիտի ուր է գնում, ու այն քաոտիկ պատկերացումը, որ ունեմ նախարարության մասին, այս ամենից հետո իմ տպավորությունն ավելի է խորացնում»:

Արեւիկ Աշխարոյանի խոսքերով, այն, որ «Անտարեսի» գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը ընտրող հանձնաժողովի մեջ է, արդեն իսկ շահերի բախում է. «Ինքը հրատարակչության խմբագիր է, որտեղից հայտեր են գնում: Նաեւ համաշխարհային փորձ կա, երկրների միայն տասը տոկոսի դեպքում են նախարարությունները ֆինանսավորում նման ծրագրեր: Պետք է վերանայվի ծրագրի իրականացումը, որովհետեւ Հայաստանը փոքր է, ու ոնց պտտվում ես՝ շահերի բախման ես հանդիպում»:

Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ չի կարծում, թե արվեստագետները, մշակույթի գործիչները պետք է շարունակական երկխոսության մեջ լինեն պաշտոնյաների հետ, որովհետեւ նախարարությունը չպետք է խառնվի ստեղծագործական պրոցեսներին: Նա կրկին շեշտեց, որ նախարարության ամենաթերի կողմը խնդիրները ռեալ չճանաչելն է, ու նախարարությունից ստացված նամակներից տպավորություն ես ստանում, թե նախկինում ինչ-որ հրամանի պատճենումն է, պարզապես անուններն են փոխված:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031