Գործող իշխանությունները վերջին օրերին իրավաբանության այնպիսի «մաստեր կլաս» են ցուցադրում, որ նախկինները երեւի զարմանքից քար են կտրել։ Նախկիններն ի՞նչ իմանային, որ կարող են մի գիշերվա մեջ սահմանադրական փոփոխություն իրականացնել՝ խորհրդարանում, իշխող մեծամասնությամբ։ Մի քանի ժամում օրենքներ «կարել»՝ առանց ընդդիմության, քաղհասարակության, միջազգային կառույցների կարծիքը հաշվի առնելու։ Եվ այդ ամենը ծառայեցնել բացառապես սեփական քաղաքական շահերին։ Նախկիններն էլ էին դա անում, բայց ամիսների տքնաջան աշխատանքով՝ դեմոկրատիայի ֆոն ապահովելով, ընդդիմության ու միջազգային կառույցների կարծիքն էին հարցնում, քարոզարշավ անում։ Ի վերջո, իհարկե, իրենց ուզածն անցկացնում էին, բայց գոնե՝ գրագետ ու պրոֆեսիոնալ ձեւով, օրենքի տառը պահելով։
Օրենքների միջոցով իշխանական կամքը կյանքի կոչելու հարցում անգնահատելի էր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դերը, որը տարիներ ի վեր զբաղված է եղել օրենքներ գրելով։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց․ «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, դրանք ակնհայտորեն քայլեր են, որոնք խարխլում են իրավական պետության հիմքը, եւ ամեն ինչ ծառայեցվում է զուտ քաղաքական նպատակահարմարությանը։ Սա, բացի նրանից, որ ունենալու է բումերանգի էֆեկտ, նաեւ ստեղծում է շատ վատ նախադեպ ապագայի համար»։
– Երբ հետահայաց նայում եք, Դուք Ձեր թիմի եւ անձամբ Ձեր սխալը տեսնո՞ւմ եք, որ եթե Սահմանադրության մեջ այսինչ կետն այսպես չգրեինք, այսօր նման իրավիճակ չէր լինի։
– Ուրեմն՝ սխալ չի անում նա, ով որեւէ բան չի անում, եւ, բնականաբար, հետադարձ հայացք նետելով, իհարկե, միշտ կարելի է բացահայտել՝ այ, սա սխալ էր։ Այլ խնդիր է՝ արդյոք այդ սխալները ճակատագրակա՞ն են, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, ես համարում եմ, որ այն սխալները, որ այսօր կատարվում են, դրանք ճակատագրական են։
Կարդացեք նաև
– Ի վերջո, Սահմանադրության մեջ կա՞ որեւէ դրույթ, որ արժեր փոխել, որպեսզի այսօր նման խնդիրներ չառաջանային, թե՞ Հրայր Թովմասյանի ու մյուսների գրած Սահմանադրության մեջ ամեն ինչ ճիշտ է։
– Իհարկե, կան դրույթներ, ավելին՝ այդ դրույթների մասին ես ժամանակին էլ եմ բարձրաձայնել, ուղղակի որոշ հարցերի հետ կապված՝ ես այդքան էլ համաձայն չեմ եղել, բայց եղել եմ փոքրամասնություն, եւ այդ փոփոխությունները չեն ընդունվել։ Այո, եղել են հարցեր, որոնց վերաբերյալ ես հայտնել եմ իմ հակառակ դիրքորոշումը, համարել եմ, որ դրանք սխալ են, մի մասը կարողացել եմ համոզել հանձնաժողովի մյուս անդամներին, մի մասը չեմ կարողացել։
– Եվ այդ խնդիրնե՞րն են պատճառը, որ այսօր մենք ունենք սահմանադրական առումով նման ճգնաժամային ու խառնաշփոթ իրավիճակ։
– Ոչ, մենք չունենք Սահմանադրության առումով ճգնաժամային իրավիճակ, մենք ունենք իշխանություն, որը պատրաստ է ոտնահարել Սահմանադրությունը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: