Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի) հուլիսի 1-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ մեկ վարույթի ներքո միավորվեցին «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ երեք քրեական գործերը:
Այդ գործը ևս կքննվի Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այս առիթով մանրամասնեց. «Երեք քրեական գործերը միավորվեցին մեկ քրեական գործի մեջ: Արմեն Թավադյանի դեմ երկու քրեական գործերը վերաբերում են Մասիվի միջադեպին, մեկ քրեական գործ էլ կապված է մարտի 1-ի տուժողի հետ: Այդ երեք գործերը միավորվել են մեկ վարույթով»:
Հիշեցնենք՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
Կարդացեք նաև
Մեկ այլ քրեական գործով «կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում` Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռ. Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով»:
Պաշտպանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ այդ գործի թարգմանությունն էլ չէին տրամադրել իրենց համապատասխան դատավարական նիստով: Հովհաննես Խուդոյանն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել Արմեն Թավադյանի գույքի վրա կալանքը վերացնելու հարցով:
Այս հարցով դատախազությունն առարկություններ կներկայացնի հաջորդ դատական նիստին: Այն կկայանա օգոստոսի 7-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ