«Վերջին երկու տարիներին զինված ուժերում ամենամեծ փոփոխություններից մեկը կապված է սննդի կազմակերպման նոր ընթացակարգերի հետ: Այստեղ հեղափոխական որոշումներ են կայացվել, նոր լուծումներ են տրվել: Կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ մենք ամբողջությամբ բոլոր խնդիրները լուծած կլինենք ու զինված ուժերի բոլոր զորամասերը անցած կլինեն նոր սննդակարգին, որը ենթադրում է զինվորին անորակ սննդի մատակարարման բացառում: Որոշակի խնդիրներ ունենք առաջնագծի հետ կապված, բայց այդ լուծումները նույնպես գտնվել են եւ առաջնագծի մեր զինվորները մի քիչ այլ ֆորմատով, բայց կստանան նույն սնունդը, ինչ զորամասային վիճակում գտնվող զինվորները»,-ասաց պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ պատասխանելով զինված ուժերում վերջին երկու տարիներին իրականացված բարեփոխումների մասին հարցին:
Նա նաեւ թվարկեց ԶՈՒ-ում տեղի ունեցած մյուս բարեփոխումները, որոնք վերաբերում են թե օդուժին, թե ցամաքին, թե հեռահար ճշգրիտ խոցումներին ու հակաօդային պաշտպանությանը, որոնց մասին հասկանալի պատճառներով չի խոսվում:
Ասուլիսը վարողի հարցին՝ թե չնայած թվարկված բոլոր ձեռքբերումներին, ընդդիմադիրները, որոնք չեն տիրապետում իրականությանը, պնդում են, թե իշխանությունը չի կարողանում ճիշտ ղեկավարել երկիրը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Սա նոր երեւույթ է: Ոչ միայն խոսում են մարդիկ, որոնք, մեղմ ասած, պատկերացում չունեն զենքից ու սպառազինությունից, այլեւ սկսում են խորհուրդներ տալ բանակի ղեկավարությանը, զենքի տեխնիկատակտիկական բնութագրերը տալ, հետո փորձել մեղադրել, որ այս զենքը պետք էր առնել, այն մեկը՝ չառնել: Ամենաաբսուրդայինը այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ եղել են իշխանության, իրենք պատասխան են տվել մեր ԶՈՒ զարգացման համար, եւ իրենց բացերը թողած մի կողմ, փորձում են քննադատել մեզ»:
Անդրադարձ եղավ նաեւ ապրիլյան պատերազմին: «Ապրիլյանը սկսվելու «նախապայմաններից» մեկն այն էր, որ մենք պատրաստվում էինք նախորդ պատերազմներին: Սա տենդենց է, որ կա աշխարհի բազմաթիվ բանակներում, եւ պատմության ընթացքում այդպես եղել է: Մենք հիմա էլ չպիտի պատրաստվենք ապրիլյանին, մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին: Լիբիական, սիրիական թատերաբեմը մեզ պատկերացում է տալիս, թե ինչպիսին պետք է լինի, Աստված մի արասցե, հաջորդ պատերազմը»,-ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ