Լրահոս
Օրվա լրահոսը

Միջին կարողության ընկերությունները չեն կարողանում մասնակցել գնումներին. որոշումը չի գոհացնում տնտեսվարողներին. «Հրապարակ»

Հուլիս 02,2020 12:23
tender

2019 թ. հոկտեմբերին կառավարությունը փոփոխեց գնումների պայմանները, կայացրեց որոշում, որով 10 մլն դրամից ավելի գնումների մրցույթում հաղթող կազմակերպությունը պետք է ներկայացնի 110 տոկոսի չափով բանկային երաշխիք: Որոշումն օրերս փոխվել է, սակայն, ինչպես հին, այնպես էլ նոր տարբերակը՝ թեթեւակի վերանայված չափանիշներով, չի գոհացնում տնտեսվարողներին, քանի որ նպաստավոր պայմաններ է ստեղծում բացառապես խոշոր բիզնեսի համար, մենաշնորհային իրավիճակ ստեղծելով դաշտում:

Ըստ գործադիրի որոշման, բանկը երաշխիք է տալիս վարկի տեսքով՝ իր տոկոսներով, եւ եթե մասնակիցը չի վճարում դրանք, հայտնվում է «սեւ ցուցակում»: Տնտեսվարողը, որպես երաշխիք, կարող է նաեւ նշված գնի արժեքի գույք գրավադրել կամ, ասենք, նույն չափով գումար սառեցնել, ու եթե նա որոշել է մասնակցել մեկ այլ մրցույթի, կրկին նոր գույք պետք է գրավադրի: Նորամուծության հեղինակն իմքայլական Արտակ Մանուկյանի ղեկավարած կենտրոնն էր, որպես նպատակ՝ հայտարարվում էր որակյալ ծառայությունների մատուցումը: Իրականում կատարվեց այն, որ միայն հարուստ, գույք ու կապիտալ ունեցող ընկերությունները կամ անձինք են կարողանում գնումներ իրականացնել, իսկ միջին բիզնեսը դուրս է շպրտվում գործընթացից:

Բազմաթիվ տնտեսվարողներ, տնտեսական վերլուծաբաններ դեմ արտահայտվեցին նորամուծությանը, նշելով, որ այս փոփոխությունը խոչընդոտելու է ազատ մրցակցությանը, մենաշնորհներ է ձեւավորելու:

Միջին կարողության ընկերությունները չեն կարողանում մասնակցել գնումներին:

Նոր կարգը լուրջ ճգնաժամ էր ստեղծել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների համար: Առանց այս կազմակերպությունների դադարում է ամբողջական ոլորտների գործունեությունը: Օրինակ, անհնար է ճանապարհաշինությունը:

Այս կազմակերպությունների առաջ պահանջ է դրվել՝ որպես բանկային երաշխիք՝ ներկայացնել շինարարության արժեքի մինչեւ 30 տոկոսը, որը բավականին բարձր է, եւ հանրապետությունում տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ կապված խնդիր առաջացավ: Մարդիկ նման երաշխիք ներկայացնելու հնարավորություն չունեին եւ հրաժարվում էին մասնակցել գնումներին: Արդյունքում մրցույթները հայտարարվում էին, իսկ մասնակիցներ չէին լինում:

Մայիսին կառավարությունը կրկին փոփոխեց գնումների կարգը: Փուլային գնումների դեպքում սահմանեց, որ գումարի սառեցումն էլ պետք է «փուլային» լինի, այսինքն՝ ամեն տարվա համար կազմակերպությունն այնքան պետք է սառեցնի, որքան աշխատանքներ նախատեսված են տվյալ ժամանակահատվածում:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031