Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պետք է լինի մեր ամենօրյա պարտականությունը. Նիկոլ Փաշինյան

Հուլիս 01,2020 19:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ անցկացրել է հերթական ճեպազրույցը:

Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան վիճակագրությունը՝ ինքը չվարակվելով և ուրիշին չվարակելով։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է պահպանվել հակահամաճարակային կանոնները։ «Ցավոք, դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսային համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը, իսկ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի ուրիշներին»,– ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  այս խնդիրը դեռ չի հաջողվում լուծել, այդ պատճառով ամենօրյա ռեժիմով շարունակվում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր արձանագրվել։ «Երեկ, օրինակ՝ ունեցանք 515 նոր դեպք։ Սա նշանակում է, որ այս վիճակագրության բերումով ինքնին մենք առաջիկայում կունենանք 10 մահ։ Իհարկե, քաղաքացիների մեծ մասը, բարեբախտաբար, առողջանում է, բավականին մեծ մասը հիվանդությունը տանում է առանց որևէ ախտանշանի, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքն այս թվի մեջ դրական վիճակագրությունը լրացնելով, ինչ-որ մեկին դատապարտում է մահվան»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը տեղեկացրել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հունիսի 30-ին տուգանվել է 2697 քաղաքացի, որից 2166-ը՝ դիմակներ չկրելու համար։  «Մենք նկատում ենք, որ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել և 431 խախտման դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր պետք է հարց տա իրեն, թե ի՞նչ է արել կորոնավիրուսը կանխելու համար։

«Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պետք է լինի մեր ամենօրյա պարտականությունը։ Այդ կանոններն են՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին։ Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900  պացիենտ, որոնցից 2106 գտնվում է հիվանդանոցային պայմաններում: Նրանցից 536-ի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր է, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031