Ինչպես անդրադարձել ենք, կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։ Վերջինս մեզ պատմել էր, որ տատիին սկզբում տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնուհետ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ևս պարզաբանումներ ներկայացրեց թեմայի շուրջ, որից պարզ դարձավ, որ չնայած Գյումրու այս հիվանդանոցը նախատեսված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար, ոչ էլ հանդիսանում է տրիաժ կենտրոն, այդուհանդերձ, ծանր, թոքաբորբով և շնչառական անբավարարությունով շատ հիվանդներ ընդունվում են այստեղ, նմուշառվում են, ախտորոշվում, նոր տեղափոխվում են Covid-ով բուժող հիվանդանոցներ։
Նման դեպքերն էլ շատ հաճախ դառնում են Գյումրի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառ։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում այս հիվանդանոցի 17 բուժաշխատակիցներ էին վարակվել։
«Հիվանդը հունիսի 17-ին ընդունվել է մեր մոտ թոքաբորբի կլինիկայով՝ ծանր վիճակում։ Ընդունել ենք մեր միջանկյալ բաժանմունք, պահել ենք հիվանդին, թեստավորել ենք այդ օրը, 18-ին պատասխանը եկել է դրական։ Նա Գյումրիում ինֆեկցիոն տեղափոխելու ենթակա հիվանդ չէր, ինտեսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդ էր, արյան թթվածնային հագեցվածությունը ցածր էր։ 2-3 օր չենք կարողացել տեղափոխել Երևան, տեղ չի եղել։ Ամսի 21-ին, երբ տեղ է ազատվել, նախնական պայմանավորվածությամբ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի հետ, տեղափոխել ենք այնտեղ։ Չորս օր ստիպված ենք եղել պահել մեզ մոտ»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հարազատները դիմել են ոստիկանություն մահացած տատիի դին գտնելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ