Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսբերգի չերեւացող մասը»

Հուլիս 02,2020 12:00

«Անտեսանելի դիվանագիտության» ձեռքը՝ եվրոպական փաստաթղթերում

Սկիզբը՝ այստեղ

Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերն ուղղված են կառույցի գործադիր մարմիններին եւ կրում են խորհրդատվական բնույթ՝ չունենալով իրավական պարտադիր ուժ: Բայց պարզ է, որ կառույցի փաստաթղթերում ներառված ձեւակերպումներով արտահայտվում է դիրքորոշում: Իսկ այս կամ այն ձեւակերպման ամրագրումը, կամ հեռացումը գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ տարվող աշխատանքի արդյունք է:

Այս տարի ընդունված բանաձեւում առանձին պարբերությամբ (b r) ամրագրված է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ, եւ այդ մոտեցումը առանձնանում է ԱլԳ տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունների շուրջ բանաձեւում տրված մեկ ընդհանուր գնահատականից ու դրանով պայմանավորված շեշտադրումներից:

Մյուս բոլոր հիմնախնդիրները Եվրոպական խորհրդարանը գնահատում է որպես «Ռուսաստանի Դաշնության կողմից ապակայունացում, ներխուժում, ԱլԳ մի քանի երկրների տարածքների օկուպացիա եւ անեքսիա» («notably destabilisation, invasion, occupation and annexation of territories of several EaP countries by the Russian Federation») եւ այդ համատեքստում կոչ է անում՝ «բոլոր օկուպացված տարածքներից արտաքին զորքերի անմիջապես դուրս բերում եւ ռազմական գործողությունների դադարեցում» («an immediate withdrawal of foreign troops from all occupied territories and for an end to military hostilities»):

Ի տարբերություն նախորդ՝ 2017թ. բանաձեւի, այս բանաձեւի հեղինակները եւ Եվրոպական խորհրդարանը առանձին անդրադարձ են կատարել՝ վերահաստատելով իրենց աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքներին: Այսպիսով, ԼՂ հակամարտությունը տարանջատվել է մյուս հակամարտությունների կարգավորման համար Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձեւում շեշտադրված մոտեցումներից եւ սկզբունքներից:

Հավելենք, որ բանաձեւի նույն պարբերությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա:

Հիշեցնենք նաեւ, որ «2009թ. Հիմնարար սկզբունքները» շեշտում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ «ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշումը իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման միջոցով»: Նկատենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման «2009թ. Հիմնարար սկզբունքները» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց 2019թ. մարտի 9-ի, ինչպես նաեւ՝ դեկտեմբերի 5-ի Բրատիսլավայի հայտարարություններում:

Այսպիսով, Եվրոպական խորհրդարանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումը սահմանափակվել է արտահայտել «2009թ. հիմնարար սկզբունքներին» սատարելու ձեւով («O» հղման մեջ):

Հարց է ծագում, ինչո՞ւ են այս տարի խուսափել այդ սկզբունքներն առանձին մատնանշելուց: Ըստ ամենայնի, ադրբեջանական լոբբինգի աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի առանձին ամրագրումից, եւ բանաձեւի հեղինակներին այլ բան չի մնացել, քան ընդհանուր՝ 2009թ. սկզբունքների մասին հիշատակումը:

Այժմ փորձենք համեմատել նախորդ տարիների զեկույցներում ներառված ձեւակերպումները: Այսպես, ԵՄ հարեւանության քաղաքականության, այդ թվում՝ ԱլԳ քաղաքականության առնչությամբ նախորդ բանաձեւերը ընդունվել են 2017թ., 2015թ., 2013թ. եւ 2011թ., իսկ 2012թ. եւ 2010թ. ընդունվել են բանաձեւեր համապատասխանաբար ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների եւ Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարության անհրաժեշտության վերաբերյալ:

Հայտնի է, որ 2017թ. նոյեմբերին ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ ընդունված բանաձեւը միակն է, որ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ Հայ դատի գրասենյակի ջանքերով հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները նշվել են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում՝ առանձին պարբերության մեջ:

Այսպես, 2015թ. ընդունված բանաձեւում խոսվում էր ԱլԳ տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման, այդ հարցում ԵԱՀԿ դերակատարման եւ, ի թիվս մյուս սկզբունքների, ընդգծվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը (38-րդ կետ), ինչը, ԼՂ հակամարտության վերաբերյալ առանձին պարբերության բացակայության պայմաններում, որոշակիորեն հավասարակշռում էր բանաձեւում տարածքային ամբողջականությունը սատարող ընդհանրական ձեւակերպումը:

2013թ. բանաձեւում Եվրոպական խորհրդարանն անդրադարձ էր կատարել տարածաշրջանում առկա «տարածքային վեճերին»՝ այդուհանդերձ նշելով, որ լիովին սատարում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին: Միաժամանակ, մյուս կողմից, առանձին՝ 16-րդ կետում Եվրոպական խորհրդարանը վկայակոչում է իր դիրքորոշումն առ այն, որ «ԱլԳ մի երկրի կողմից մյուսի տարածքի օկուպացիան խախտում է ԱլԳ հիմնարար սկզբունքներն ու նպատակները եւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993թ. 822, 853, 874 եւ 884 բանաձեւերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ 2009թ. Լ՛Աքվիլայի հայտարարության մեջ ամրագրված Հիմնարար սկզբունքներին»:

Արեւելյան հարեւանության քաղաքականության վերանայման վերաբերյալ 2011թ. ընդունված բանաձեւը անդրադարձել էր ԵՄ դերակատարմանը հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում՝ առանց ԼՂ-ին կամ դրա կարգավորման սկզբունքներին անդրադառնալու:

ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ 2012թ. ընդունված բանաձեւում երեք հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին անդրադարձ էր կատարվել միայն ասոցացման համաձայնագրի՝ միջազգային իրավունքի, մասնավորապես ՄԱԿ կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին համապատասխանության համատեքստում: Բանաձեւում նշվել էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցության, ԼՂ եւ «շրջակա օկուպացված տարածքներ» ԵՄ ներկայացուցիչների անվերապահ մուտքի անհրաժեշտության մասին:

Միաժամանակ, Եվրոպական խորհրդարանը ԵՄ գործադիր մարմիններին կոչ էր արել ապահովել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, Եվրոպական խորհրդարանի 2010թ. Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին բանաձեւում արված պահանջներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ 2009թ. Լ՛Աքվիլայի հայտարարության մեջ ամրագրված բոլոր Հիմնարար սկզբունքներին համապատասխան, փոխկապված լինեն ԼՂ հակամարտության հարցում էական առաջընթաց գրանցելու ուղղությամբ վստահելի հանձնառությունների հետ, ներառյալ, օրինակ՝ «Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը եւ դրանց վերադարձը Ադրբեջանի հսկողության ներքո», միջազգային անվտանգային երաշխիքներ, որը կներառեր բազմազգ խաղաղապահ գործողություն՝ միտված «համաձայնեցված պայմանների ստեղծմանը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ ապագա իրավաբանորեն պարտադիր ազատ կամարտահայտման համար»:

Զուգահեռաբար, Եվրոպական խորհրդարանը բանաձեւում մտահոգություն էր արտահայտել «օկուպացված ադրբեջանական տարածքներում հայկական զորքերի անօրինական գործողությունների վերաբերյալ զեկույցների» եւ Հայաստանի բարձր ռազմական ծախսերի (1-ին կետի (y) ենթակետ) կապակցությամբ, կոչ էր արել Հայաստանին դադարեցնել կանոնավոր զորակոչիկներին Լեռնային Ղարաբաղում ծառայության ուղարկելը (1-ին կետի (r) ենթակետ), ինչպես նաեւ նշվել էր «Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում հայկական բնակչության ավելացնելուն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բնակավայրերի կառուցման քաղաքականության» վերաբերյալ զեկույցների ուսումնասիրման անհրաժեշտությունը (1-ին կետի (z) ենթակետ):

Հարավային Կովկասի համար ԵՄ ռազմավարության անհրաժեշտության վերաբերյալ 2010թ. ընդունված բանաձեւում չնայած Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ ԵՄ հարգանքի վերաբերյալ ընդհանրական ձեւակերպմանը, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չի մատնանշվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հատկացված առանձին բաժնում նշվել էր, որ Եվրոպական խորհրդարանը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, Մադրիդյան փաստաթղթում եւ 2009թ. Լ՛Աքվիլայի հայտարարության մեջ պարունակվող Հիմնարար սկզբունքներին: Այդուհանդերձ, այս բանաձեւում էլ, ԼՂ վերաբերյալ նշյալ բաժնում, շեշտադրվում են հազարավոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրավունքները, Եվրոպական խորհրդարանը պահանջել էր, այս առումով, «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը» («demands, in this regard, the withdrawal of Armenian forces from all occupied territories of Azerbaijan»), ինչպես նաեւ արտահայտել էր իր մոտեցումն առ այն, որ՝ «պետք է հրաժարվել այն դիրքորոշումից, համաձայն որի Լեռնային Ղարաբաղը ներառում է Լեռնային Ղարաբաղի շրջակա բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները» («Believes the position according to which Nagorno-Karabakh includes all occupied Azerbaijani lands surrounding Nagorno-Karabakh should rapidly be abandoned»):

Եվրոպական խորհրդարանում, առհասարակ, ԵՄ կառույցներում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ այս կամ այն փաստաթղթում ձեւակերպումները պահանջում են քրտնաջան՝ ամիսների ու տարիների աշխատանք: Պարզ է նաեւ, որ փաստաթղթերում ներառված ձեւակերպումները կոնսենսուսի արդյունք են. շատ դեպքերում նախկինում ամրագրված ձեւակերպումը կարող է դուրս մնալ՝ ինչ-որ բանի դիմաց:

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մշտապես խոսում են «դիվանագիտության անտեսանելիության» մասին, մատնանշում են «այսբերգի չերեւացող մասը»: Մյուս կողմից ակնհայտ է, որ հայկական դիվանագիտության առջեւ ադրբեջանական ֆինանսապես հզոր լոբբինգն է, որն աշխատում է ակտիվ ու ամենուր: Հետեւաբար, ջանքերի փոքր-ինչ թուլացումը կարող է ուղղակիորեն անդրադառնալ միջազգային կառույցներում Հայաստանի ու Արցախի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստաթղթերում ձեւակերպումների վրա:

Սկիզբը՝ այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031