Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նաեւ խնդիր ունենք դատավորների թիվը ավելացնելու». պատգամավորներն օրենքի նախագիծ են հեղինակել, որը վերաբերում է դատավորների կենսաթոշակին. «Հայկական ժամանակ»

Հուլիս 02,2020 12:03

ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Աննա Կարապետյանը օրենքի նախագիծ են հեղինակել, որը վերաբերում է դատավորների կենսաթոշակին:

Նախագծի համահեղինակ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մեր զրույցում պարզաբանեց.

«Նախկինում եղել է օրենք դատավորների կենսաթոշակի հետ կապված, այդ օրենքում նշված է եղել, որ դատավորները պետք է ստանան իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով թոշակ: Սահմանադրական դատարանը այդ օրենքը ճանաչել է Սահմանադրությանը հակասող, եւ այդ օրենքը այդ հիմքով հիմա չի գործում: Փաստորեն, այս պահի դրությամբ, այն դատավորները, որոնք Սահմանադրական դատարանի որոշումից հետո գնում են թոշակի, խնդիր ունեն, քանի որ չեն կարողանում օրենքով իրենց հասանելիք թոշակը ստանալ»:

Ստացվում է, որ երբ որ հիմա դատավորը գնում է թոշակի՝ պետությունը չգիտի՞ ինչպես հաշվարկել նրա թոշակը՝ հետաքրքրվեցինք. «Այո, այդ դաշտը բաց է: Պատկերացրեք իրավիճակ. նախկինում, երբ օրենքը կար, թոշակի գնացողը գոնե իր աշխատավարձի 50 տոկոսի չափով ստանում էր թոշակ, հիմա դա չկա, վերացած է, պահանջ է դրված ամենաքիչը աշխատավարձի 75 տոկոսը վճարել, դա էլ ընդունված չի»:

Արթուր Դավթյանը դժվարացավ հստակ թիվ նշել, թե որքան թոշակ կստանա դատավորը իր եւ իր կոլեգաների հեղինակած նախագծի ընդունվելու պարագայում: Պատճառն այն է, որ տարբեր ատյանների դատավորներ տարբեր չափի աշխատավարձ են ստանում:

«Ինչքան ատյանը բարձր է, աշխատավարձը այնքան բարձր է: Իմ իմանալով նվազագույնը մոտ 450 հազար դրամ է… Այսինքն այդքան աշխատավարձ ստացողի թոշակը հաշվարկելու համար պետք է դրանից հանել 25 տոկոսը եւ կստացվի, որ իր աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ է ստանում»,- ասաց Դավթյանը: Ընդ որում սա վերաբերում է միայն թոշակի տարիքի հասած անձանց: Դատավորների վաղ կենսաթոշակի համակարգ չկա, նրանց կենսաթոշակային տարիքը նույնն է, ինչ ՀՀ բոլոր քաղաքացիներինը: Նախագիծը, ըստ Դավթյանի, դեռ պետք է հավանության արժանանա նաեւ Կառավարության կողմից: Լավագույն դեպքում այն կընդունվի աշնանը:

Նախկին դատավոր, այժմ փաստաբան Արսեն Սարդարյանը մեր զրույցում ասաց, որ դրական է գնահատում դաշտը կարգավորելուն ուղղված նախագիծը. «Մենք նաեւ խնդիր ունենք դատավորների թիվը ավելացնելու, որպեսզի դատավորների քանակն այնքան լինի, որ նրանք հասցնեն արդարադատութունը իրականացնեն ժամանակին: Այնպես որ ես գնահատում եմ, որ Կառավարությունը այս նեղ իրավիճակում որոշել է նաեւ այդ խնդիրներին ուշադրություն դարձնել»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031