Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսել է քննել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի եւ ՀՀ գլխավոր դատախազության բողոքները:
Հիշեցնենք՝ օրերս առաջին ատյանի դատարանը մերժեց Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, ինչի դեմ վերաքննիչ բողոք է հղել դատախազությունը, իսկ Ծառուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մի քանի պահանջ է ներառում, այդ թվում՝ հաստատված համարել կալանքի վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայությունը:
Մինչեւ դռնփակ դատական նիստի մեկնարկը Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց բողոքները վերաբերում են նաեւ քրեական գործը ՀՔԾ-ի փոխարեն ԱԱԾ-ի կողմից քննվելու հանգամանքին եւ այն փաստին, որ ԱԺ-ում գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրի եւ դատարանում դատախազության ներկայացրած՝ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության միջեւ էական տարբերություններ կան:
Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ներկայությունը նիստում պարտադիր չէ. «Անգամ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին վարակված է կորոնավիրուսով, չի խանգարի, որպեսզի դատական նիստը կայանա: Մենք եկել ենք, որպեսզի նիստը չհետաձգվի: Մանրամասն վերլուծություն ունենք, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվողը քաղաքական բնույթ է կրում»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասներ Երեմ Սարգսյանն այս պահին հայտնել չնախընտրեց: Ըստ պաշտպանի՝ իրենք մի քանի ծավալուն բողոք են ներկայացրել դատարանին, ուստի դրանց քննությունն այսօր դժվար թե ավարտվի»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերը վերաբերում են այդ թվում 2017թ.-ին ընտրակաշառքի ենթադրյալ բաժանման եւ հարկերից ենթադրյալ խուսափելու դեպքերին: Ծառուկյանն ու ԲՀԿ պատգամավորները գործընթացը քաղաքական հետապնդում են համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ