Բալետը կարող է աշխարհին ներկայացնել հազարամյակների մեր պատմությունը, ազգային գիտակցությունը, հոգեւոր արժեքները, ժառանգությունը, հզորությունը, առասպելները, ավանդույթները եւ այլն։
Օրերս «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը «Առավոտին» հայտնեց, որ հնգամյա պայմանագիր են կնքել MEZZO TV-ի հետ՝ վերջինիս շնորհելով Ռուդոլֆ Խառատյանի սցենարով եւ խորեոգրաֆիայով «Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումը ցուցադրելու իրավունք։ Առաջին եթերը նշանակված է 2020թ. օգոստոսի 23-ին։ Տնօրենը հավելեց նաեւ, որ MEZZO TV-ն հեռարձակվում է 80 երկրում եւ ունի շուրջ 60 մլն հետեւորդ։ Նրա հավաստմամբ՝ «Զույգ Արեգակները» այդ հարթակում ցուցադրվող երբեւէ առաջին հայկական թատերական արվեստը ներկայացնող ստեղծագործությունն է։ Բնականաբար սա աննախադեպ հնարավորություն է հայկական արվեստը, մշակութային ժառանգությունն ու արժեքները աշխարհին ներկայացնելու համար»։
Երբ 2009թ. Ռուդոլֆ Խառատյանը ընդունեց ՀՀ կառավարության հրավերը՝ ղեկավարելու Հայաստանի ազգային բալետը (ղեկավարել է մինչեւ 2014թթ.), նրա նպատակն էր ձեւավորել այնպիսի խաղացանկ, որի շնորհիվ կբարձրանար թե պարողների կատարողական տեխնիկան եւ թե ներկայացումների գեղարվեստական մակարդակը, ինչը թույլ կտար մեզ միանալ բալետի համաշխարհային ընտանիքին։ Խորեոգրաֆը իրականացրել է շուրջ 35 աշխատանք՝ դասականից մինչեւ ժամանակակից լիամետրաժ ներկայացումներ եւ բալետային համարներ։ Բալետային արվեստի սիրահարները, իսկ նրանք մեզանում մեծ թիվ են կազմում՝ դատելով լեփ-լեցուն դահլիճներից, համոզված ենք՝ կմտաբերեն Խառատյանի անդրադարձը աշխարհահռչակ խորեոգրաֆներ Պետիպայի, Լեգատ եղբայրների, Ժյուլ Պերոսի բալետարվեստի գոհարների թվում դասվող գործերին, Շառլ Ազնավուրի երգերի հիման վրա «Լա Բոհեմ» բեմադրությունը, Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը», Ռավելի «Բոլերոն», Էդգար Հովհաննիսյանի «Վարդանանքը» եւ այլն։ Նրա վերջին շրջանի արժանահիշատակ գործերից է Հարավային Կորեայում իրականացրած «Վերջին արքայադուստրը» ներկայացումը՝ հիմնված պատմական իրադարձությունների վրա։
Տեսարաններ «Զույգ Արեգակներ»-ից
Անդրադառնալով «Զույգ Արեգակներին», որին ժամանակին «Առավոտը» անդրադարձել էր, մեզ հետ զրույցում Ռուդոլֆ Խառատյանն ասաց. «Այս ներկայացումը հանդիսանում է մեր ազգի հազարամյակների գոյության, գոյատեւման, շարունակական աճի ու զարգացման հավաքական խորհրդանիշ։ Բալետի նպատակն, ի վերջո, հավերժության մեջ այն համամարդկային արժեքները ներկայացնելն է, որոնցով հայ ազգը մասնակցել է ու շարունակում է մասնակցել համաշխարհային արվեստի հարստացման գործընթացին։ Մեր տեսլականն էր ստեղծել մի ներկայացում, որը շոշափելի եւ էական փոփոխություն կմտցներ հայկական բալետում, ինչու չէ՝ նաեւ հայկական արվեստում ընդհանրապես։ Ի վերջո, նմանօրինակ նախագծերի շնորհիվ է բարձրանում Հայաստանի միջազգային հեղինակությունը»։ Մեր զրուցակիցը ժպիտով հավելեց, թե ասվածը գուցե վերամբարձ է հնչում, բայց դա իրականություն է։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2015թ. «Բալետ 2021» հիմնադրամը իրականացրեց ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի «Զույգ Արեգակներ» միջազգային նախագիծը, որը ներառված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ցանկում։ Ներկայացումը բեմադրվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Հայաստան» համահայկական եւ «Հրայր եւ Աննա Հովնանյաններ» հիմնադրամների աջակցությամբ։ «Զույգ Արեգակների» երաժշտությունը հավաքական է՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Արամ Խաչատրյան, Ալան Հովհաննես, Առնո Բաբաջանյան, Ավետ Տերտերյան եւ Աշոտ Արիյան։ Նախագիծն իրականացնելու համար ութամսյա ժամկետով հրավիրվել էին արտիստներ Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից եւ Իսրայելից։ Իսկ ներկայացման առաջնախաղի գլխավոր մենապարողները Վաշինգտոնից եւ Շտուտգարդից էին։ Կատարողական կազմն էլ համալրվել էր բալետի հայ արտիստներով եւ, ինչպես Խառատյանն է նշում, այդ ամիսների ընթացքում ջերմ մթնոլորտ էր ստեղծվել հայ եւ հրավիրյալ արտիստների միջեւ, որոնք համագործակցության ընթացքում երբեմն մրցում էին միմյանց հետ, բայց ի վերջո նրանք կարողացան ներկայացնել բարձր որակի աշխատանք։
Զրույցի ընթացքում «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը հայտնեց, որ հիմնվելով հաջողված փորձի, գեղարվեստական թիմի պրոֆեսիոնալիզմի եւ մասնագիտական միջազգային կապերի վրա, մշակում են նոր նախագծեր, որոնք կներկայացվեն նաեւ եվրոպական հարթակներում։ «Մենք հրավիրվել ենք ԿԳՄՍ նախարարություն երկխոսության նպատակով, քննարկելու նախագծեր եւ դրանց իրականացման բազմաթիվ համագործակցային հնարավորություններ՝ հայկական կատարողական արվեստը համատեղ ուժերով նոր մակարդակի հասցնելու եւ հանրահռչակելու հեռանկարով։ Բանակցում ենք նաեւ Կանադայում հեղինակավոր մի փառատոնի հետ, որը մեզ հետ համագործակցելու հետաքրքրություն է արտահայտել։ Իսկ համատեղ ներկայացման կապակցությամբ, որի առաջնախաղը տեղի կունենա 2022-ին՝ փառատոնի շրջանակներում, պարոն Խառատյանն արդեն սկսել է մտմտալ»,- ասաց տիկին Պետրոսյանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Ռուդոլֆ Խառատյանը եւ Լիլիթ Պետրոսյանը
«Առավոտ» օրաթերթ
01.07.2020