Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից նորություն ունի. Ե՞րբ կարող են մարդիկ պատվաստվել

Հուլիս 02,2020 12:07

«Աշխարհում 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն դրանցից մոտ 20-ն ավելի հավանական է, որ կդառնան պատվաստանյութ»,-այսօր կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, առաջին եւ երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ լինելու են պատվաստանյութեր եւ ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Նախարարը հայտնեց, որ արդեն սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ձեռք բերելու բանակցությունները՝ երկու ուղղություններով ուղիղ արտադրողների հետ, որից մեկը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված «Մոդեռնա» ընկերությունն է եւ որի պատվաստանյութը ամենահավանական թեկնածուներից մեկն է, ինչպես նաեւ բանակցում են ԱՀԿ-ի, ԳԱՎԻ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացանել մեծաթիվ երկրների համար՝ հավաքական քանակներով, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա:

«Ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ, նույնիսկ, դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն եւ մյուս երկրներին հասնի շատ ուշ: Օրինակ՝ երկրների մի մասին հասանելի լինի 2021 թվականի սկզբին կամ 20 թվականի վերջին, իսկ երկրների մի խմբին հասնի դրանից եւս մեկ տարի հետո: Այդ պատճառով շատ կարեւոր է՝ այդ բանակցությունները վարել հիմա, նույնիսկ, երբ չկա պատվաստանյութը»:

Արսեն Թորոսյանի խոսքով, երրորդ փուլի հետազոտությունների ամփոփումը փոխելու է իրավիճակը եւ մենք վերադառնալու ենք սովորական կյանքին՝ առանց դիմակների եւ առանց մնացած կանոնները պահպանելու, ինչն արդեն ուրախալի է. «Պետք է բանակցությունները շարունակել»:

Կառավարության նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այս լուրի ֆոնի վրա, պետք է խստացնենք հակահամաճարակային կանոնները պահելը, որպեսզի մարդկանց չդատապարտենք մահվան: Ըստ նրա, մահերի թիվը կախված է ամենօրյա վիճակագրությունից: «Մեզնից յուրաքանչյուրը հակահամաճարակային պայմաները չպահելով՝ մահվան է դատապարտում մեկ այլ քաղաքացու, բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխիք ունենալ, որ հենց ինքը կամ իր ընտանիքի անդամը, հարազատը չի լինի այդ մարդը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031