«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 1-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հարցաքննվեց նաև «Սասնա ծռեր»-ի անդամ, «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:
Նա նշեց, որ ՊՊԾ գնդի գործողությունների ժամանակ ոստիկանների ուղղությամբ ևս կրակում էին: Նա մի դրվագ ներկայացրեց. «Երբ սկսեց զրահատեխնիկայի տեղաշարժը, երբ սկսեց գրոհը, կրակոցներ հնչեցին, հստակ եմ տեսել դուրս եկող կրակը: Երբ այդ կրակոցները եղան, ոստիկանները գտնվում էին ճանապարհի երթևեկելի մասի վրա: Միանշանակ՝ ոստիկանների ուղղությամբ էլ էին կրակում»:
Սա ներկայացնելուց հետո Գագիկ Եղիազարյանն ասաց, որ նաև այս առիթով զրուցել է այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ. «Բազմաթիվ անգամներ ասել եմ Վալերի Օսիպյանին, որ սա փաստ է՝ նրանք ձեզ չեն խնայի, նրանք ձեզ կսպանեն, կգնդակահարեն ձեզ, որ դա էլ բարդեն մեզ վրա: Եվ մենք, իրականում, ձեր անվտանգությունն ենք պահում, այլ ոչ թե՝ ձեզ պատանդ ենք պահում»:
Սպանված ոստիկան Արթուր Վանոյանի մահվան, նրա՝ իրենց կողմը կրակելու հանգամանքների հետ կապված ևս հարցեր հնչեցին: Հարցին՝ նրա կրակոցի՞ց էր վիրավորվել «Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը պատասխանեց. «Կրակում էին. հնարավոր չէր գլուխ հանել: Վանոյանն ուղիղ միջանցքում չի եղել, այլ՝ մյուս միջանցքում: Կրակոցները մեր ուղղությամբ էին. իմ պատկերացմամբ՝ Վանոյանը թևը հանել ու կրակում էր մեր ուղղությամբ: Չեմ էլ կարող պնդել, որ հենց Վանոյանի կրակոցից է Սմբատը վիրավորվել: Իմ տպավորությամբ՝ միջանցքում էլի մարդիկ կային»:
Կարդացեք նաև
Գագիկ Եղիազարյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ Սմբատ Բարսեղյանը վիրավորվել է «մակարովի» կրակոցից, հետո նոր ավտոմատ կրակահերթ է հնչել»:
Նա վստահեցրեց, որ իրենք այն գաղափարախոսությամբ են առաջնորդվել, որ ոչ ոք չպետք է տուժի ու հայտարարեց. «Չի եղել որևէ մեկը, որ ասի՝ թքած այդ մեկ կամ տասը, հարյուր ոստիկանների վրա: Բոլորս եղել ենք այն կարծիքին, որ գործում ենք այնպես, որ որևէ մեկին չվնասենք: Մեր կռիվը ոստիկանության դեմ չի եղել, մեր պայքարը գործող քրեաօլիգարխիկ համակարգի դեմ է: Եվ մենք պետք է ոստիկանների հետ առճակատումից հնարավորինս խուսափենք: Ամեն ինչ պիտի անենք, որ նրանք մեր կողքին կանգնեն: Ասել ենք, որ ձեր՝ ոստիկանի պարտականությունն ու պատիվը պահանջում է, որ կանգնեք ազգի, ժողովրդի կողքին և, իրականում, կատարեք ձեր գործառույթը: Նույնիսկ, մենք նման ակնկալիք ենք ունեցել, որ ճիշտ կլինի ոստիկանները միանան մեզ: Այդ ամենով պայմանավորված՝ մենք չէինք կարող որևէ ոստիկանի դեմ որևէ բան ունենալ: Ավելին ասեմ, Վարդան Եղիազարյանը զրույցների ընթացքում խորհրդի կարգով ասաց, եթե 30-40 հազար մարդ դուրս գա փողոց, ամեն ինչ վերջացած է՝ մենք կհաղթենք. իրենք ուղղակի երթով այս հանցագործ իշխանավորներին կուղարկեն իրենց տեղը»:
Դատական նիստը հետաձգվեց: Գագիկ Եղիազարյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ