Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դռան ետեւում երեխա կա

Հուլիս 02,2020 14:00

Վկա. «Կոպտորեն բռնելով երեխայի ձեռքը եւ հրելով մորը, նրանք ավելի գրավիչ էին, ինչպես Պիզայի աշտարակը»

ՀՀ արդարադատության նախարարությունն անօրինական տեղափոխված եւ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը հաստատելու պահանջի մասին հայցեր ունի, որոնք ավելի հայտնի են հետեւյալ անվամբ` Երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հաագայի 25.10.1980թ. կոնվեցիայի շրջանակներում գործող Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված եւ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձը մերժելու մասին եզրակացությունը հաստատելու պահանջի մասին:

Իտալիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի արդարադատության նախարարությունների կողմից, որպես Կոնվենցիայով նախատեսված Հանրապետության կենտրոնական մարմին, ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել այդ երկրների քաղաքացիների դիմումներն իրենց անչափահաս երեխաներին վերադարձնելու խնդրանքով:

Մանկահասակ երեխաները, որոնց ծնողներից մեկը այս կամ այն երկրի քաղաքացի է, Հայաստանում հայտնվելուն պես, հայտնվում են փակ դռան ետեւում:

Ու մինչ ծնողները դատական կարգով սկսում են վիճարկել իրենց բազմաբնույթ իրավունքները, պաշտպանել, դաժանորեն ոտնահարվում են երեխաների իրավունքները, նրանց հոգեկան փխրուն աշխարհը ենթարկվում է տարատեսակ հարվածների:

«Երեխան լաց էր լինում… նա նոր տանն է… նա սակայն իրավունք չունի խաղալ կահույքի կողքին, քանի որ կարող է քերծել կամ կոտրել որեւէ բան։ Երեխան ունի մեքենա, որը հարվածելով պատին կարող է փշրել պատը», «Երեխան հոր հետ է միայն իրեն լավ զգում… Նա չի սիրում մորը, մորական տատիկին, որն անընդհատ հոր մասին վատ-վատ պատմություններ է անում…  Հայրը կոպտորեն բռնելով երեխայի ձեռքը եւ հրելով մորը, ավելի գրավիչ էր, ինչպես Պիզայի աշտարակը»,

«Հոր պայքարը երեխայի համար ոչ թե խնամք իրականացնելն է, այլ փորձ՝ ամեն կերպ մնալ արտերկրում, քանի որ վերջինս չունի եւ չի ունեցել որեւէ աշխատանք ոչ ՀՀ-ում եւ ոչ արտերկրում, իսկ երեխաների առկայության դեպքում վերջինս ստանում է խնամքի համար նախատեսված պետական նպաստներ, այսինքն՝ հոր բարեկեցությունը կապված է երեխաների նպաստի հետ, ուստի՝ նման դեպքում չի կարող դրական գնահատվել վերջինիս՝ որպես խնամակալ դրսեւորած գործողությունը, քանզի նա, չունենալով այլ եկամուտ, փորձում է գոյատեւել անչափահաս երեխաների հաշվին», «Մայրը հայտնել է,  որ ենթարկվել է բռնությունների, այդ մասին համապատասխան հայտարարություններ է արել նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվել է արտերկրում։ Նկատվել է հուզական լարվածություն, երեխան ցանկություն չի հայտնել գնալ մայրիկի մոտ, հայրիկի հետ նա ունի հուզական կապվածություն, հայրը երեխային վերաբերվում է ծնողավարության գրագետ նորմերով: Երեխան մայրիկի մասին ոչ մի ինֆորմացիա չի տալիս, «մայր» անվանում է իր հայրական տատիկին: Հայրական տատիկի կողմից երեխայի նկատմամբ կա խնամք: Ելնելով երեխայի շահերից, անհրաժեշտ է պահպանել նրա օրվա ռեժիմը, կացության վայրը` միջավայրը, քանի որ միջավայրի կտրուկ փոփոխությունը կարող է ազդել մանկահասակ երեխայի հուզահոգեբանական վիճակի վատթարացման վրա», «Երեխան հաճախում է մանկապարտեզ, երեխայի հուզական-զգայական վիճակը տարիքային կայուն է, խիստ կապվածություն է զգում իր տատիկի եւ հայրիկի նկատմամբ, մշտապես հիշատակում է նրանց իր զրույցներում եւ պատմություններում: Երեխան երբեւիցե դժգոհություն չի հայտնել իր ներկա վիճակից եւ մանկապարտեզում ողջ ժամանակահատվածում ցանկություն չի հայտնել մեկնել ՀՀ-ից դուրս եւ բնակվել իր մոր հետ: Երեխան շփումների ընթացքում երբեւէ չի հիշատակել իր մորը»:

Այս մեջբերումները դատական գործընթացների ժամանակ կողմերի վկաների, հոգեբանների խոսքերից էին:

Երեխաների գործերով այս պահին կա մեկ վճռաբեկ բողոք, մեկ դատական գործընթաց վերաքննիչ դատարանում է, երեքը լսվել են ընդհանուր իրավասության դատարանում:

Դատական գործընթացների ժամանակ երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին վկայակոչվում է Հաագայի Կոնվենցիան,  համաձայն որի. «Սույն Կոնվենցիան ստորագրող պետությունները հստակ համոզված լինելով, որ երեխայի շահերն ամենակարեւորն են նրանց միասին հոգալու հարցերում, ցանկանալով միջազգային մակարդակով պաշտպանել երեխաներին նրանց անօրինական տեղափոխելու կամ պահելու վնասակար հետեւանքներից եւ ընթացակարգեր ստեղծել նրանց մշտական բնակության Պետություն նրանց անհապաղ վերադարձը, ինչպես նաեւ տեսակցության իրավունքի պաշտպանությունն ապահովելու համար, որոշեցին այդ նպատակով կնքել Կոնվենցիա եւ համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ»:

Հաագայի Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված են այն վավերապայմանները, որոնցից մեկի կամ երկուսի առկայությունը ինքնին հիմք է հանդիսանում հայցվող պետության դատական կամ վարչական մարմինների համար չկատարելու կարգադրությունները.

«Չնայած նախորդ հոդվածի դրույթներին` հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները պարտավորված չեն կարգադրություններ անել երեխային վերադարձնելու մասին, եթե երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը, հաստատությունը կամ այլ մարմինն ապացուցում են, որ.

ա) երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.

բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

Դատական կամ վարչական մարմինները կարող են նաեւ մերժել երեխայի վերադարձման մասին կարգադրություն անելը, եթե նրանք պարզում են, որ երեխան դեմ է վերադարձին եւ հասել է այնպիսի տարիքի եւ հասունության մակարդակի, որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը»:

Այսինքն, մերժման հիմքերում դրված նպատակը՝ երեխայի լավագույն շահը ապահովելն է, երբ երեխայի նկատմամբ փաստացի չեն իրականացվում խնամակալության իրավունքները,

երբ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի երեխային, երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն էլ մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատեւումը եւ առողջ զարգացումը»։

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ իր հայացքները ձեւակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբեվում են երեխային։ Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն։ Այդ նպատակով երեխային, մասնավորապես հնարավորություն է տրվում իրեն վերաբերվող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով ունկնդրվել, թե անմիջականորեն, թե իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով։

Երեխաներն իրենց տեսակետները պետք է արտահայտեն իրենց վրա ազդող բոլոր որոշումների վերաբերյալ: Որեւէ որոշում, որը կատարվում է առանց հաշվի առնելու երեխայի տեսակետները, առանց երեխայի կարծիքը լսելու նրանց տարիքին եւ հասունության աստիճանին համապատասխան, նշանակում է, որ երեխային կամ երեխաներին հնարավորություն չի տրվել ներգրավելու իրենց լավագույն շահերի որոշման գործընթացին։

Երեխայի փոքր տարիքը կամ նրա դիրքի խոցելիությունը (օրինակ՝ հաշմանդամությունը, որոշակի փոքրամասնությանը պատկանելը, միգրանտ լինելը եւ այլն) չեն զրկում նրան իր տեսակետները արտահայտելու իրավունքից եւ չեն նվազեցնում երեխայի տեսակետները իր լավագույն շահերի որոշման հարցում։

Վերջերս դատարաններից մեկն իր որոշմամբ կիրառեց հայցի ապահովման միջոց. 6-ամյա երեխայի հորը արգելվել է փոխել երեխայի բնակության վայրը մինչեւ քաղաքացիական գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031