ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով 2020 թ. ամառային զորակոչը մեկնարկելու մասին, ասաց, որ այն մեկնարկեց համավարակի պայմաններում, եւ ՊՆ-ն նախապատրաստվել է, որպեսզի անվտանգության բոլոր կանոնները պահպանվեն: «Բազմաթիվ միջոցառումներ են արվել եւ արվելու են, որպեսզի մեր զորակոչիկներին մաքսիմալ հեռու պահենք կորոնավիրուսից: Վստահ եմ, որ զորակոչը կանցնի նորմալ, ըստ պլանավորածի, եւ ՊՆ ձեռնարկած միջոցառումները արդյունք կտան»,-ասաց նա:
Հարցին՝ թե կա՞ տարբերություն երկու տարի առաջվա եւ այսօրվա միջեւ, բանախոսը պատասխանեց. «Իհարկե, բազմաթիվ տարբերություններ կան: Զինված ուժերի զարգացման դինամիկան, երևի, ամենամեծն է, եւ այստեղ տարբերություններն ակնհայտ են, ակնհայտ են նաեւ այն առումով, որ զորակոչը մեկնարկեց համավարակի պայմաններում, ինչը ենթադրում է շատ ավելի մեծ կազմակերպչական միջոցառումներ եւ շատ-շատ ավելի ջանք: Ես վստահ եմ, որ ամեն տարի արվում է մաքսիմալը, որպեսզի չլինեն բողոքներ, չլինեն սուբյեկտիվ մոտեցումներ: Այդ առումով նաեւ՝ լուրջ աշխատանք են տանում բժշկական հանձնաժողովները: Ամեն դեպքում դինամիկա կա եւ ՊՆ-ն փորձում է ավելի ժամանակակից եւ ավելի օբյեկտիվորեն կազմակերպել զորակոչը, որպեսզի զորակոչի ընթացքում չունենանք խնդիրներ, նաեւ զինվորների առողջության հետ կապված, որպեսզի չունենանք այն դեպքերը, երբ բազմաթիվ բողոքներ ունեցել ենք, որ հիվանդներ են զորակոչվել եւ այլն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ