Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքը պետք է լինի միասնական

Հուլիս 02,2020 10:00

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում մտահոգություն էին հայտնում, որ վերջին սադրիչ հայտարարությունները, հռետորաբանությունն ու իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը։ Թեեւ, ինչպես միշտ, համանախագահները չեն նշում, թե Արցախյան հակամարտության հատկապես որ կողմերն են նման հռետորաբանություն կիրառում, բայց թե՛ իրենց եւ թե՛ ամբողջ աշխարհին պարզ է, որ այդ հայտարարությունները հնչում են Բաքվից:

Սակայն զարմանալիորեն այդ նույն հռետորաբանությունը մեր՝ հայաստանյան քաղաքական ուժերը փորձում են օգտագործել իրար դեմ: Վերջին անգամ Իլհամ Ալիեւը հոխորտացել է ադրբեջանական բանակի N զորամասի բացման ժամանակ (հենց այդ հայտարարություններն, ըստ ամենայնի, առաջին հերթին նկատի ունեն համանախագահները): Բնականաբար, չեմ պատրաստվում մեջբերումներ անել այդ, ինչպես միշտ, ագրեսիվ ելույթից: Պարզապես հիշեցնեմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նպատակն է ոչ միայն հայաթափել Արցախը, այլեւ վերացնել հայկական պետականությունը եւ վտարել մեզ այս տարածաշրջանից, ինչի մասին Ալիեւը մշտապես հիշեցնում է: Հետեւաբար, ոչ մի առումով եւ ոչ մի տեսակետից նրա խոսքը չի կարող հեղինակավոր լինել որեւէ հայի համար:

Բայց արի ու տես, ի պատասխան Ալիեւի հոխորտանքի, ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հանդես է գալիս հայտարարությամբ, որում մեղադրանքի սլաքներն ուղղում է ներկայիս իշխանության դեմ: Վերջինս էլ չի կարողանում անտեսել նման մեկնաբանությունը (ինչպես, կարծում եմ, պետք է վարվեր), անպայման պիտի, տղայական լեզվով ասած, «աբարոտկա ֆռա», ուստիեւ վարչապետի մամուլի քարտուղարի շուրթերով հանդես է գալիս պատասխան հայտարարությամբ: Այդ ամենը, բնականաբար, ուղեկցվում է երկու ճամբարների մի քանի տասնյակ ներկայացուցիչների «ուղեկցող մեկնաբանություններով»:

Եթե Ալիեւի ասածներին քաղաքական ուժերը պետք է արձագանքեն, ապա այդ արձագանքը, կարծում եմ, պիտի միասնական լինի: Հասկանում եմ, որ այսօրվա Հայաստանի պարագայում դա հնչում է որպես ֆանտաստիկա («բա մենք էս հանցագործների հետ…» եւ այլն): Շատ ափսոս. իդեալական տարբերակն այն է, երբ արտաքին վտանգներ պարունակող որոշ իրադարձություններին մեր բոլո՛ր հիմնական քաղաքական ուժերն արձագանքում են համատեղ հայտարարությամբ: Դրա համար անհրաժեշտ է, իհարկե, որ նրանց մեջ աշխատի շփումների որոշակի մեխանիզմ: Բայց եթե դա հնարավոր չէ, շատ ցանկալի է, որ առանձին հայտարարությունների դեպքում տոնայնությունը նույնը լինի եւ բացառի փոխադարձ կշտամբանքները:

…Մի քանի ամիս առաջ իշխանությունը «ապրիլյան պատերազմն ուսումնասիրող» խորհրդարանական հանձնաժողով էր ստեղծել, որն, ըստ երեւույթին, կոչված է ապացուցել, որ այդ իրադարձությունների ժամանակ մեր զինվորները կռվում էին բահերի կոթերով, տանկերի մեջ ջուր էր լցված ու ամեն ինչ գողացած էր: Ինձ թվում է, նման բաներով խաղ չեն անում: Անգամ, եթե այդ խաղը քաղաքական է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Սերժի Նիկոլը չի խոսում՝ Սերժն է խոսում: Ի՞նչ տարբերություն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031