Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացրած հայցից, ինչի հիմքով Վարչական դատարանը, դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, կարճել է հայցի վարույթը:
Քոչարյանը, հիշեցնենք, հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով ՔԾ-ին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտումներ թույլ տալուց: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից:
Հայցին զուգահեռ ներկայացվել էր հայցի ապահովման պահանջ կիրառելու միջնորդություն, որը դատարանը բավարարել էր եւ որոշել մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանին թողնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Օրբելյանը պարզաբանեց, որ հայցից հրաժարվել են՝ դրա առարկայազուրկ դառնալու հիմքով. «Հայցը վերաբերում էր կալանքի պահման պայմաններին, քրեակատարողական համակարգում անձին պահելու դեպքում հնարավոր վատ վերաբերմունքի ենթարկվելուն՝ պայմանավորված կորոնավիրուսով, իսկ օբյեկտիվ իրականության մեջ ՔԿՀ-ները իրենց կառուցվածքով, մոդելով ունակ չեն ապահովել կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի միջոցներ, դա համաշխարհային տենդենց է, հիմա քանի որ կալանքը վերացվել է, փոխարինվել գրավով, գտել ենք, որ հայցի քննությունն այլեւս անարդյունավետ է պաշտպանության տեսանկյունից»:
Կարդացեք նաև
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում