Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայրս կորոնավիրուսից մահացած 18 դիակ բացել ու փակել է, մեր տատիի դին չի եղել»․ 82-ամյա գյումրեցի տատիկի դիակի կորելու մասին

Հուլիս 01,2020 21:12

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։

«Մի պահ թվաց աղջիկն անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրն անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։

Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:

Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել։

Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրներից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ ամենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որևէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից»,- գրել էր պատգամավորը։

Aravot.am-ը կապ հաստատեց Մարիամ Մալխասյանի հետ, որը մեզ պատմեց հետևյալը․ «Մոտ տաս օր է՝ 82 տարեկան տատիս տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Մայրս բժշկուհի է, տատիի մոտ կասկածում էր թոքի ուռուցք՝ նորագոյացություն, իրեն սկզբում տեղափոխեցին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղ սկզբում նորմալ էր վիճակը, ջերմաչափեցին, ջերմություն չուներ, մի ժամ չանցած՝ զանգեցին, ասացին տատին ջերմություն ունի, կասկածում ենք կորոնավիրուս։ Մտածեցինք՝ լավ, տատին չորս ամիս է՝ տնից դուրս չի եկել, ինքն էլ նորմալ չէր կարող քայլել, որտեղի՞ց պիտի վարակվի։ Ուղարկեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, թեստը դրական էր եղել, բայց իր քրոջ մոտ, ով իր հետ էր ապրում, թեստը բացասական էր, մեր տան կողքն էին ապրում։

Մենք կապի միջոց թողել էինք տատիի մոտ, երկու անգամ խոսել ենք հետը, բժիշկների հետ էլ ամեն օր խոսում էինք, ասում էին՝ տատիի վիճակը կայուն ծանր է։ Հետո ասացին՝ երկրորդ թոքն էլ է ախտահարվել, բորբոքվել է, ինքն էլ լավ չէր սնվում, համարյա չէր սնվում, ասացին՝ մի երեք օր, որ դիմանա, կառողջանա։

Երեք օրն անցավ, տատին նորմալ էր, պիտի զոնդ դնեին։ Տատին չէր ուտում, ասում էին՝ զոնդ դնենք, որ կերակրենք, ուտելիքից հրաժարվում է։ Այդ օրը հակառակի պես չստացվեց բժշկի հետ խոսել, երեկոյան զանգեցինք հերթապահ քույրի հետ խոսեցինք, ասաց, որ տատիի վիճակը կայուն ծանր է, ուղղակի էլի լավ չի սնվում։

Հաջորդ առավոտ զանգեցին, ասացին, որ տատին մահացել է, հարցրեցինք՝ ինչպե՞ս ենք ստանալու դին, արդյո՞ք վտանգավոր չէ, որ կորոնավիրուսով մահացածին մենք տուն պետք է բերենք։ Ասացին՝ ոչ․ մենք այստեղ հատուկ մշակումներ ենք անցկացնում, կազմակերպություն կա, որը գալիս է, հերմետիկ դագաղ է տրամադրում։ Իմիջիայլոց, նաև նշեմ, որ այդ բոլոր ծախսերը մենք ենք հոգացել, ոչ մի փոխհատուցում չի եղել․ հերմետիկ դագաղի գումարը և տեղափոխումը դեպի Գյումրի 140 հազար դրամ էր արժեցել։ Մենք այդ հարցն էլ կարգավորեցինք, պայմանավորվեցինք, որ այսօր պիտի հուղարկավորությունը լիներ։ Եղբայրս երեկ գնաց, որ այդ հարցերը կարգավորեինք։ Եղբայրս ասաց՝ դիակը չփակեք, որ հետը պիտի իր սիրած շորերը դնենք։

Գնաց ու դիակը չկա, դիակը կորել է, ոնց թե կորել է, զանգում ենք պարետատուն, ասում ենք կորոնավիրուսով հիվանդի դիակը կորել է, ասում են՝ ոնց թե կորել է։ Ինքը ամսի 29-ին երեկոյան ժամը մոտ 18․30-ին մահացել է, իրեն հիվանդանոցից ուղարկել են հերձարան Աբովյան քաղաքի․ կորոնավիրուսով մահացածներին ուղարկում են այնտեղ, դիակը չեն հերձում։ «Գրիգոր Լուսավորիչ»-ում մշակում են, ուղարկում են Աբովյանի դիահերձարան, էդ կազմակերպությունն էր գնում, հերմետիկ դագաղի մեջ են դնում, տալիս են տերերին, իրենց տրանսպորտով տեղափոխում են։

Երեկ հա քաշքշոցի, հիվանդանոցի բժիշկներն ասում են՝ էս մեր գործը չէ, մենք պատասխանատվություն չենք կրում, զանգում ենք ադմինիստրացիա, այնտեղ հեռախոս չեն վերցնում, տնօրենը չի վերցնում, վերջը ասացինք, որ մենք կբարձրաձայնենք լրատվամիջոցներով, չգիտես արդեն ինչպես դարձան իրավասու ու փոխանցեցին փոխտնօրենի հեռախոսահամարը։

Փոխանցեցին համարը, բայց երեկ երեկոյան եղբայրս տեսավ, որ շատ պիտի քաշքշեն, դիմեց ոստիկանություն, այսօր պարզվեց, որ տատիին ուրիշի ազգանվան տակ դուրս են գրել հիվանդանոցից, սանիտարը բժշկի ձեռագիրը չի հասկացել, չի կարողացել կարդալ, Կարապետյան Սոնիկի փոխարեն իբր գրել են Գրիգորյան Սոնիկ ու ուղարկել են։

Մինչև եղբայրս գնացել է Աբովյան, Գրիգորյան Սոնիկ անուն-ազգանունով դին եկել տարել են։ Պարադոքսը գիտեք որն է, որ ոչ մի փաստաթուղթ չկա, ոչ մի էպիկրիզ չկա, թե ում են տվել, ով է եղել այդ մահացողը, մեռնողի ինքնությունը չկա այնտեղ, ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, հիվանդանոցում էլ Գրիգորյան Սոնիկ չկա ու առհասարակ Գրիգորյան Սոնիկ անուն-ազգանունով մարդ չի մահացել։

Հիմա չգիտենք՝ ով է տարել դին, ոստիկանությունը զբաղվում է այդ հարցերով, թաղման բյուրոներով, զագսերով փորձում են ճշտել, պիտի արտաշիրումումներ կազմակերպենք, որ մեր տատիի դին բերենք։ Մարդու լեզուն կապ է ընկնում, երկու օր է խելագարված ենք․․․ Տեղերս չենք գտնում, մարդիկ գալու են հուղարկավորությանը, մենք պիտի ասենք՝ գիտեք ինչ, տատին կորել է, մի եկեք թաղմանը, բա սա լինելու բա՞ն է։

Իմիջիայլոց, եղբայրս գնացել, իր առողջությունը վտանգելով, մտել է կորոնավիրուսով 18 դիակ ինքն անձամբ բացել, փակել է, որ տատիին գտնի, նույնիսկ շոր չեն տրամադրել։ Դուրս են եկել, ասել են ՝գիտեք ինչ կա, կգնաք, ձեր շորերը կախտահանեք, էդ պահին իմ եղբայրն ու իր ընկերը գնացել են խանութ, իրենց շորերը գցել են, որ հանկարծ համավարակով չվարակվեն, վեց լիտր սպիրտով լվացվել են երկու ընկերներով։

Ո՞վ պիտի պատասխան տա, իմ եղբայրը երկու փոքր երեխա ունի, Աստված չանի, եթե համավարակով վարակվի։ Եվ ո՞վ պիտի պատասխան տա մեր այս հոգեկան վիճակի համար, ո՞վ․․․

Իմիջիայլոց, տատիի մոտ գումար կար, բայց իրերի մեջ այդ գումարը չէր եղել։ Եղբայրս հարցրել է՝ գումարը ո՞ւր է, մի բան էլ եղբորս են վիրավորել։

Սա պարադոքս է, մարդկանց ուղեղների մեջ չի տեղավորվում, դիակը չկա․․․ Սարսափելի բան է, մեզ պետք է գտնել այն մարդուն, ով տատիին տարել, հուղարկավորել է, չգիտեմ ինչ պետք է անենք, շշմելու պատմություն է»։

Նաիրա Զոհրաբյանի գրածին արձագանքել է նաև Առողջապահության նախարարության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը գրելով․ «Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Ոչ թե դիակ է բացել, այլ դագաղ․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031