Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարար. «Ամենակարեւորն այն է, որ քննական կենտրոնների մոտ թույլ չտանք կուտակումներ»

Հուլիս 01,2020 20:20

Պարետատան նիստից հետո ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմեց վաղը մեկնարկող միասնական ընդունելության քննությունների մասնակիցներին եւ նրանց ծնողներին ու հարազատներին: Նա ասաց. «Վաղն սկսվում են միասնական ընդունելության քննությունները, իսկ այսօր արդեն ներբուհական քննություններ են իրականացվել:

Ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսը նոր էր սկսում տարածվել, մենք լրջորեն քննարկում էինք քննությունների անցկացման հնարավորությունը: Մեր գործընկերների մի մասն ասում էր, որ դա հնարավոր չի լինելու, որովհետեւ իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում, բայց մենք ընդունելության մեկ քննություն անցկացնելու որոշում կայացրեցինք՝ յուրաքանչյուր դիմորդի համար ապահովելով անվտանգության բոլոր կանոնները: Ըստ դրա, ՀՀ  47 հիմնական կենտրոններում, որոնցից 17-ը Երեւանում է, 30-ը՝ մարզերում, հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին տեղի կունենան միասնական քննություններ: Ամենահագեցած օրը լինելու է ամսի 6-ը, երբ ամենաշատ դիմորդներն են մասնակցելու:

Այս ճեպազրույցին մասնակցելու իմ հիմնական նպատակն այն է, որ մենք դիմենք ծնողներին եւ դիմորդների բոլոր ուղեկցողներին՝ հնարավորինս զերծ մնալ քննական կենտրոնի մոտ ավանդական հավաքներից: Ես վստահ եմ, որ ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ: Եվ եթե դա հնարավոր չէ, այսինքն, նրանք պետք է այլ համայնքներից այստեղ գան, նրան ուղեկցի մեկ հոգի եւ հետո լքի այդ տարածքը:

Մենք շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության եւ մարզային իշխանությունների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այս ընթացքում քննական կենտրոնները քննություններին պատշաճ կերպով նախապատրաստելու համար: ԱԻՆ-ը նույնպես մեզ հետ ներգրավված է գործընթացում: Քննություններից առաջ տարածքներն ամբողջությամբ ախտահանվում են: Մենք ապահովել ենք սոցիալական հեռավորության պարտադիր պահանջը: Ձեր երեխաները ջերմաչափվելու են մուտք գործելիս քննական կենտրոններ: Այսինքն, անվտանգության բոլոր կանոնները պահպանված են: Ներկա են լինելու ԱՆ ներկայացուցիչներ, բուժանձնակազմի ներկայացուցիչներ:

Բայց ամենակարեւորը այստեղ այն է, որ քննական կենտրոնի մոտ թույլ չտանք կուտակումներ, որպեսզի զարկ չտանք կորոնավիրուսի նոր ալիքի զարգացմանը»:

Վարչապետը լրացրեց՝ հույս ունի նաեւ, որ քննական կենտրոններում լինելու են հակահամաճարակային գծանշումներ, ինչին Արայիկ Հարությունյանը պատասխանեց դրական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031