«Շատերը՝ խանդից, իսկ շատերը՝ այն պատճառով, որ չեն ընդգրկվել մեր կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել մեր նշանակած քաղաքացիներին: Նրանց ժամանակ տվեք եւ կտեսնեք: Ովքեր չաշխատեն, ովքեր չպահպանեն վարքագծի եւ տեմպի կանոնները, մեր հետ չեն քայլելու այդ ուղղությամբ, թեեւ շարունակելու են մնալ մեր քաղաքացիները»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով Արցախի պետական կառավարման համակարգում նոր նշանակումներին՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ընդդիմադիրներին կոչ արեց որեւէ պաշտոնում նշանակվածի առնչությամբ թշնամանք չփնտրել:
«Ուշադրության կենտրոնում պահեք աշխատանքը եւ քննադատեք աշխատանքը, ոչ թե հագուստը, պահվածքը կամ խոսելաձեւը: Իհարկե, վարքագիծը կարեւոր է, բայց ընդհանուր առմամբ: Ինչ վերաբերում է իմ խորհրդականներին եւ օգնականներին, ապա ես եմ ընտրում, թե ով կարող է ինձ խորհուրդ տալ կամ օգնել: Դա հանրային քննարկման թեմա չէ, հանգիստ եղեք: Ում ընտրել եմ որպես իմ օգնական եւ խորհրդական, գիտեմ, թե նրանք ինչ խորհուրդ են տալու եւ ինչպես են ինձ օգնելու: Ի դեպ, որեւէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու: Նա, ով եղել է պաշտոնում ձեւակերպված եւ չի աշխատել, չի շարունակելու աշխատել: Իսկ ով նշանակվի եւ չաշխատի, ազատվելու է պաշտոնից»,-վստահեցրեց Արցախի նախագահը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ