Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով դիմակների գներին՝ ասաց, որ հիմա էլ հանրապետությունում դիմակների պրոֆիցիտ (ավելցուկ) է առաջացել:
«Ներկրված դիմակների մի մասը 2 ամիս առաջ են ներկրվել եւ ներկրվել են ավելի թանկ գնով, եւ հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Անգամ 60 դրամով Հայաստանից մեկ անգամ արտահանում է կատարվել: Եթե մենք չենք թողնում դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու միգուցե վնասով, ավելի էժան վաճառել: Այսօր տեղական արտադրության դիմակը 60 դրամ է, իսկ դրսից ներկրվածը մի փոքր թանկ: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մեկ ամսից, որի գինը ենթադրվում է, որ էլի կնվազի»,-ասաց ՏՄՊՊՀ ղեկավարը:
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ հիմա երբ ունենք դիմակների պրոֆիցիտ, մենք կարող ենք անցնել երրորդ փուլին, մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ. «Այսօր շուկայում, երբ նայում ենք դիմակների սպառումը, կարող ենք արձանագրել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային արտադրության դիմակ չի կրում: Նաև ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի հուսալի եւ օգտակար են»:
Վարչապետն ասաց, որ այսօր, երբ հետեւել է միջազգային մամուլին, արձանագրել է, որ նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որոնք դիմակների հետ կապված ուղերձը փոխում են. «Գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել, եւ այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ