Պարետատան այսօրվա նիստից հետո ճեպազրույցում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ասաց, որ իրենց ինստիտուտը իրականացնում է Հայաստանում կորոնավիրուսի ՊՇՌ թեստերի ախտորոշման արտադրության տեղայնացումը: «Դրա համար անհրաժեշտ բոլոր նյութերը վերջնական քանակներով ստացանք մայիսի 14-ին եւ դրանից հետո սկսեցինք աշխատանքները այդ ուղղությամբ: Այս մեկուկես ամսվա ընթացքում դրանք իրենց մեջ ներառեցին նախաարտադրական պրոցեսների շտկումը, լաբորատոր փորձարկումները, փոքրածավալ քանակի արտադրությունը, որը ուղարկվեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն՝ փորձարկման:
Մենք այսօր ստացանք այդ փորձարկման պատասխանը: Մեր թեստերը երաշխավորում են օգտագործել նմուշների պատրաստման չորս եղանակներից երեքի հետ, ինչը բավականաչափ լավ արդյունք է, եւ այդ երեք նմուշների պատրաստման եղանակների հետ միասին ապահովում են բարձր ճշտություն: Ներկայումս մենք պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր, որոնք կբավարարեն թեստավորման օրական պահանջարկը՝ մոտավորապես 2000-2500: ԱՆ հետ պայմանավորվածություն կա եւ սպասում ենք, որպեսզի կարողանանք մեր թեստերը մատակարարել:
Բացի դրանից մեր ինստիտուտը ներգրավված է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր մշակումներին վերաբերող փորձարկումներին: Մենք փորձարկել ենք այն ախտահանիչ սարքերը, որոնք մշակել են Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, փորձարկել ենք այն ախտահանող նյութերը, որոնք մշակվել են ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ինչպես նաեւ Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:
Բացի այս ամենից, մենք շարունակում ենք մեր գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են կորոնավիրուսի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, նաեւ այն քիմիական միացությունների հայտնաբերմանը, որոնք հետագայում կարող են դառնալ դեղամիջոց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,-հայտարարեց Արսեն Առաքելյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ