Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկների անվտանգության ապահովումն ամենակարևոր խնդիրն է

Հուլիս 01,2020 19:15

Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով:

Զորակոչային բոլոր աշխատանքները հավաքակայանում իրականացվում են բացազատված բացօթյա տարածքներում: Զորակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, ախտահանիչ լուծույթներով ախտահանում ձեռքերը, հավաքակայանի բացօթյա ամբողջ տարածքում առկա են հատուկ գծանշումներ՝ զորակոչիկների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու համար:

Հանրապետական հավաքակայանում զորակոչիկներին դիմավորելուց հետո նրանց, փոքրաթիվ խմբերով, ուղեկցում են ջերմաչափման և արյան նմուշառման սենյակներ, որտեղ, սոցիալական հեռավորություն պահպանելով, տղաները ջերմաչափվում են, այնուհետև կատարվում է արյան նմուշառում՝ COVID 19 համավարակի հակամարմինների առկայությունն արյան մեջ ստուգելու նպատակով:

Հավաքակայանում գործում է հատուկ կահավորված լաբորատորիա՝ կարճ ժամկետում զորակոչիկների արյան հետազոտության պատասխաններն ստանալու և կասկածելի արդյունքների դեպքում զորակոչիկներին հատուկ կահավորված սենյակներում արագ մեկուսացնելու և կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցկացնելու նպատակով:

Այնուհետև զորակոչիկներն անցնում են ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, ևս մեկ անգամ ստուգվում ու քննարկվում են նրանց անձնական գործերում բուժհետազոտությունների վերաբերյալ եզրակացությունները և խնդրահարույց հարցերը:

-Բանակ պետք է զորակոչվեն միայն բացառապես առողջ և կասկածելի ախտանշաններ չունեցող զորակոչիկները,-վստահեցրել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Նա նաև նշել է, որ սահմանված ընթացակարգով հանրապետական հավաքակայանում բուժհետազոտության փուլերն անցնելուց հետո զորակոչիկները, նախքան վիճակահանությամբ ընտրված զորամասեր մեկնելը, անվտանգության նկատառումներով պայմանավորված, ևս 14 օր գտնվելու են  կարանտինային գոտում, որից հետո հանձնելու են կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ և միայն երկու թեստերի արդյունքները համադրելուց հետո նորակոչիկները համալրելու են զինված ուժերի շարքերը:

Բժշկական փորձաքննությանը հաջորդում է զորակոչիկներին անձնական համարներով անվանապիտակների տրամադրումը: Ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի անդամների հետ զրույցից հետո զորակոչիկների պայմանական համարներին ավելանում են դասակարգման տարբերանշանները: Դրանց հիման վրա էլ զորակոչիկները մասնակցում են վիճակահանությանը՝ համապատասխան թմբուկից ընտրելով զորամասի համարը:

Հաշվի առնելով երկրում շարունակվող համաճարակային իրավիճակը, ի տարբերություն նախորդ զորակոչերի, այս անգամ զորակոչիկների ծնողները վիճակահանության ընթացքին հետևելու են տարածքային ստորաբաժանումներից՝ օնլայն տարբերակով:

2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դիտարկել է հավաքակայանում զորակոչի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման կարգը, որն այս զորակոչի ընթացքում կրկին իրականացվում է հավաքակայանի ճաշարանում՝ խիստ ուշադրության կենտրոնում պահելով հակահամաճարակային կանոնները:

Նախարար Տոնոյանը հետաքրքրվել է զորակոչիկների տրամադրությամբ և շնորհակալություն հայտնել ստեղծված համաճարակային իրավիճակում իրականացվող միջոցառումներին ըմբռնումով մոտենալու համար:

Պաշտպանության նախարարն օնլայն հարթակի միջոցով վիճակահանության սրահից դիմել է նաև տարածքային ստորաբաժանումներում գտնվող և վիճակահանության արդյունքներին սպասող զորակոչիկների հարազատներին՝ շնորհակալություն հայտնելով, որ գիտակցում են ստեղծված իրավիճակում հանրապետական հավաքակայանում մարդկային կուտակումներից զերծ մնալու և հավաքակայանի փոխարեն վիճակահանության ընթացքին օնլայն տարբերակով և փոքրաթիվ խմբերով տարածքային ստորաբաժանումներից հետևելու անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ զորակոչիկների անվտանգության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031