ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի եւ ՀՀ գլխավոր դատախազության բողոքների քննությունն այսօր վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է, քննության հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին: «Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով էր ուղարկվել, այսօր դատարանը դրանք չէր ստացել: Կողմերը եւս չէին ստացել բողոքները եւ չէին ծանոթացել դրանց բովանդակությանը: Որեւէ քննություն, ըստ էության, տեղի չի ունեցել»,-ներկայացնելով դատական նիստի հետաձգման պատճառը՝ ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ օրերս առաջին ատյանի դատարանը մերժեց Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, ինչի դեմ վերաքննիչ բողոք է հղել դատախազությունը, իսկ Ծառուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքները մի քանի պահանջ են ներառում, այդ թվում՝ հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը:
Մինչեւ դռնփակ դատական նիստի մեկնարկը Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ իրենց բողոքները վերաբերում են նաեւ քրեական գործը ՀՔԾ-ի փոխարեն ԱԱԾ-ի կողմից քննվելու հանգամանքին եւ այն փաստին, որ ԱԺ-ում գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրի եւ դատարանում դատախազության ներկայացրած՝ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության միջեւ էական տարբերություններ կան:
«Քրեական գործի նյութերը, որոնք ներկայացվել էին Գագիկ Ծառուկյանի հանդեպ կալանավորում կիրառելու նպատակով, չէին պարունակում հիմնավոր կասկած, ապացույց, որը կհաստատեր Ծառուկյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին»,-նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը:
Կարդացեք նաև
Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ շեշտեց՝ առաջին ատյանի դատարանը Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը մերժելու որոշման մեջ արձանագրել է՝ չկա փաստական տվյալ, որը կվկայի, թե Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկին ընտրակաշառք է տվել. «Եթե չկա փաստարկ, առաջ է գալիս միջնորդավորումը, մինչդեռ բոլոր տվյալներով անգամ դա չի հաստատվում: Անձի ցուցմունք կար, որը ներկայացվում էր որպես հիմնավոր կասկած, եւ մենք պնդեցինք, որ այդ անձի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ առերեսում կատարվի: Կատարվեց եւ հաստատվեց՝ Ծառուկյանը որեւէ մեկին չի ասել որեւէ անձի կաշառք տալ, չի իմացել դրա մասին, չի կազմակերպել դա, այսինքն՝ միջնորդավորված օղակ չի եղել: Անձը նշել է՝ Ծառուկյանն իրեն ասել է, որ ընտրությունների կազմակերպման ծախսերի համար դիմի ԲՀԿ կենտրոնական գրասենյակ»:
Երեմ Սարգսյանը նկատեց, որ ցանկացած ընտրությունների ժամանակ ծախսեր են հարկավոր, եւ այդ նպատակով է Ծառուկյանը ասել դիմել ԲՀԿ գրասենյակին. «Մնացած գործընթացները չեն կարող ուղիղ կապ ունենալ Ծառուկյանի հետ: Ասում են, թե Վարդենիսում ինչ-որ անձինք կաշառք են ստացել: Շատ այլ գործեր են եղել ինչ-որ տարածքներում կաշառքի բաժանման մասին, բայց որեւէ կուսակցության առաջնորդի դրա համար մեղադրանք առաջադրե՞լ են: Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկին նման հանձնարարություն չի տվել, նման խոսակցություն չի եղել»:
Պաշտպանների խոսքով՝ ողջամիտ չէ ենթադրությունը, որ կուսակցության առաջնորդը պարտադիր պետք է իմանար ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման մասին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերը վերաբերում են, այդ թվում 2017-ին ընտրակաշառքի ենթադրյալ բաժանման եւ հարկերից ենթադրյալ խուսափելու դեպքերին: Ծառուկյանն ու ԲՀԿ պատգամավորները գործընթացը քաղաքական հետապնդում են համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ