Պարետատան հերթական նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում դրա տարածման ծավալներին, կոչ արեց բուհերում մեկնարկող ընդունելության քննություններին մասնակցող դիմորդների հարազատներին՝ չկուտակվել քննական կենտրոնների շուրջ:
«Ցավոք, մեզ դեռ չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը: Հիմնական խնդիրն է՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահետ: Ինչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր կյանքը, առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով եւ չվարակի ուրիշներին: Այս խնդիրը մեզ չի հաջողվում լուծել, եւ մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք հարյուրավոր նոր դեպքեր ունենալ: Երեկ, օրինակ, ունեցել ենք 515 նոր դեպք: Սա նշանակում է, որ մենք առաջիկայում՝ այսօրվա եւ երեկվա վիճակագրության բերումով, անխուսափելիորեն ունենալու ենք 10 մահ:
Իհարկե, կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեծ մասը, բարեբախտաբար, առողջանում է, բավականին մեծ մասը հիվանդությունը տանում է առանց որեւէ ախտանշանի, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը այս թվի մեջ դրական վիճակագրությունը լրացնելով՝ ինչ-որ մեկին դատապարտում է մահվան: Եվ էլի եմ ասում՝ երեկվա 525 դեպքը նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք 10 մահ՝ այսօրվա վիճակագրության բերումով: Եվ մենք, մեզնից յուրաքանչյուրը այդ մահը, մահվան վիճակագրությունը կարող է նվազեցնել՝ ինքը չվարակվելով եւ ուրիշներին չվարակելով: Ինչքան էլ դա դժվար է, սրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները:
Այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսով ակտիվ 10900 հիվանդ, որոնցից 2106-ը գտնվում է հիվանդանոցային պայմաններում, նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ի վիճակը առանձնապես ծանր է, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ, եւ երեկ մենք ունեցել ենք մահվան 10 նոր դեպք: Մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի:
Կարդացեք նաև
Ես նախկինում ձեզ տեղեկացրել էի, որ 2020 թվականի առաջին հինգ ամիսների մեր ընդհանուր մահերի վիճակագրությունը ընդհանուր առմամբ բարվոք է: Այսինքն, առաջին հինգ ամիսներին մենք ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարի: Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ վիճակագրությունը արդեն իսկ փոխվել է եւ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30%-ով ավելի շատ մահացություն: Իհարկե, մահացությունների այս վիճակագրության փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կապված կորոնավիրուսի հետ, բայց իհարկե, կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն նպաստում է այդ գործոնին:
Որն է մեր ռազմավարությունը այս խնդրի լուծման գործում: Մենք շարունակում ենք հիմնական շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությանը, որովհետեւ նախկինում ցույց եմ տվել՝ դա է այն ճանապարհը, որով մենք կորոնավիրուսի համաճարակը կհաղթահարենք նվազագույն տնտեսական կորուստներով: Իհարկե, բացի կոչերից, բացի ակցիաներից, բացի կոմունիկացիոն միջոցներից, մենք նաեւ ձեռնարկում ենք վարչական միջոցներ: Երեկ 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար: Ընդորում, 2166-ը դիմակ չկրելու համար՝ խոսքը հետիոտների մասին է: Մենք նկատում ենք, որ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել եւ 431 վարչական դեպք արձանագրվել է հասարակական տրանսպորտում:
Ես ուզում եմ արձանագրել, որ այսօրվա մեր վիճակը ակնհայտ է դարձնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը մեզնից յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջնահերթություն, եւ ամեն օր մեզնից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն, թե ինքը այսօր ինչ է արել կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար: Առնվազն, երեք հակահամաճարակային կանոնները պահպանելը պիտի լինի մեր ամենօրյա պարտականությունը եւ հանձնառությունը՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը:
Սիրելի հայրենակիցներ, վաղվանից սկսվում է ընդունելության միասնական քննությունները եւ մինչ ձայնը ԿԳՄՍ նախարարին փոխանցելը ուզում եմ խնդրել, որ այս տարի առավել եւս ծնողների ավանդական կուտակումները քննության հանձնման վայրերում պետք է բացառել համաճարակային իրավիճակի բերումով, որպեսզի մենք իրավիճակն ավելի չվատացնենք: Եվ խնդրում եմ մեր ծնողներին՝ չհավաքվել, կուտակումներ չառաջացնել քննական կենտրոնների շուրջ, մանավանդ, որ մեր դիմորդները արդեն հասուն մարդիկ են եւ վաղուց կարող են ինքնուրույն գնալ քննությունների հանձնման կենտրոններ, ինքնուրույն քննությունները հանձնել, ինքնուրույն վերադառնալ տուն: Խնդրում եմ՝ կուտակումներ չստեղծել քննական կենտրոնների շուրջ», -հորդորեց վարչապետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ